HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տուգանքը վճարելը բավարար չէ, պետք է ներկայացնել անդորրագիրը

2010 թվականի փետրվարին քաղաքացի Արսեն Մուրադյանը ծանուցում է ստացել Վարչական դատարանից, որտեղ նշված է, որ դատարանն իրեն վերաբերող կարգադրություն է արձակել` վճարել 15 հազար դրամ կամ դատարան ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ:

Արսեն Մուրադյանից գումար բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու համար դատարան էր դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: «Ինձ տուգանել էին դատարանի արձակած կարգադրությունից ամիսներ առաջ, ես վճարել էի բանկում տուգանքը, բայց ստիպված եղա հակընդդեմ հայց ներկայացնել, որ ինձ չտուգանեին 15 հազար դրամով»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Արսեն Մուրադյանը: Սա առաջին դեպքը չէր, երբ Արսենը ծանուցագիր էր ստանում դատարանից, թեեւ ժամանակին վճարել էր տուգանքը: «Աքիլլես» ավտովարորդրների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նման խնդրով իրենց շատ վարորդներ են դիմում. «Ոստիկանությունն այնքան շատ է դիմում վճարման կարգադրություն ստանալու համար, որ վարչական դատարանը նույնիսկ ձեւաթուղթ է մշակել` հակընդդեմ հայց ձեւակերպելու համար»: Իսկ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժանմունքի պետ Արման Չիլինգարյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ իրենք դատարան դիմում են միայն այն դեպքում, երբ ոչ վարորդն է անդորրագիր ներկայացրած լինում, ոչ էլ փոխանցվում է վճարված տուգանքի մասին տեղեկատվությունը: «Օրենքով` վարորդը պետք է վճարման անդորրագիրը ներկայացնի մեզ, սակայն եթե ներկայացրած չի լինում, բայց մենք ստանում ենք տեղեկատվությունը, որ նա վճարել է, դատարան չենք դիմում: Համակարգն այնպիսին է, որ 99.9 տոկոսով տեղեկատվությունը ճշտությամբ ենք ստանում, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառներով կարող ենք պարզապես չստանալ այն»,- ասում է Արման Չիլինգարյանը: Նրա խոսքով` նման դեպքերը տարվա կտրվածքով չեն գերազանցում 500-ը, իսկ տուգանքների ընդհանուր թիվը մոտ 600 հազար է կազմում: Արման Չիլինգարյանը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 308 հոդվածի համաձայն` տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը համարվում է ավարտված, եթե տուգանքի լրիվ չափի վճարումը հավաստող փաստաթուղթը հանձնվել է վարույթն իրականացնող մարմնին` ճանապարհային ոստիկանությանը: Իրավաբանական բաժանմունքի պետը նշում է, որ դատարան դիմելուց հետո, երբ վարորդը ներկայացնում է վճարման անդորրագիրը, իրենք անմիջապես հրաժարվում են հայցից: «Քաղաքացին պարտավոր է իմանալ իր պարտականություններն ու իրավունքները եւ անդորրագիրը ներկայացնել մեզ, բայց մենք հանգամանքներից ելնելով` հիմնականում տեղեկացնում ենք այդ մասին»,- ասում է Արման Չիլինգարյանը: «Աքիլլես» կազմակերպությունը որոշել է վարորդների հակընդդեմ հայցերով պահանջել ոչ միայն ոստիկանության հայցի մերժումը, այլեւ վարորդի կրած դրամական ծախսերի փոխհատուցումը: Նման պահանջով առաջին հայցադիմումով դեռեւս որոշում չի կայացվել, գործն ընթացքի մեջ է: «Եթե մարդը վճարել է, լավ ստուգեք, լավ նայեք, իզուր տեղը դատարան մի դիմեք: Ոստիկանությունը ոչինչ չի կորցնում` դատարան դիմելով, նույնիսկ երբ ինքն է սխալ լինում, իսկ երբ դրամական տույժ կրի սխալվելու համար, ավելի քիչ կսխալվի»,- կարծում է Էդվարդ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter