Օգոստոսի 15-ը` Վերափոխումն Սուրբ Աստվածածնի
Այս տարի` օգոստոսի 15-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տիրամայրը Հայ եկեղեցու սրբերի մեջ ամենասիրվածն է: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:
Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ:
Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանին ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում:
Սուրբ Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց են եղել, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին որակում է «ննջում» և ոչ թե «մահ» բառով` հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:
Ս. Բարդուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորության ժամանակ, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն Ս. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ նշանակում էր, որ Հիսուս Իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարդուղիմեոսին` որպես մխիթարություն:
Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ Հայաստանի Առաջին Լուսավորիչը` Ս. Գրիգորն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում, ի պատիվ Աստվածամոր, եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:
Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Սուրբ Կույսին, Սուրբ Աստվածամորը, Սուրբ Աստվածածնին, Տիրամորը, Սուրբ Մարիամին ուղղված աղոթքներում ու երգերում մարդիկ աղաչում են օգնել իրենց զավակներին, զավակ պարգևել, նպաստել իրենց սիրային իղձերին, բուժել հիվանդներին և այլն:
Այս տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված: Այսինքն՝ տոնի օրը, Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: Օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը: Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան:
Քրիստոնեություն ընդունելուց հետո սովորույթ էր դարձել առաջին խաղողի ողկույզները քահանային օրհնել տալ, ինչը նախկինում տաճարներին կամ ուխտավայրերին նվիրաբերելու սովորույթի շարունակությունն էր: Օրինակ, քահանան մկրատով կտրում էր մի ողկույզ, բարձրացնում արևի դիմաց և մաղթում. «Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով: Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ դալար պետք է լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ»:
Բացի խաղողն օրհնելուց, շատ վայրերում մարդիկ օրերով պատրաստվում էին Ս. Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցիներում օգոստոսյան ուխտագնացության, մատաղ անում և խնջույքներ կազմակերպում, որտեղ իր պատվավոր տեղն ուներ խաղողը:
Օգոստոսի 15-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտս Պատարագի` կկատարվի Խաղողօրհնեքի կարգ: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկա մարդկանց:
Օգոստոսի 16-ը ննջեցյալների հիշատակության օրն է: Եկեղեցիներում կմատուցվի Հոգեհանգստյան Պատարագ: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել