Վայրիվերումներ ապահովագրության շուկայում
2011թ. հունվարի 1-ից Հայաստանում ապահովագրական բիզնեսի բում է սպասվում: Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունն օրենքի ուժ է ստանալու, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում կապահովագրվեն 410 հազար մեքենաներ: Յուրաքանչյուր վարորդ, անկախ ցանկությունից եւ կարողությունից, պարտավոր է լինելու ամեն ամիս միջինը 3 հազար դրամ մուծել ապահովագրությանը:
Օրենքն ընդունելիս չի հաշվարկվել, թե գոնե մոտավորապես ինչ գումար է պահանջվելու հարկատուներից այս ամբողջ մետաղակույտն ապահովագրելու համար, կամ էլ հաշվարկվել է, բայց հարկատուներից գաղտնի է պահվում: Ֆինանսների նախարարությունում եւս չգիտեն, թե քանի մեքենայից է կազմված ՀՀ պետական ավտոպարկը եւ հույս ունեն, որ հարկատուները կհավատան երկրի գլխավոր ֆինանսիստի անտեղյակությանը:
Ակնկալվում է, որ պետական պատվերներն առաջին հերթին «մեջ-մեջ» են անելու «Ինգո-Արմենիա», «Ռեսո», «Գարանտ-լիմենս» ՓԲԸ-ները, որոնք գործում են ազդեցիկ պետական գործիչների եւ օլիգարխների տանիքի տակ:
«Ինգո-Արմենիայի» բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է ռուսական հզոր «Ինգոսստախ» ընկերությանը, որի հիմնադիրներից է Ռուսաստանի ալյումինի մագնատ, «Ռուսալի» եւ «Արմենալի» սեփականատեր Օլեգ Դերիբասկան: 2009թ. սեպտեմբերի դրությամբ բաժնետոմսերի մյուս 25 տոկոսը պատկանում էր գործարար Լեւոն Ալթունյանին:
Այժմ ապահովագրական այս գիգանտը ներառելու է նաեւ այլ ընկերություններ, այդ թվում` քոչարյանական շրջանի առաջատար «Գրիար» ՓԲԸ-ին: Սա եւս ռուսական արմատներ եւ հայկական տանիք ունի: Տանիքի անունով էլ կոչվում է` Գրիշա Հարությունյան: բաժնետոմսերի 86 տոկոսը մոսկովյան «Չես Տոռ» ընկերությանն է, իսկ մնացածը կիսում էին Արա Դոլունցը, Մհեր Փարվանյանը եւ Արթուր Իորդանյանը: վերջինս ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի փեսան է:
Իորդանյանը հայտնի է ԴԱՀԿ-ում կրքոտ աշխատանքով` տներից դուրս էր շպրտում Բուզանդի փողոցի բնակիչներին, եւ դրանց տեղում «Գրիարն» էլիտար շինարարություն էր իրականացնում:
Մեծ է հավանականությունը, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լեւոնին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը եւս կներառվի «Ինգո Արմենիայում» եւ բաժին կունենա ավտոմեքենաների ապահովագրության պետպատվերից, այսինքն` մեր եւ ձեր փողերից:
Երրորդը` «Գարատ-Լիմենսը», կապվում է նախագահ Սերժ Սարգսյանի դստեր անվան հետ: Ղեկավարն է Լեւոն Մինասյանը: Այս ընկերության շանսերը եւս վատը չեն ավտոմեքենաների ապահովագրության պետական պատվեր ունենալու հարցում: Կասկած չկա, որ հայկական «սապոնը» կկատարի իր դերը, եւ բազմաթիվ պետական գերատեսչությունների ղեկավարներ նախագահին հաճոյանալու համար հենց «Գարանտ-Լիմենսում» կապահովագրեն իրենց «պադավատները»:
Բայց ասում են նաեւ, որ առաջնությունը հայկական ապահովագրության շուկայում պատկանելու է «Ռեսո» ՓԲԸ-ին: Վերջինիս հիմնական բաժնետերերը ծագումով հայ օլիգարխներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներն են` ռուսական ապահովագրական հսկա «Ռեսո-գարանտիայի» սեփականատերերը: Սարկիսովները նաեւ ռուսական «Գոսստրախի» բաժնետերերն են: Այնպես որ, այդ կամպանիան հայկական ապահովագրական շուկայում միանգամից 2 դեմքով է հայտնվելու` «Ինգո Արմենիայի» եւ «Ռեսոյի»: Ուստի, սպասվում է, որ ապահովագրական շուկայում հաջորդ տարի թեժ է լինելու, բայց ոչ ազատ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել