HY RU EN

«Մի համազարկ` եւ կենտրոնական Ադրբեջանը ծով կդառնա»

«Ամերիկայի ձայնի» հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ը օդային հարված հասցնի Իրանին Ադրբեջանի կամ Վրաստանի օդակայաններից, ռուս լրագրող Սերգեյ Դորենկոն ասել է. «Վրաստանի մասնակցությունը միանգամյան հնարավոր է Սահակաշվիլու ավանտյուրիզմի պատճառով: Իսկ Ադրբեջանն ամեն ինչի կգնա, եթե նրան օգնեն վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Կամ էլ խոստանան օգնել...»: «Չկա աշխարհում նման ուժ, որ կարողանա այդպիսի փոխանակում առաջարկել. դուք մեզ` այսինչը, իսկ մենք ձեզ` Ղարաբաղը: Չկա մի ուժ, ում գրպանում կարող է լինել Ղարաբաղի բանալին,- իր հերթին նկատել է Ռուսասատանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Էթնոլոգիայի եւ անթրոպոլոգիայի մոսկովյան ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովն ու հավելել,- ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, սա ինձ մի քանի տարի առաջ շատ բաց ասել են Հայաստանի գլխավոր շտաբում. Լեռնային Ղարաբաղի բնական հյուսիսային սահմանը ձեւավորող լեռնաշղթայի բարձունքին տեղակայված հայկական կամ ղարաբաղյան մարտկոցները Մինգեչաուրի ջրամբարից 40 կմ հեռավորության վրա են: Մի համազարկ` եւ կենտրոնական Ադրբեջանը ծով կդառնա»: Ակադեմիկոսը շեշտել է, որ իրավիճակը բավականին բարդ է: Նա նշել է, որ Իրանում միշտ ուշադրությամբ են հետեւում Ադրբեջանին, քանի որ «համաձայն իրանական կայսերական ավանդույթի` Ադրբեջանն ընդամենը Իրանի մի մասն է: Իրանի իշխանություններն այնտեղից միշտ ինչ-որ աջակցություն են սպասել իրանաբնակ ադրբեջանցիների հանդեպ, ու երբեմն այդ զգուշությունը անհիմն չի եղել»: Հարությունովը խոսել է նաեւ հայկական գործոնի մասին. «Չմոռանանք, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Ավելին` Հայաստանը Իրանի միակ հարեւանն է, որի հետ նա իսկապես լավ հարաբերություններ ուն»: Ըստ ակադեմիկոսի` Իրանն էլ Հայաստանի համար արտաքին աշխարհին կապող կարեւոր օղակ է: