HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնագետները` աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին

Քրիստինե Վարդանյան Այս տարվա առաջին կիսամյակում Աշխատանքի պետական տեսչությունը հայտնաբերել է այնքան չձևակերպված աշխատող, որքան գրանցվել է նախորդ ողջ տարվա ընթացքում: Նոր ընդունված և օգոստոսի 7-ից կիրարկվող աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով կարգավորվել են աշխատանքային հարաբերությունների ծագման 2 հիմնական ձևերը` գրավոր պայմանագիրը և կողմերի համաձայնությամբ գործատուի ընդունած անհատական իրավական ակտը: Այսինքն` նախկինում տարաբնույթ վեճերի առիթ դարձած բանավոր աշխատանքային պայմանագիր կոչվածն այլեւս չկա: Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն այսօր հարվիրած ասուլիսում, ներկայացնելով աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ասաց, որ եթե նախկինում աշխատանքային պայմանագիրը կնքվում էր նվազագույնը 5 տարի ժամկետով, ապա հիմա այդ ժամկետը հանվել է: «Պայմանագիրն այժմ կնքվում է որոշակի ժամկետով` որոշակի օրացուցային տարի կամ մինչև որոշակի իրադարձության ավարտ: Այս չափանիշով են աշխատում նաև եվրոպական երկրներում: Իսկ իրավական ակտ կնքելիս գործատուն պարտավոր է եռօրյա ժամկետում տալ ակտի օրինակներից մեկը աշխատակցին` երկկողմանի ստորագրությամբ ու կնիքով»,- ասում է նա: Նոր օրենսգրքի 105 հոդվածի համաձայն` փոփոխվել են նաև աշխատանքային էական պայմաններին վերաբերող դրույթները. աշխատանքի կազմակերպում, աշխատանքային ռեժիմ, աշխատավարձ, ծանուցման ժամկետ և այլն: Ելնելով աշխատանքային ստաժից` նախատեսվում է ծանուցման ժամկետի տարբերակված մոտեցում. որքան ստաժը երկար է, այնքան գործատուն պարտավոր է ավելի շուտ ծանուցել պայմանագրի լրանալու մասին, և դրանով է որոշվում նաև աշխատանքից արձակման նպաստի չափը: Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանն էլ ասաց, որ 2009թ. արձակուրդը չօգտագործած անձինք պիտի այն օգտագործեն մինչև 2011թ. հունիսը: Բացի ամենամյա արձակուրդի սահմանումը` նոր աշխատանքային օրենսգրքով կարգավորվել է նաև արտաժամյա և գիշերային աշխատանքի խնդիրը: «Եթե նույնիսկ աշխատանքային պայմանագրում կամ իրավական ակտում նշված չէ, որ գործատուն պարտավոր է վճարել արտաժամյա աշխատանքի դիմաց կամ հանգստյան օրերին աշխատացնելիս հավելավճար տալ (օրենքով սահմանվել է 5 աշխատանքային օր, իսկ շաբաթ օրն աշխատելու դիմաց գործատուն պետք է վճարի ոչ միայն հավելավճար, այլև հանգստյան օրվա դիմաց), դա նրան չի ազատում վճարելու պարտականությունից,- «Հետքին» պարզաբանեց Սմբատյանը,- օրենքն ավելի մեծ ուժ ունի ու երաշխիք է, քան պայմանագիրը: Այդ դեպքում աշխատողը կարող է դիմել մեր տեսչություն, ու մենք կօգնենք նրան ստանալ իր գումարը»: Նա «Հետքին» ասաց նաև, որ իրավական կատ ստորագրելիս գործատուն աշխատակցի համար հարկ է վճարում նույն սկզբունքով, ինչ սկզբունքով վճարում է աշխատանքային պայմանագիր ստորագրելիս (երկու փաստաթուղթն էլ իրավական ուժ ունեն): «Գերմանական մի լավ ասացվածք կա. պաշտպանիր քեզ ու բոլորը կպաշտպանեն քեզ: Իսկ մենք մեզ չենք պաշտպանում»,- ասաց Արմեն Սմբատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter