Արմավիրում շուրջ 5000 հա հողատարածք վերածվել է անապատի
Գյուղացին խնդրում է պետության աջակցությունը
Արմավիրի մարզի Արտաշար համայնքի դաշտերը գրեթե ամայի են: Բնակիչների մեծ մասն իրենց սեփական հողերը թողած` մշակում են հարեւան շրջաններից վարձակալած հողերը, քանի որ իրենց հողատարածքները մշակման ենթակա չեն: Համայնքի 374 հա վարելահողից 252 հա-ն աղակալված է:
«Աղը դուրս է եկել, ժողովուրդը ցանում են, բերք չեն կարողանում ստանալ: Մարդիկ դիմում են, էստեղից, էնտեղից են հող վերցնում, մշակում, որ կարողանան իրենց գոյոթյունը պահեն: Մոտ 100 տնտեսությունից ավել էսօր վարկի տակ են»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է Արտաշարի գյուղապետարանի հաշվապահ Ջուլիետա Սարգսյանը:
Պարսամ Մխիթարյանը 2 հա հողատարածքից մշակում է կեսը, մյուս կեսն ամբողջովին աղակալված է: «Եթե մի փոքր պետությունը օգնե գյուղացուն, բարելավե, լավ կլինի», - ասում է նա: Թեպետ արտաշարցիներն իրենց սեփականաշնորհած հողերը չեն մշակում, սակայն պարտավոր են վճարել հողի հարկը:
Արմավիրի մարզում մոտ 5000 հա հողատարածություններ աղակալված են, որոշ տարածքներում ընթանում են կրկնակի աղակալման գործընթացներ:
Հողերի աղակալմնան պատճառը ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելն է: Բացի դրանից` գյուղերում շատանում են ճահճուտները: Արտաշարի 60%-ը կազմում են ճահիճները: Դրա հիմնական պատճառը մարզում առկա կոլեկտորադրենաժային ցանցերի՝ մասնավորապես փակ ցանցի չգործելն է:
«Կառավարությունը փորձում է մեխանիզմ մշակել, որ այդ աղազերծումները իրականացվեն»,- ասում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
«Հին ջրանցքը սխալ է կառուցված: Նոր ջրանցք պետք է կառուցվի, որպեսզի այդ ֆիլտրացիոն պրոցեսները վերանան»,- նշում է Արթուր Այվազյանը: Հարցին, թե երբ է կառուցվելու նոր ջրանցքը, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը պատասխանել է. «Երբ որ կառավարությունը գումարներ կհատկացնի, դա կառավարական խնդիր է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել