
Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն` Բելգիայում այժմ բնակվում է մոտ 10-12 հազար հայ: Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ, «Լրագիր» հայատառ ամսաթերթի գլխավոր խմբագիր, ինչպես նաև Անտվերպենում «Նուարդ» մշակութային կենտրոնի նախագահ Գեւորգ Մինասյանն ասում է, որ հստակ վիճակագրություն չկա, թե քանի հայ է ապրում Բելգիայում: Շրջանառվում է նաև 20 հազար թիվը:
Բելգիայում առաջին հայ առևտրականները հայտնվել են 17-րդ դարում` բելգիական Բրյուգե քաղաքում: Նրանցից հետո հայերի մասին հիշատակություններ քիչ կան: Եվ միայն անցած դարասկզբի 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերի հոծ խումբ է հայտնվել Բելգիայում: Խորհրդային հանրագիտարանի տվյալներով` 1989 թվականին Բելգիայում հաշվվել է 800 հայ: Գևորգ Մինասյանը կարծում է, որ այս թվաքանակը սխալ է, և այդ ժամանակ Բելգիայում եղել է մոտ 200 հայ:
Բելգիա հայերի երկրորդ հոսքը եղել է 1940-60թթ.-ին, հատկապես հայեր են գաղթել Արևելյան երկրներից` Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից: Երրորդ հոսքը կազմել են 1990-ականներից հետո Հայաստանից մեկնած հայերը:
Առաջին հոսքի հայերը հիմնականում զբաղվում են բիզնեսով, ունեն քաղաքացիություն և հիմնավորվել են տեղում, նրանց սերունդները Բելգիայում ծնված նիդերլանդախոս կամ ֆրանսախոս հայերն են: Հայերը հիմնականում զբաղվում են բիզնեսով: Գևորգ Մինասյանն ասում է, որ 90-ականներին Բելգիա տեղափոխված հայերի մեջ մտավորականները քիչ են, և հայերի համախմբման աշխատանքների գործում առաջանում են մեծ դժվարություններ:
Հայերը հիմնականում ձեռք են բերել կեցության և աշխատանքի իրավունք, բայց նաև կան հայեր, որոնք չունեն ոչ մեկը, ոչ էլ մյուսը:
«Ինչ-որ կերպ աշխատում են, պահում են իրենց ընտանիքը, սակայն եթե նրանց հարցնես` կվերադառնաս Հայաստան, հիմնականում պատասխանում են` ոչ»,- ասում է Գ. Մինասյանը:
Բելգիահայ համայնքի ներկայացուցիչը նշում է, որ հայապահպանության համար իրենք աշխատում են ամեն ինչ անել. նախ` սերունդներին հայեցի դաստիարակել, ապա` այնպես անել, որ նրանք տիրապետեն հայերենին, և Երևանի «Զվարթնող» օդանավակայնում իջնելուց գոնե «Զվարթնոց» բառը կարողանան հայերեն կարդալ, չնայած բանախոսը նշում է, որ Բելգիայում ապրող հայերը չեն ուզում իրենց երեխաներին հայկական դպրոցներ տալ:
«Նուարդ» մշակութային միության ջանքերով Բելգիայում հիմնված 4 դպրոցներում սովորում է շուրջ 100 աշակերտ: Բելգիայում հայկական դեսպանատան տվյալներով` Բելգիայում կա 15 հայկական դպրոց, ևս երեք դպրոց կազմավորման ընթացքում են:
Մի քանի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ է նշում Գեւորգ Մինասյանը, ինչի համար հայ երեխաներին չեն տալիս հայկական դպրոցներ. հայերը հեռու են բնակվում այդ դպրոցներից, աշխատանքի են լինում, տրանսպորտային միջոցներ չունեն, ինչի պատճառով չեն կարողանում հասցնել երեխաներին դպրոց:
Կան հայեր, ովքեր մտածում են, թե իրենց երեխային հայերենը պետք չէ, ավելի լավ է խորանա նիդերլանդերենի մեջ: Հայկական յուրաքանչյուր դպրոցում սովորում է միջինը 20 աշակերտ:
«Երեխաները սովորում են այբբենարան, մայրենի լեզու, հայ գրականություն, պատմություն, կրոնի պատմություն, հետո ի՞նչ է լինելու»,- հարցնում է Գ. Միասյանը:
Նա նշում է, որ իրենք այս հարցը պետք է լրջորեն քննարկեն, թե ինչ է լինելու, երբ երեխաներն ավարտեն ծրագրով նախատեսված ուսուցումը, միգուցե հայագիտական կենտրոն ստեղծվի, որպեսզի ցանկացողները կարողանան շարունակել և պահպանել իրենց լեզուն:
Գևորգ Մինասյանը հայապահպանության խնդրից բացի առանձնացնում է նաև հայերեն դասագրքերի խնդիրը: Սփյուռքի նախարարության հետ կապեր ունեն, բայց առայժմ տեղեկատվական առումով, իրենց ինֆորմացիան փոխանցում են նախարարությանը: Իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ապրիլյան այցելության ժամանակ Անտվերպենում քննարկվել է դասագրքերի առաքման խնդիրը:
ԿԳՆ-ից ստացել են շուրջ 2000 այբբենարան, տետրեր և այլ նյութեր, 250 գիրք, տեսաժապավեններ է նվիրել նաև մշակույթի նախարարը: Իր հետ Գ. Մինասյանը Սփյուռքի նախարարության օգնությամբ որոշ գրականություն կտանի, իսկ մնացյալը խոստացել են հոկտեմբերից պարբերաբար ուղարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել