HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թուրքմենբաշուց մինչև Անգլիայի թագուհի

Արշակ Մանուկյանը Էջմիածնի դրոշի ու զինանշանի, պատվավոր քաղաքացու շքանշանի, քաղաքի բարեկամի կրծքանշանի հեղինակն է: Վարպետն իրեն համարում է 2 աշխարհների մարդ` աշխարհիկ եւ հոգեւոր, քանի որ իր գործերն էլ թեմատիկորեն 2 մասի են բաժանված: Արշակը փոքրուց է ցանկացել զբաղվել նկարչությամբ ու քանդակագործությամբ, սակայն ծնողները ցանկացել են, որ տղան դառնա երաժիշտ եւ բարձրագույն կրթություն ստանա Պոլիտեխնիկ ինստիտուտում: Երրորդ կուրսում պատահմամբ ծանոթացել է արծաթագործ Էդիկ Իսկանյանի հետ: Արշակը արծաթագործ վարպետին այցելել է արվեստանոցում ու, Է. Իսկանյանի գործերը տեսնելով, ոգեւորվել է եւ որոշել զբաղվել ոսկեգործությամբ: Արդեն 30 տարի է, ինչ Արշակն այդ գործն է անում: Մեր զրույցի ժամանակ նա չհիշեց, թե որն է եղել իր առաջին գործը, սակայն պատմեց մի այցելուի մասին:  Մի անծանոթ իր մոտ է բերել ականջօղեր ու խնդրել է աշխատանքը թարմացնել: «Հենց վերցրի ձեռքս զգացի, որ սա իմ առաջին աշխատանքներից է եղել ու ներքուստ հուզվեցի: Նույնիսկ խնդրեցի, որ այդ զարդը թողնեն ինձ, ես իրենց ուրիշը պատրաստեմ, բայց չհամաձայնվեցին: Ես չէի հիշում, թե ինչից եմ սկսել ու ինչ մոտեցումներ եմ  ունեցել տարիներ առաջ: Ու տեսնելով այդ գործը` վերապրեցի իմ անցյալը»,- պատմում է Արշակը: «Ամեն մի գործ սարքելիս այնպես եմ աշխատում, որ դա հետագայում ձուլման չգնա ու որեւէ մեկի ձեռքը չգնա, որ այն ձեւափոխի»,- նշում է ոսկերիչը: Արշակ Մանուկյանի ստեղծած զարդերն ու հուշանվերները խանութներում չեն վաճառվում: Նա իրեն համարում է շուկայական հարաբերություններից հեռու մարդ եւ իր գործունեությունն իրականացնում հիմնականում անհատական պատվերների միջոցով: Նրա աշխատանքները տեղ են գտել նաև Մայր Աթոռում եւ Գանձատանը: «Իմ հպարտությունն այժմ գտնվում է Մայր Աթոռի իջման սեղանի վրա: Այնտեղ տեղադրված ճրագամանն իմ աշխատանքն է, որը ստեղծել եմ Քրիստոնեության 1700- ամյակի առթով: Այդ ճրագամանից են 2001 թվականին ճրագ տարել Հայ առաքելական եկեղեցու բոլոր 40 թեմերը»,- ոգեւորված ասում է Արշակը:  Նրա պատրաստած մեկ լիտրանոց արծաթե ամաներով է նաեւ 2001թ. մեռոնը տարվել եկեղեցու 40 թեմեր: Մայր Աթոռի 1700-ամյակի առիթով էլ բուրվար է պատրաստել եկեղեցու համար: Վարպետը պատմում է, որ մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը Հայաստանում եղել է մոտ 15 ոսկու, արծաթի գործեր անող արվեստանոցներ, որոնք յուրովի ներկայացրել են իրենց աշխատանքները, իսկ այսօր ընդամենը 2-3 արվեստանոց է պահպանել իր դեմքն ու հայ ոսկերիչների ավանդույթները: Նա հիշեց, որ 1988 թվականին  առաջին անգամ Հայաստանից թանկարժեք մետաղի հետ աշխատելու թույլտվություն տրվել է 7 վարպետի, որոնց մեջ եղել է նաեւ ինքը: Այդ ժամանակ Արշակը եղել է  ընդամենը 30 տարեկան: «Այս արվեստը կամաց-կամաց գնում է մահվան, որովհետեւ մշակված ֆինանսական մեխանիզմ չկա»,- կանխատեսում է ոսկեգործը: Խորհրդային տարիներին Նկարիչների միությունը ֆինանսավորել է ցուցահանդեսներն ու թանգարանները, եւ վերջիններս կարողացել են գնումներ կատարել այդ գումարների շնորհիվ, իսկ անկախ Հայաստանի ժամանակներում այդ ֆինանսավորումը չկա: ¦Իհարկե, հասկանում ենք, որ ճգնաժամ է եւ Հայաստանը ֆինանսական խնդիրների մեջ է: Մտածում եմ, որ առաջիկա 10 տարիների ընթացքում էլ պետությունը չի կարողանա ֆինանսավորել, բայց հույս ունեմ, որ դա կլինի եւ արվեստագետը հանգիստ շունչ կքաշի: Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ արվեստի լավագույն մասը չկորչի եւ արվեստը արհեստ չդառնա», -հույս է հայտնում վարպետը: Արշակի աշխատանքները տեղ են գտել նաև Կրեմլի նախագահական թանգարանում, Անգլիայի թագուհու, Իսպանիայի թագավորի մոտ եւ այլն: Նրա  հուշանվերներից երեքն էլ բաժին է հասել Հռոմի պապին: Աշխատանքները նախագահներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հասել են Հայաստանից մեկնած տարբեր պատվիրակությունների միջոցով: «Ռեկորդակիր» է Թուրքմենստանի նախագահը, որի թանգարանում այժմ կա հայ վարպետի թվով 20 աշխատանք: Թուրքմենբաշուն դուր է եկել հայ ոսկեգործի աշխատանքները եւ երկու անգամ հրավեր-առաջարկ է արել, որպեսզի Արշակը գնա իր մոտ աշխատելու, սակայն վերջինս հրաժարվել է: Դրսում աշխատելու հնարավորություն Արշակը ունեցել է նաեւ 2005 թվականին Հայաստանում կազմակերպված ոսկերչության ցուցահանդեսի ժամանակ, որին մասնակցել են նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանները: Գրեթե բոլոր դեսպանները մոտեցել են հայ վարպետին ու առաջարկել են նրան ցուցահանդեսով ներկայանալ իրենց երկրներում: «Մի քանի աշխատանքով չէի կարող գնալ ցուցահանդեսի, նվազագույնը պետք է 100 աշխատանք ունենայի, դրա համար էլ չայցելեցի այդ երկրներ»,- ասում է Արշակը: Վարպետն իր պատրաստած հուշանվերներով փորձում է նաեւ քաղաքական հարցեր լուծել, թեեւ իրեն քաղաքականությունից հեռու է պահում: Օտարերկրացի բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված հուշանվերներով փորձում է նրանց ուշադրությունը սեւեռել հայ մշակույթի, Արեւմտյան Հայաստանում մնացած հողերի եւ այլ հայկական արժեքների վրա: Այդ հուշանվերների վրա գրում է, որ աշխատանքը կատարվել է, օրինակ, Վանի, Վասպուրականի, Իգդիրի վարպետներից եկած գործերով եւ այլն: «Եթե իմ պատրաստած հուշանվերը հասնում է, ասենք, բարձրաստիճան պաշտոնյային եւ բաժակի անունն էլ Վան է, կարծում եմ` դրանով մեծ գործ եմ անում: Ես էլ մեր կորցրած հողերի մասին այդպես եմ բարձրաձայնում»,- համոզված է ոսկեգործը: ԱՊՀ-ի հիմնադրման 10-ամյակի առիթով Մոսկվայում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ իր ներկայացրած «Սարդարապատ» անունը կրող դաշույնը «շոկի» մեջ է գցել ինչպես ադրբեջանական ու վրացական պատվիրակություններին, այնպես էլ շատ ոսկեգործների: Նրանց վարպետներն աշխատել են դեռեւս հին մոտեցումներով եւ ժամանակակից արվեստից ոչ մի նմուշ չի եղել իրենց աշխատանքներում, իսկ Արշակն իր գործում խառնել է հինն ու նորը: Վարպետի աշխատանքները ցուցահանդեսում ներկայացրել է Մշակույթի նախարարության պատվիրակությունը: Արշակը պատմեց, որ Մոսկվայից վերադառնալիս նախարարությունը խնդիրներ է ունեցել ռուս մաքսավորների հետ` վերջիններս կարծել են, թե գործերը էրմիտաժի աշխատանքներ են ու արգելել է տարածքից հանել: Հարցը լուծվել է միայն այն բանից հետո, երբ մաքսայինի աշխատակիցներին ցույց է տրվել հուշանվերների վրա թողնված «Արշակ Մանուկյան» ստորագրությունը: Արշակը հպարտությամբ ու սիրով է բաժանվում իր գործերից, որովհետեւ կարծում է, որ ամենալավ աշխատանքը դեռ առջեւում է: Նրա կարծիքով, այն արհեստավորը, որն իր դեմքը չի կորցրել շուկայում, կարող է աշխատել եւ գեղեցիկ գործեր ստեղծել: «Այսօր աշխարհում հայտնի շատ բրենդային գործեր Հայաստանում հեղեղված են: Այժմ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն մտնել մեր շուկա եւ ասել` ինչու եք մեր բրենդը կեղծում: Մենք չենք մտել եվրաշուկա, բայց, որ մի քանի տարի հետո Եվրոպայի դռները մեր առջեւ բացվեն, խոշոր ընկերություների ներկայացուցիչները կգան Հայաստան ու չգիտեմ, թե ոսկու շուկան ինչ վիճակում կհայտնվի: Այդ ժամանակ կերեւա, թե արհեստավորն ինչ կարող է ստեղծել, որ հայտնի ընկերությունների գործերի կրկօրինակը չլինի»,- նշում է Ա. Մանուկյանը: Այսօր շուկայում վաճառվող վատ որակի ոսկու առկայությունը Արշակը պատճառաբանում է ոսկու թանկությամբ. «Ասենք` մարդն ուզում է հարսանիք գնալ, բայց ձեռքը փող չկա, ստիպված պետք է թղթի նման ոսկի գնի տանի, մենակ, թե հարսանիքի հոգսից պրծնի: Շատ հարսանքավորների հետ եմ խոսել, որ տրտնջում են, թե նվեր ստացած ոսկին իրենից ոչինչ չի ներկայացնում»: Ինչպես  օգտագործվող քարերի, այնպես էլ ոսկու որակը հիմնականում շատ ցածր է. «Թող մի քիչ գումար տան հայ վարպետին, տեսեք ինչ գործեր կստեղծի: Մարդը գիշեր-ցերեկ չի քնի, կմտածի ու նոր բան կստեղծի: Եթե արվեստագետը տեսնում է, որ չի կարողանում իր երեխայի պահանջմունքները բավարարի, ուտելիքի, հագուստի կարիք ունի, խեղճ արվեստագետը բա ո՞րը հասցնի»,- ավելացրեց Արշակը: Նա հիշեց, որ մոտ 10 տարի ոսկեգործությամբ զբաղվելով գումար չի վաստակել: Այդ ժամանակ ընտանիքի հոգսերը հոգալու համար գործարաններում 2-րդ, 3-րդ հերթով աշխատել է, տուն է եկել ու նկուղում փակված մի նոր աշխատանք է ստեղծել: Վարպետն առօրյա հոգսերից ու աշխատանքային մթնոլորտից հանգստանալու համար տանը  փոքր սպորտային անկյուն է սարքել, որտեղ կա պրոֆեսիոնալ թենիսի եւ բիլիարդի փոքր սեղաններ: Փոքր թենիսով կոփում է մարմինը, իսկ բիլիարդով հանգստանում է, որի ժամանակ էլ նոր գաղաձարներ են ծնվում: Շատ են պատահել դեպքեր, երբ խաղի ժամանակ նոր աշխատանք է ծնվել մտքում եւ ընդհատել է խաղը, որպեսզի մտքի եկածն իրականացնի, սակայն իր խաղընկերոջը խաղի ընդհատումը պատճառաբանել է «վատ զգալով»: Երբեմն էլ գիշերվա տեսած երազն է փորձել նյութականացնել ու տեղից վեր կենալով անմիջապես նոր աշխատանքը հանձնել է նյութական կրիչին: Արշակը տիկնոջը հաճախ է նվերներ մատուցում: ¦Կինս այնքան բան է տեսել, որ իր համար այլեւս հետաքրքիր չի: Ասում է` եթե դու այսօր սա էս ստեղծել, ուրեմն վաղվա ստեղծածդ ավելի լավն է լինելու»: Տարիներ առաջ Գայանեին նվիրել է ժամանակակից զարդեր, իսկ հիմա ուղղվածությունը դասականի կողմն է թեքվել: Գայանեի համար ամենաթանկ նվերը եղել է նրա 20 ամյակի առիթով արված նվերը: «Անընդհատ տրտնջում էր, թե ինչու իրեն ծաղիկ չեմ նվիրում, ես էլ ասում էի, որ ծաղիկը մնայուն չի ու շուտ է թոշնում: Իր 20 ամյակին 20 ծաղիկներով արծաթե թեւնոց, մատանի, վզնոց ու ականջօղեր պատրաստեցի, մինչեւ հիմա խնամքով պահում է այդ նվերը», -հիշում է Արշակը: Վարպետի երեխաները նույնպես անտարբեր չեն արվեստի նկատմամբ: 8-րդ դասարանում սովորող Մարիամը մատիտով նկարում է ինչ տեսնի, նույնիսկ հեռուստաէկրանի կադրն է կանգնեցնում ու նկարում սիրած մուլտֆիլմի հերոսներին: Մարիամը նկարում է միաժամանակ երկու ձեռքով: Իսկ ավագ դուստրը` Անին էմալով մանրանկարներ է անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter