Քոբուլեթի մեկնելիս զգուշացեք ձեր տոմսի «դվայնիկից»
Գեւորգ Լալայան
Ինչեր ասես, որ չեն հորինի անաշխատ եկամտի սիրահարները հանուն փողի: Եվ եթե ամառը շատերի համար հանգստի լավ ժամանակ է, իսկ ոմանց համար տաղտկալի տապի, թվում է, չվերջացող շղթա, ապա կա եւ ճապուկ պրագմատիկների մի խումբ, ում բնությունն ի վերուստ օժտել է ամառային շոգերից անգամ դրամ շինելու անուրանալի ձիրքով: Բայց ամեն ինչի մասին` հերթով:
Միջին վիճակագրական հայաստանցին, թերեւս, նախընտրում է արձակուրդներն անցկացնել վրացական առափնյա քաղաքներում, որտեղ ընտանիքով հանգստանալն ավելի էժան է եւ սպասարկման մակարդակն` ավելի բարձր, քան Հայաստանում: Գումարած ծովը: Չասենք` իդեալական, բայց Վրաստանի ծովեզերքը ամեն դեպքում շատ ավելի հարմարավետ ու գրավիչ է հայ հանգստացողների համար:
Եվ քանի որ մասնավորապես հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հարեւան երկիր մեկնողների պակաս չի զգացվում, ստիպված պետք է Երեւանից գնացքի տոմսերը գնել 10-15 օր առաջ, ինչպեսեւ վարվեց տողերիս բազմաչարչար հեղինակը:
Հայկական երկաթուղին ապրած կենա` նախապես տոմսերը գրպանումդ ունենալով, կարող ես ազատ շունչ քաշել` գրեթե համոզված, որ առանց արկածների կհասնես Քոբուլեթիում հանգստացող մերձավորներիդ, մի քանի հիշարժան օր կանցկացնես նրանց հետ եւ թարմացած կվերադառնաս տուն: Ինչ իմանաս, որ քեզ հիասթափություն է սպասում:
Իսկ հիասթափությունը սկսվում է կայարանից, ուր հենց մեկնումի օրը բախվում ես հայկական իրականությանն ինչ-որ տեղ բնորոշ խառնիճաղանջ մի իրարանցումի ու հրմշտոցի:
Զարմանալ կարելի է, թե ինչու են վագոն բարձրանալիս մարդիկ «առաջկտրուկ» խաղում, չէ՞ որ դրա անհրաժեշտությունն ամենեւին չկա` տոմսերը վաճառվել են նախօրոք, առկա տեղերին համապատասխան, ուրեմն ամեն ոք պետք է որ իր կոնկրետ կուպեում ունենա իր կոնկրետ տեղը, ինչպես նշված է տոմսի մեջ եւ ինչպես ենթադրում է տարրական կարգը:
Բայց... իսկական հրմշտոցը դեռ առջեւում էր, երբ պարզվեց, որ մեկնողների փաստացի տեղերը զբաղեցրել են ուրիշ ուղեւորներ` տոմսերի ճիշտ նույն գրառումով:
Այսինքն` մեկ տեղի համար երկու տոմս էր վաճառվել` մեկն օրինական, մյուսը... դե ինքներդ եք հասկանում: Եվ այդօրինակ «թյուրիմացությունը» համատարած բնույթ ուներ:
«Ձեր տոմսը այս ընկերոջ տոմսի դվայնիկն է, պետք չէ աղմկել»,- իմ դժգոհությանն անվրդով արձագանքեց ժամանակին «դեպքի վայր» հասած հերթապահ ուղեկցողը եւ անհարմար վիճակում հայտնված մեկ տասնյակից ավելի ուղեւորներին, ովքեր տոմսերը ձեռքներին շվարել-մնացել էին, առաջարկեց հետեւել իրեն:
Իրերս այդտեղից նորից քարշ տալով` փութացի հետ չմնալ շարքից, քանի դեռ չի հայտնվել իմ տոմսի` այս անգամ «տրայնիկն» ունեցող մեկ այլ ուղեւոր:
Անտրտունջ հետեւում էինք մարդուն, եւ գլխիս մեջ դարձյալ կասկածներ պտտվեցին, ինչպես այն օրը, երբ իմ պատվիրած տոմսերը սիրունատես գանձապահուհին լրացնում էր գրչով, եւ տվյալները չէին ֆիքսվում համակարգչի մեջ:
Այդ փաստը շատերի զարմանքն էր հարուցել. զանգվածային կոմպյուտերացման մեր այս ժամանակներում ի՞նչ գործ ունի պապենական գրիչը, որին աննրբանկատորեն վերադարձել է Հայկական երկաթուղին: Ինչ որ է:
Ուղեկցողը, որի անունը պարզել չհաջողվեց, մեզ առաջնորդեց դեպի գնացքի պոչից կպցրած լրացուցիչ վագոն: Այնտեղ համեմատաբար հանգիստ էր, չնայած արդեն բավականին «դվայնիկներ» էին հավաքվել տարբեր վագոններից` համալրելով «լրացուցիչ» ուղեւորակազմը, որից գանձված հասույթը, որքան հասկացանք, դուրս էր պետական հաշվառումից եւ, ամենայն հավանականությամբ, մտնում էր ոլորտի մեծամեծերի գրպանները:
«Դվայնիկ» տոմսատերերից մեկը նույնիսկ մտքում արագ հաշվելով` ամենքին ի լուր հրապարակեց «ձախ գումարի» թիվը` ամեն ուղերթից առնվազն 400-500 հազար դրամ:
Ամեն պարագայում դա ուղեւորների պարզելիք խնդիրը չէ, քաղաքացիական մեր պարտքը ահազանգ հնչեցնելն է, ինչը եւ արեցինք: Մնացածը պատկան մարմինների գործն է, թող բարի լինեն` հետաքրքրվեն, թե ովքեր են Հայկական երկաթուղում իրենց ձեռքերը տաքացնում «դվայնիկային» այս գործելաոճից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել