Եւ օրն էր կորած, եւ ես…
Անուշ Քոչարյան
Ժամանակը հալվեց ծխախոտի պես... Գուշակեցի օրվա պայթյունը. ինձ բանտարկեցին:
Հիմա անազատ եմ ազատության մեջ, երբ հալվել է ժամանակը, ճաղերից այն կողմ ` շենքի գլխին, մեկը գլորեց արցունք` որպես ազդանշան վերադարձի... Ես անզոր էի, եւ ձյուն եկավ, ես ես չէի`անկյունում խռով (կամ չափից շատ ԵՍ էի ինձ ճանաչելու համար)... եվ ձյուն եկավ... իրական ազատության մեջ ինձ համոզեցին, որ դա ձյուն չէր` չհանգցրած ծխախոտս էր մոխիր թափում կտուրներին շենքերի... *** Ինձ ժամանակը ծերացրել է շուտ. շուռ տված տակառի նման բերանս փակ է, ես իմ ներսում եմ, ես ինձ բուժում եմ, ինձ էլ վարակում ու ինքս ինձնից թաքուն լացում եմ… *** Ու թե շշնջար երեկ, կասեի`ուրիշ է, մինչդեռ կախված էի առաստաղից կավե, վերեւից դու ինձ թվացիր փոքր, քնքշանքի կարոտ: Իսկ մի ագռավ ընկույզ էր ջարդում: *** Կամուրջը դղրդաց, ապակին կոտրվեց, ստվերս կիսատ մնաց: Իսկ մի ագռավ ընկույզ էր ջարդում: *** Եւ օրն էր կորած,եւ ես… Մեռած ասֆալտում շարժվող ամեն ինչ լռել էր ուզում, քաղաքն ասեղի անցքից կառավարելի մի խաղալիք էր… Եւ պետք էին արդյոք երգերը բոլոր, երբ շարժումներս`անիմաստ ու թույլ, աստվածային էին թվում միայն քեզ: Ճանապարհից շեղ էլի ճանապարհ, Հավերժից հոգնած այլմոլորակայինը ծեծում էր մեր պատուհանը, ու լուրեր կային տարերային, աղոթքներ ` նյութական, լճում տապալված մի կղզյակ, որ ես էի… Ու այդ ես-ը շենքներն էին, ամեն պատուհանից ընկնող մի ստվեր, իսկ անիվները անխնա էին… Ականջիդ օղակ,օղակից քաղաք, որ բզզում էր անվերջ ու խռով, հուսահատ մի շուն լիզում էր ոսկորները մշտնջենական, Իսկ մի ագռավ ընկույզ էր ջարդում: *** Քաղաքը կարմիր էր: Մայթերին մեռած թիթեռներ կային: Ինձ փնտրող չկար. շենքերի մեջ սյան նման էի... մեքենաներն անցնում էին ականջիս միջով, թվում էր` նրանք մռնչում էին անձրեւն էլ վաղուց արդեն չէր եկել, ու նեղացել էր օտար անգլիացին... Ապակին ջարդել էր պետք, պետք էր փրկել մեռնող արեւին, ես լսում էի հեւքը կրունկների, խղճում` նոր ծնվածներին: Թիթեռ հավաքող փոքրիկ ընկերս ջրաներկում էր անշունչ ապակին…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել