
Ակների համայնքապետին հաջողվել է կրճատել սոցիալական խնդիրներով դիմողների թիվը
Սյունիքի մարզի Ակներ գյուղ տանող ճանապարհին տաքսու վարորդ Մարատը, ով պատահաբար նույն գյուղից էր, թեպետ չգիտեր, որ լրագրող եմ, սկսեց «ինտերվյու» տալ:
«Վերջին երեք տարվա ընթացքում մեր գյուղը շատ ա փոխվել, հիմնական պատճառը համայնքի ղեկավարն է: Նախկինն էլ էր խղճով, որ օգնության ալյուր-մալյուր էին տալիս, լրիվ բաժանում էր, ինքը մի մեշոկ էլ չէր իրանց տուն տանում: Ներկայիս գյուղապետը ընտրվելու օրից գյուղում ահագին փոփոխություններ ա արել, ամենակարեւորը, ով էր տեսել, որ գյուղում գիշերային լուսավորություն լիներ, հիմա գիշերը կարաս փողոցում գիրք կարդաս: Դա նրանից ա, որ քասիբ գյուղապետից օգուտ չկա, ղեկավարի ջեբը պիտի լիքը լինի, որ կարա օգնի մարդկանց, իսկ թե մարդիկ լավ ապրեն, նախագի ականջն էլ դինջ կլինի, դուռը քիչ կթակեն»,- ոգեւորված պատմում է Մարատը:
Նրա ասածը, որ «գյուղապետին դիմողներ քիչ կլինեն», չի հաստատում Ակների համայնքապետը` ասելով, որ շաբաթվա յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի համայնքի ղեկավարի ընդունելության օրեր են, եւ սովորաբար, եթե հարգելի պատճառ չի լինում, այն չի հետաձգվում:
«Սոցիալական խնդիրների համար էլ են դիմում, անգամ ընտանեկան գժտությունների դեպքում, մեկի բուժման, մյուսի ուսման վարձի համար»,- ասում է Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը եւ շարունակում, որ երբ նոր էր համայնքի ղեկավար ընտրվել, ամբողջ օրը ստիպված էր պատասխանել մարդկանց հարցերին, ոչ ընդունելության ժամ կար, ոչ կարգ: Հիմնականում դիմում էին սոցիալական խնդիրներով: Եվ առաջին քայլը, նրա խոսքով, եղավ քաղաքացիների ընդունելության կարգի սահմանումը:
«Մարդիկ իսկապես, սոցիալական դժվարին պայմաններում էին ապրում, ուստի մտածեցի, որ պիտի սկսել նրանց համար բավարար բարեկեցություն ապահովելուց»,- պատմում է համայնքի ղեկավարը: Այսօր համայնքապետը գրեթե համոզված է, որ ինքը ճիշտ է վարվել: Նրա նախաձեռնությամբ, համագործակցելով «Գրանդ Տոբակո»-ի հետ, համայնքին պատկանող 1-2 հա հողի վրա վարձակալական հիմունքներով ծխախոտ է ցանվել, որտեղ գյուղի 20 ընտանիք ապահովվել է աշխատանքով: Համայնքապետի խոսքով` չնայած մինչեւ հիմա «Գրանդ Տոբակո»-ն աշխատողների աշխատավարձը չի վճարել, բայց խոստացել են, որ հումքը հանձնելուց հետո յուրաքանչյուր ընտանիք միջինը 600-700 հազար դրամ գումար կստանա: Բացի այդ, համայնքի ղեկավարը գարնանը կարտոֆիլի բարձրորակ տնկանյութ ձեռք բերեց, եւ 12 ընտանիք զբաղվեց կարտոֆիլի մշակությամբ:
«Տնկանյութի փողը կվճարենք, մնացածը կմնա մարդկանց եկամուտ»,- ասում է Ս. Մինասյանը: «Վճարովի հասարակական աշխատանք» ծրագրի շրջանակներում երեք անգամ մաքրվել են գյուղի առուները, որտեղ ընդգրկվել են զբաղվածություն չունեցող ակներցիներ: Համայնքապետը համոզված է, որ այս միջոցներով կարելի է մարդկանց սոցիալական խնդիրները լուծել եւ, ըստ նրա, դա է պատճառը, որ վերջին երկու տարվա տվյալներով համայնքի բյուջեի եկամուտները հավաքվում են 100%-ով, ինչն էլ համայնքային խնդիրները լուծելու հնարավորություն է տալիս: «Գյուղի համար երկու անուն գյուղտեխնիկա ենք ձեռք բերել` կոմբայն եւ տրակտոր, գումարի կեսը վճարվել է պետական բյուջեից, կեսը` համայնքի միջոցներից: Համայնքը սեփական միջոցներով շաբաթը մեկ անգամ նաեւ գյուղում աղբահանություն է կազմակերպում»:
Համայնքապետի խոսքով` այս նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր համայնքի ղեկավարին ավելի հաճախ դիմում են գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար, եւ կրճատվել է սոցիալական խնդիրներով դիմողների թիվը:
Համայնքի անդամներն իրենց հուզող խնդիրներով դիմում են նաեւ ավագանուն` առավել հաճախ հողամասերի սահմանների շտկման հետ կապված խնդիրներով: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ` քիչ չեն դեպքերը, երբ հերթական կամ արտահերթ ավագանու նիստերի օրակարգում ընդգրկվում են քաղաքացիներից ստացված դիմումները: «Մեր համայնքում ավագանին կարծես միջնորդ օղակ լինի համայնքի ղեկավարի ու բնակիչների միջեւ, վերջիններիս խոսափողը»,- ասում է Ակների համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Լեւոն Սահակյանը: Վերջինս նշեց, որ իրենց աշխատակազմը շատ է կարեւորում թափանցիկ, հրապարակային գործունեությունը եւ դրա համար բավարար պայմաններ են ապահովել:
Բացի այն, որ համայնքապետարանի շենքի մուտքի ու միջանցքների պատերը ողողված են տարբեր հայտարարություններով, տեղեկատվական նյութերով, նաեւ ցրիչ է աշխատում, ով անհրաժեշտության դեպքում մարդկանց իրազեկում է տարբեր միջոցառումների մասին: «2011 թ. համայնքի մեկ ժողով ենք գումարել, որտեղ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցը, շուտով երկրորդն էլ կհրավիրենք ու կամփոփենք կատարված աշխատանքները»,- տեղեկացնում է համայնքի ղեկավարը: Նրա խոսքով` ինքը վստահ է, որ յուրաքանչյուր ակներցի տեղյակ է, թե գյուղում իրականացվող որ ծրագիրն ինչ միջոցներով, ինչ ներդրումների շնորհիվ է կատարվում, որովհետեւ թե դոնորների պահանջով են անհրաժեշտ ցուցանակներ տեղադրում եւ թե իրենց նախաձեռնությամբ:
«Մեր նպատակը տեղական իշխանության կառավարմանը համայնքի անդամների հնարավորինս լայն մասնակցություն ապահովելն է, ինչը հնարավոր է միայն մարդկանց վստահության ձեռքբերման միջոցով»,- ասում է աշխատակազմի քարտուղարը, ով նաեւ մոտ տասը գրքերի հեղինակ է: «Գյուղ տեղ է, մարդիկ հաճախ հողային սահմանների վեճ են ունենում, այդ պատճառով գյուղի մանրամասն հատակագիծ եմ գծել, որտեղ երեւում է յուրաքանչյուր հողամասի սահմանը եւ այս միջոցով կարողանում եմ արագ եւ համոզիչ լուծել այսօրինակ խնդիրները»,- պատմում է Լ. Սահակյանը:
Նրա աշխատասենյակը նմանվում է տեղեկատվական կենտրոնի, եւ կեսլուրջ-կես կատակ ասում է, թե իր թղթապանակներն այնպես են դասավորված, որ բոլորը մշտապես տեսանելի լինեն, ձեռքի տակ` սկսած քաղաքացիներից ստացված դիմումներից մինչեւ ՀՀ օրենքների, իրավական նորմերի հրատարակություններ: Տեղեկատվության նույն «առատությունը» շարունակվում է միջանցքում, որտեղ կարելի է ծանոթանալ ավագանու նիստերի որոշումներին, ավագանու որոշմամբ հաստատված քաղաքացիների դիումների քննարկման կարգին, ստացված սերմացուի բաշխման սկզբունքներին, անգամ ջրօգտագործման համար Կառավարության տված արտոնագրին: Առանձին անկյուն է հատկացված համայնքի բնակիչների իրավունքներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել