Բաց դարպասներն անհասանելի են. ԵՄ շուկան գրավելու համար Հայաստանը փորձում է ընդունել ԵՄ ստանդարտները
ԵՄ փորձագետ Ալեքսեյ Սեկարևը համոզված է, որ հայկական մթերքները` ինչպիսիք, օրինակ, հյութերն ու մուրաբաներն են, ավելի մեծ պահանջարկ ունեն ԵՄ շուկայում, սակայն շատ արտադրողների համար մուտքը այդ շուկա փակ է, քանի որ Հայաստանի տեխնիկական պահանջները չեն համապատասխանում ԵՄ-ում կիրառվող ստանդարտներին: Իսկ այս բացը լրացնելու համար Հայաստանին անհրաժեշտ են որակի ենթակառուցվածքի ռեֆորմներ, որոնց կապակցությամբ էլ կառավարությանը խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում Սեկարևի ղեկավարած Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC):
«Այս բարեփոխումները կբացեն ԵՄ շուկայի դռները հայկական արտադրանքի համար, որի մուտքն այժմ արգելված է ԵՄ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով: Որակի ենթակառուցվածքի բարեփոխումը կապահովի ԵՄ ստանդարտների համապատասխանություն և կնպաստի Հայաստանից ԵՄ արտահանման աճին»,- պարզաբանում է Սեկարևը:
Հայաստանի համար Եվրամիությունը արտահանման առումով արդեն իսկ դարձել է գլխավոր առևտրային գործընկեր: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010 թ. հունվար-մայիսին Հայաստանի արտահանման 54%-ը կամ մոտ 198 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք արտահանվել է ԵՄ երկրներ: Նախորդ` 2009թ. արտահանումը ԵՄ երկրներ կազմել է ընդհանուր արտահանման 45%-ը, իսկ 2008 թ.` 56%-ը:
Սակայն Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման տեսականիում մշտապես գերակշռել են բնական ռեսուրսները, ինչպիսիք են ոչ թանկարժեք մետաղները (օրինակ` 2008 թ. դրանք ապահովել են արտահանման ընդհանուր ծավալի 53%-ը), հանքահումքային արտադրանքը (20%), ադամանդն ու այլ թանկարժեք քարերը (15%) և այլն:
Մասնագետները պնդում են, որ բազմազանության ցածր մակարդակի պատճառով Հայաստանի արտահանումը խոցելի է դառնում համաշխարհային շուկայի անկայունության պայմաններում: Որպես ապացույց մատնանշում են վերջին երկու տարիներին հանքարդյունաբերության արտադրանքի արտահանման անկումը:
Միջազգային և հատկապես ԵՄ շուկայում բոլոր «ճակատներով» մրցունակ լինելու համար Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նախագիծ, որը կոչվում է «Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարություն (2010-2020 թթ.)» (անգլերեն և հայերեն տեքստերը հնարավոր է կարդալ այստեղ` www.mineconomy.am/am/72/item/1304/): Այն այժմ հանրային քննարկման փուլում է, իսկ աշնանը կներկայացվի նաև Հայաստանի կառավարության հավանությանը:
Ըստ այս փաստաթղթի` նախատեսվում է մինչև 2012-ը վերակազմավորել Հայաստանի ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման հաստատությունները, 2012-2016 թթ.` ապահովել ինստիտուցիոնալ զարգացում և կարողությունների հզորացում, իսկ 2016-2020 թթ.` ստանալ միջազգային ճանաչում ձևավորված կարողությունների վերաբերյալ:
«Մենք, իհարկե, հույս ունենք, որ բարեփոխման ծրագիրն ավելի շուտ կավարտվի, բայց քանի որ նախատեսված գործընթացները շատ ամբիցիոզ են, ուստի նշվում են մաքսիմալ ժամկետներ: Արդյունքները հնարավոր է շատ ավելի շուտ տեսնենք, քանի որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել առաջին երկու տարիների ընթացքում»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության նորարարության, ստանդարտացման և չափագիտության բաժնի պետ Լիլի Մաքսուդյանը:
Տեղացի մասնագետները հավանում են ռազմավարության նախագիծը, սակայն կարծում են, որ նման ռեֆորմների համար անհրաժեշտ կլինեն ֆինանսական մեծ ներդրումներ և քաղաքական կամք` արմատախիլ անելու գործող անորակ համակարգը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքով` գործարարները նման ռազմավարության վաղուց են սպասել։ «Վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական բիզնեսը աստիճանաբար կորցնում է մրցունակությունը միջազգային շուկայում: Դրա պատճառներից մեկը խնդրի նկատմամբ համակարգված մոտեցման բացակայությունն է», - ասում է Մակարյանը:
Ըստ նրա` այսօր Հայաստանի փորձարկման լաբորատորիաները և սերտիֆիկացնող մարմինները կարող են կողմնակալ ձևով տրամադրել փաստաթղթեր, որոնք միջազգային չափանիշներին համապատասխանում են միայն թղթի վրա, իսկ իրականում արտադրության կառավարման կամ արտադրանքի որակի տեսակետից դրանք այլ ցուցանիշներով են օժտված:
Ավելի ստույգ` պետք է նշել, որ Հայաստանում Էկոնոմիկայի նախարարության կողմից ազգային հավատարմագրման համար լիազորված բոլոր 67 լաբորատորիաների և 17 սերտիֆիկացման մարմինների տրամադրած սերտիֆիկատները չեն բավարարում ԵՄ չափանիշները: Նույնը վերաբերում է նաև երկրում ամենամեծ սերտիֆիկացման մարմնի համբավ վայելող Ստանդարտների ազգային ինստիտուտին:
Այս պատճառով հայ արտահանողներն իրենց արտադրանքի որակի սերտիֆիկացումն ապահովում են եվրոպական սերտիֆիկացնող կազմակերպությունների միջոցով` ծախսելով լրացուցիչ ժամանակ և ֆինանսական միջոցներ:
Սակավ բացառություններից մեկն այն է, որ Հայաստանում այժմ հնարավոր է ձեռք բերել օրգանական արտադրանքի սերտիֆիկացիա, որը տրամադրում է ԷկոԳլոբ (EcoGlob LLC) մասնավոր ընկերությունը:
Այդ իրավունքը ԷկոԳլոբը ձեռք է բերել 2008 թ. գերմանական DAR սերտիֆիկացնող կազմակերպության, իսկ 2009 թ.` ամերիկյան USDA Օrganic-ի կողմից:
Այսօր սերտիֆիկացնող ընկերությունը կայուն կերպով համագործակցում է մոտ 50 տեղական ֆերմերային տնտեսությունների և վերամշակող ընկերությունների հետ, որոնք արտադրում և արտահանում են օրգանական (այսինքն` առանց արհեստական պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառման) մթերք: ԵՄ երկրներ հիմնականում արտահանվում է փոքր ծավալներով հյութ, խյուս և սառեցված միրգ: Այս պահին օրգանական սերտիֆիկացման փուլում է գտնվում նաև հայկական բուսական թեյը:
ԷկոԳլոբի տնօրեն Նունե Դարբինյանի կարծիքով` Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը դինամիկ զարգանում է և ողջունելի է, որ հայկական արտադրանքը ԵՄ արտահանելու նախաձեռնությունը հայ գործարարներինն է:
Հայ գործարարների ջանքերին ընդառաջ` Եվրամիությունն իր ջանքերն է գործադրում` լրացուցիչ արտոնություններ ստեղծելով ԵՄ շուկա մուտք գործելու համար:
Դրանցից է GSP և GSP+ ստանդարտը կամ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը», որին Հայաստանն անդամակցում է 2009 թ. հունվարի 1-ից:
Ըստ GSP ստանդարտի` շուրջ 176 զարգացող պետությունների մոտ 6400 անուն ապրանքատեսակներ արտոնված են ԵՄ շուկա մտնել զրոյական կամ զգալիորեն ցածր մաքսատուրքով: Իսկ GSP+ ստանդարտն առաջարկում է մաքսատուրքերի լրացուցիչ նվազեցում` աջակցելու զարգացող խոցելի պետություններին այս ոլորտում միջազգային համաձայնագրեր վավերացնելու և իրականացնելու գործում:
Հայաստանն ընդգրկված է նաև Եվրամիության` 2004 թ.-ից գործող «Էքսպորտ ՀելփԴեսք» (Export HelpDesk) ինտերնետային տեղեկատու կայքում (www.exporthelp.europa.eu), որի նպատակն է Եվրամիության շուկան հասանելի դարձնել զարգացող երկրների արտահանողների համար:
Գործարարներն այստեղ կարող են տեղեկանալ ԵՄ տվյալ ապրանքի արտահանման համար սահմանված պահանջներին, կիրառվող մաքսատուրքերին, պարզել ծագման հավաստման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, արտոնյալ ռեժիմները և գտնել օգտակար կապեր ու գործընկերներ:
Մեկ այլ ոչ պակաս կարևոր ռեսուրս հայ գործարարների համար կարող է դառնալ նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցը (ՁԵՑ Enterprise Europe Network EEN) (http://www.enterprise-europe-network.ec.europa.eu/index_en.htm), որը Եվրամիության ամենամեծ նախաձեռնություններից է` աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) Եվրոպայում և նրանից դուրս:
«Միջազգային կոշտ մրցակցային պայմաններում ԵՄ ընկերությունները միշտ փնտրում են նոր շուկաներ, որքան էլ որ դրանք փոքր լինեն»,- ասում է AEPLAC-ի ղեկավարը,- որպես տնտեսական գործընկեր Հայաստանն ունի մի շարք առավելություններ` էժան և որակյալ աշխատուժ, բաց տնտեսություն, ԵՄ-ում մեծ պահանջարկ վայելող մի քանի արտահանվող արտադրատեսակներ:
ԵՄ ընկերությունները հայկական հումքն օգտագործում են իրենց արտադրության մեջ` ստանալու հնարավորինս ցածր գներ և արտադրության ծավալների աճ»:
Միևնույն ժամանակ ԵՄ փորձագետը շեշտում է, որ Հայաստանի հետ գործարքային հնարավորություններն ի չիք են դառնում` քանի դեռ երկրում կա կոռուպցիա և գործում են բեռնափոխադրման բարձր գներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել