
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների շրջանում, ըստ թերթի ստացած տեղեկություններին, բողոք է հասունանում, որը հնարավոր է հենց այսօր գործադուլի վերածվի: Պատճառն այն է, որ գործարանի ղեկավարությունը դեռ չի վճարել աշխատողների հուլիս ամսվա աշխատավարձը:
Դեռևս հուլիսի 29-ին, երբ գործարանի աշխատակիցներից ստացած ահազանգերի հետևանքով «Նաիրիտից» փորձել էինք պարզել աշխատավարձերի ուշացման պատճառը, գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը մեզ ասել է, որ «խնդիրները ֆինանսատնտեսական են, երեքշաբթի օրը խոստացել են վճարել»: Երեքշաբթին, որի մասին խոսվում էր, օգոստոսի 3-ն էր:
Երեկվա դրությամբ գործարանի ղեկավարությունն ավելի շատ զբաղված էր ոչ այնքան ֆինանսական խնդիրներով, որքան աշխատակիցների շրջանում առաջացած դժգոհության արտահայտությունը կանխելով. «Ամեն օր մի արտադրության պետ, տնօրենի մի տեղակալ գալիս է, մեզ համոզում է, որ շուտով կվճարեն աշխատավարձերը, Կառավարությունն ինչ-որ փող է խոստացել, պետք է տա: Ամեն մեկին որ մի քիչ, մի քիչ հավատաս, ամեն շաբաթ մեկը խաբի, մի քանի ամիս կձգվի: Իսկ ժողովուրդը շատ խնդիրներ ունի, սեպտեմբեր է գալիս, թանկացումներ են»,- երեկ թերթի հետ զրույցում ասել է գորշծարանի ապարատավար Վիկտոր Դուրյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջերս իրենց է հանդիպել գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը և ասել, որ եթե աշխատակիցները գնան Կառավարության մոտ բողոքելու, դրանից գործարանը չի շահի, քանի որ իրենց ստիպելու են բարձր տոկոսներով վարկ վերցնել և վճարել աշխատավարձերը, ու հետո գործարանը չի կարողանալու պարտքը մարել:
Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև գոևծարանի ղեկավարությունից: Ոչ աշխատանքային օր լինելու պատճառով գործարանում ոչ ոք չկար: Մամուլի խոսնակն էլ մեզ հայտնեց, որ ինքն արձակուրդում է և իրավասու չէ մեր հարցին պատասխանել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել