Քրեական գործ` կանխամտածված սնանկության, հարկերը վճարելուց խուսափելու համար
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մոնդնիկո» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, ինչպես նաեւ անվճարունակության գործով կառավարչի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Մոնդնիկո» ՍՊԸ-ի տնօրենը կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ: Պետության հանդեպ 2007թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ արձանագրված 187 021 730 դրամ հարկային պարտավորությունը կատարելու փոխարեն` 2005-2007թթ. ընթացքում ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված 425 մլն դրամ գումարը կանխիկացրել է եւ օգտագործել անձնական կարիքների եւ այլ նպատակների համար` պարտատիրոջը` պետությանը, պատճառելով խոշոր վնաս:
Բացի դրանից` 2007թ. հունիս եւ սեպտեմբեր ամիսներին հիշյալ ընկերության տնօրենը հարկային պետական ծառայության` Էրեբունու հարկային տեսչությանը ներկայացրած ԱԱՀ -ի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ է մտցրել, իսկ նույն թվականի նոյեմբեր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 27 713 900 դրամի առանձնապես խոշոր չափերի հարկերը պետբյուջե վճարելուց:
Իսկ «Մոնդնիկո» ՍՊԸ-ի` սնանկության գործով ժամանակավոր կառավարիչը դատարանի` 2008թ. մայիսի 22-ի վճռով ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո պարտապանի ֆինանսական վերլուծությունում սնանկության պատճառների մասին, այդ թվում` կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության, պարտապանի կնքած վիճարկելի գործարքների վերաբերյալ տեղեկություններ չի նշել, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել թաքցրած հաշվապահական փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում` պետությանը պատճառվել է 187 021 730 դրամ վնաս:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել