HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կեղծել են բաժանորդի ստորագրությունը

Վանաձորի բնակիչ Դավիթ Հարությունյանը երբեք չի օգտվել «ԱրմենՏելի», ծառայություններից, բայց դա չխանգարեց բջջային օպերատորին նրան դարձնել ակամա բաժանորդ ու ներքաշել դատական քաշքշուկների մեջ: 2007թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Դավիթ Արսենի Հարությունյանը ծանուցում ստացավ «ԱրմենՏել» ՓԲԸ-ից, որում նշվում էր 91234840 հեռախոսահամարի բաժանորդի` երկու ամսվա հեռախոսակապի ծառայության վճարը` 127.451 դրամ, և նախազգուշացվում, որ նրա` կազմակերպության հանդեպ դրամական պարտավորությունը չկատարելու դեպքում «ԱրմենՏելը» կդադարեցնի ծառայությունների մատուցումը: Երկու տարի անց Դավիթ Հարությունյանին ծանուցում եկավ արդեն դատարանից: 2009թ. նոյեմբերի 9-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցը` Դավիթ Հարությունյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հեռախոսակապի ծառայությունների դիմաց գումարի բռնագանձման պահանջով, ընդունվեց դատական վարույթ: «ԱրմենՏելը» խնդրում էր բռնագանձել ոչ միայն բաժանորդի 127.451 ՀՀ դրամ պարտքը, այլև վճարված պետական տուրքի գումարը` 2.549,2 դրամ, ընդամենը` 130.000,2 դրամ: Հայցի ապահովման համար դատարանի որոշմամբ 130.000 ՀՀ դրամի չափով արգելանք դրվեց Դավիթ Հարությունյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Դավիթը զինծառայող է, ստանում է ամսական 110 հազար դրամ: Երկու ամիս նրա աշխատավարձից 50 հազար դրամ պահեցին: Ամսվա աշխատավարձի կեսը բռնագանձվում էր, մնացած կեսն էլ բավական չէր ընտանիքին: Այնուհետև պատասխանող կողմը հայցադիմումի պատասխանի հետ դատարան ներկայացրեց միջնորդություն, որում խնդրում էր դադարեցնել բռնագանձումը, հայցվորից պահանջել ապահովում վնասների հատուցման համար և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Լոռու մարզային ստորաբաժանմանը փոխանցել 250.000 ՀՀ դրամ: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Պատասխանող կողմը հայցադիմումում վիճարկում էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի և Դ.Հարությունյանի միջև ստորագրված պայմանագրի իսկությունը` բերելով հետևյալ հիմքերը. Դ.Հարությունյանը երբեք չի եղել ՍԻՄ քարտի բաժանորդ, չի օգտվել «ԱրմենՏելի» ծառայություններից, և 91234840 հեռախոսահամարն իրեն չի պատկանել: Իբրև փաստարկ էին բերվում հետևյալ անճշտությունները. նշված պայմանագրում իբրև բաժանորդ էր նշվում Դավիթ Վարդանի Հարությունյանը, այնինչ զինծառայող Դ.Հարությունյանի հայրանունն Արսեն է: Նույն պայմանագրում անձնական մարկետինգային կատեգորիա սյունակում բաժանորդի կարգավիճակը նշված է ուսանող, այնինչ Վ.Հ.-ն զինծառայող է: Պայմանագրում բաժանորդի գրանցման հասցեն նշված է Աբելյան 61, այնինչ Դ.Հ.-ն ապրում է Աբեղյան 61 հասցեում: Եվ ամենագլխավորը` բաժանորդի ստորագրությունը Դ.Հարությունյանինը չէ: Այն, որ ստորագրությունը չի պատկանում Դ.Հ.-ին, հաստատվել է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական եզրակացությամբ: Ուստի` 2010-ի հունիսի 9-ին դատարանը մերժել է «ԱրմենՏելի» հայցը Դավիթ Հարությունյանից գումարի բռմագանձման պահանջի մասին, առավել ևս, որ հայցվորի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել, որ կհաստատեր այն հանգամանքը, որ դիմումը կնքվել է Դ.Հ.-ի կողմից իր համաձայնությամբ, և որ Դ. Հ.-ն հանդիսացել է տվյալ հեռախոսհամարի բաժանորդը: Ձեռագրաբանական փորձաքննության հետ կապված ծախսերի գումարը կազմել է 26.460 դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննությունը նշանակվել է պատասխանող Դ. Հարությունյանի միջնորդությամբ, դատարանը վճիռ է ընդունել Դ.Հարությունյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿի-ի բռնագանձել 26.460 դրամ որպես փորձաքննության ծախսերի հետ կապված գումար: Դատարանն իր վճիռը հիմնավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով` կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը: Դատավորի օգնականները Դավիթին բացատրել են, որ միջնորդության մեջ պետք է խնդրեր վճիռն իր օգտին լինելու դեպքում ձեռագրաբանական փորձաքննության գումարն «ԱրմենՏելից» բռնագանձել: Իսկ քանի որ չի նշել, ծախսերն ստիպված է ինքը կատարել: «Նրանք էդ գումարը թողել են ինձ վրա, որ ես վճարեմ: Ես առձեռն գումար չունեմ, որ մուծեմ: Չվճարելու դեպքում հարկադիր կատարման ծառայությունից էլի կալանքով էդ գումարը կվերցնեն: Դեռ չի բռնագանձվել, էսօր-էգուց սպասում եմ կալանքի թուղթը գա»,-ասում է Դավիթը: Դավիթը կարող է բողոքարկել վճիռը: Բայց վերաքննիչ դատարան դիմելու համար նրանից 20 հազար դրամ պետական տուրք է պահանջվում: «20 հազար մուծում եմ, ստացվում է 6 հազար դրամի համար եմ բողոքում: Գնալ-գալս էլ հանած, ինչ ա ինձ մնում»,-ասում է: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից անհիմն գումարի պահանջ ներկայացնելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի դիմումը 2010թ. փետրվարի 12-ին Լոռու մարզի դատախազությունն ուղարկել է Լոռու մարզի քննչական բաժին` դիմումում նշված փաստերն ուսումնասիրելու և գործի ընթացքը լուծելու համար: Նշանակվել է կրկնակի ձեռագրաբանական փորձաքննություն: Դրական պատասխանն ստանալուց հետո կհարուցվի քրգործ կեղծարարների նկատմամբ, ովքեր, ըստ տուժող Դ.Հարությունյանի, հեռախոսահամարի իրական տերն ու օպերատորն են: Դ.Հարությունյանը «ԱրմենՏելի» Վանաձորի մասնաճյուղի օպերատոր Արման Դասոյանին հարցրել է` այդ ինչպես իր ստորագրությունը հայտնվեց հիշյալ պայմանագրի մեջ: «Դե երևի նմանացրել եմ»,- պատասխանել է: «Ասեցի` ոնց կարայիր նմանացնես, իմ անձանգիրը իմ մոտ ա եղել: Մի հատ ռուսերեն տառ ա իմ անձնագրում, իսկ պայմանագրում մի երկար հայկական այբուբեն ա: Ասեցի պայմանագրի հետևում կետ կա` եթե վստահ չես, պայմանագիր մի կնքիր: Ասաց` ես լավ գիտեմ»,-պատմում է Դ.Հարությունյանը: «Բռնագանձված գումարը վերադարձվել ա, բայց հատուցում չի եղել: Թեկուզ ԱրմենՏելից մի հատ նամակ-ներողություն, չի ստացվել»,-ասում է տուժողը: Իսկ փոխարենը օպերատոր Արման Դասոյանը նույնիսկ ռազմական ոստիկանություն է դիմել Դավիթ Հարությունյանի` իբր իր հետ կոպիտ խոսելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter