HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Բժշկական երկակի ստանդարտնե՞ր

Իջեւան քաղաքի 58-ամա բնակիչ Կարապետ Ալթունյանին  եւ նրա 18-ամյա որդուն` Արտակին, հանդիպեցի Շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնում: Այս տարվա ապրիլի 3-ին լրացել է Արտակի 18-ամյակը: Նրան բժշկական հանձնաժողովը ՀՀ զինված ուժերում ծառայության համար պիտանի չի ճանաչել. 6 տարի առաջ Արտակը հիվանդացել է աջ ականջի թարախային հիվանդությամբ: Հոր խոսքերով`երեխայի վիճակը մահամերձ էր, նա անգիտակից վիճակում է եղել: Արտակին Երեւանում` Ծերեթելու փողոցում գտնվող 3-րդ մանկական հիվանդանոցում, վիրահատել են: Այս տարվա ապրիլի 12-ին Արտակ Ալթունյանն Իջեւանի զինվորական կոմիսարի ուղեգրով  բժշկական հետազոտության է ենթարկվել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հետազոտության արդյունքում կազմվել է ախտորոշումը. «Աջ ականջի արմատական վիրահատությունից հետո լիարժեք էպիտելիզացիայով, ձախակողմյան ադիեզի օտիտ, երկկողմանի խառը տիպի ծանր լսողություն`երրորդ աստիճանի»: Սակայն Իջեւանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը Արտակին հաշմանդամ չի ճանաչել: «Տղաս գրեթե չի լսում, իսկ Իջեւանի հանջնաժողովի նախագահ Վահե Միթարյանն ասում է` նրան հաշմանդամության կարգ չի հասնում»,- ասում է Կարապետ Ալթունյանը: Արտակ Ալթունյանը բողոքարկել է Իջեւանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի այդ  որոշումը: Հանձնաժողովի վերադասը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական գործակալությունն այս կապակցությամբ վարչական վարույթ է հարուցել, որն ավարտել է հուլիսի 2-ին: Որոշման հիմնավորումը գրված է անփույթ, անընթեռնելի ձեռագրով: Սակայն որոշման եզրափակիչ մասը հստակ նշված է ` «հաշմանդամ չի ճանաչվել»: «Դրանք նույն մարդիկ են: Գործակալությունում ինձ ասացին` Իջեւանում քեզ չասացինք, որ չի հասնում, ինչո՞ւ ես Երեւան հասել»,- պատմում է Կարապետը: Նա ասում է, որ 5 հոգուց բաղկացած իրենց ընտանիքն ապրուստի միջոցներ չունի. տանը ոչ ոք աշխատանք չունի, որ Արտակի հաշմանդամ ճանաչվելու դեպքում նա թոշակ կստանար, որն ինչ-որ չափով կօգներ ընտանիքի հոգսերը հոգալուն: Նախկինում Ալթունյանների ընտանիքը  ընտանեկան նպաստ է ստացել: Իջեւանի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի գործերով զբաղվող Արփինե Եղիկյանն ասաց, որ իրենք օգնել են Արտակ Ալթունյանին բողոք ներկայացնելու գործակալություն: Հիմա իրենք ուսումնասիրում են գործի նյութերը եւ, հավանաբար, Արտակ Ալթունյանի անունից բժշկասոցիալական հանձնաժողովի որոշման դեմ   դատարան հայց կներկայացվի: Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնում զրուցեցի նաեւ Արտակ Ալթունյանի հետ: Իրականում դա զրույց չէր, որովհետեւ Արտակը չէր լսում ինձ: Ստիպված էի անընդհատ ձայնս բարձրացնել` մինչեւ գոռոցի աստիճան: 18-ամյա պատանին ուշադիր նայում էր շրթունքներիս` փորձելով իմ խոսքերից ինչ-որ բան գուշակել: Այնուհետեւ հանդիպեցի Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առաողջապահության եւ սաոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի հետ: Տիկին Կարինեն չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ: Նշեմ, որ այս տարի Իջեւանի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ծրագրով Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունում իմ եւ Կարինե Դովլաթբեկյանի մասնակցությամբ հաղորդման ժամանակ` ուղիղ եթերում, հեռուստադիտողները դժգոհություն հայտնեցին բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների գործունեությունից, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Արտակ Ալթունյանյանի խնդրի վերաբերյալ հեռախոսազրույց ունեցա Իջեւանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Վահե Մխիթարյանի հետ, որին գործի բերումով վաղուց եմ ճանաչում: Նա պնդեց, որ հանձնաժողովը ճիշտ է վարվել` Արտակ Ալթունյանին հաշմանդամ չճանաչելով եւ խոստացավ տրամադրել այս գործին առնչվող բոլոր փաստաթղթերը: Վահե Մխիթարյանն ինձ մի քանի անգամ խորհուրդ տվեց` այս մասին գրելիս չսխալվել: «Չէ՞ որ բժկական հանձնաժողովը զինվորական ծառայության համար Արտակին անպիտան է ճանաչել»` հարցիս ի պատասխան Վ. Մխիթարյանն ասաց, որ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվածների միայն 5 տոկոսին է հաշմադամության կարգ տրվում: Ամենեւին էլ ցանկություն չունենք խորանալու բժշկական եզրակացություններում առկա մասնագիտական տերմինների բավիղը: Մանավանդ, որ դրանք, սովորաբար, գրված են անփույթ եւ անընթեռնելի ձեռագրերով, ու երեւի միայն գրողն է հասկանում, թե ինչ է գրել: Ակնհայտ է մի բան: Գործում են բժշկական երկակի ստանդարտներ: Մի դեպքում նույն մարդն անառողջ է ճանաչվում, մեկ այլ դեպքում` ոչ: Ավելորդ չի նշել, որ զինվորական ծառայության համար բժշկական հետազատությունը կատարվում են մասնագիտացված հիմնարկություններում, լաբորատոր եւ այլ սարքավորումներով: Իսկ բժշկասոցիալական փորձաքննական հանձանաժողովներն իրենց աշխատանքում բժշկական գործիքներ չեն օգտագործում: Հանձնաժողովի անդամները միայն նայում են համապատասխան փաստաթղթերը, ինչ-որ հարցեր տալիս եւ որոշում կայացնում: Այդ հանձնաժողովների աշխատաոճի մասին պատկերացում կազմելու համար բավական է բնակչության մեջ փոքր հարցում կատարել: Հանձնաժողովների նախագահների պաշտոնը «շատ գրավիչ է» եւ, սովորաբար, առանց «վերեւում մարդ ունենալու», այն չեն զբաղեցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter