Մարում են նախկինների կուտակած պարտքերը
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի բուժհիմնարկների կրեդիտային պարտքը ընդհանուր առմամբ կազմել է 73 մլն 289 հազար դրամ: Անցած ամիսների ընթացքում մարվել է 29 մլն 550 հազ. դրամը: Սակայն 01.08.2010 թ. դրությամբ` բուժհաստատությունները դեռ ունեն 43 մլն 739 հազ. դրամի պարտք:
Աշտարակի բժշկական կենտրոնը տարեսկզբին ունեցել է 20 մլն 311 հազ. դրամ պարտք, որից մարվել է 6 մլն 789 հազարը: Նույն ժամանակահատվածում Ապարանի բժշկական կենտրոնը տարեսկզբին ունեցել է 9մլն 821 հազ. դրամ պարտք, որից մարվել է 912 հազարը: Թալինի բժշկական կենտրոնը տարեսկզբին ունեցած 22 մլն 510 հազ. դրամ պարտքից վճարել է գրեթե կեսը` 10 մլն 139 հազ. դրամ, իսկ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը տարեսկզբին ունեցել է 4մլն 143 հազ. դրամ կրեդիտորական պարտք, որն ամբողջությամբ մարվել է:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 2009-2010 թթ. ընթացքում մարզի բոլոր բուժհաստատություններում կրեդիտային նոր պարտքեր չեն գոյացել, իսկ վերոհիշյալ պարտքերը գոյացել են մինչ այդ ընկած ժամանակահատվածում:
«Ո՞րն է պարտքերի գոյացման պատճառը» հարցին ի պատասխան` մարզպետը նշեց, որ դժվար է գտնել այդ հարցի պատասխանը. «Պատճառը, հավանաբար, գործի հանդեպ անպատասխանատու եւ անբարեխիղճ վերաբերմունքն է եղել» :
Հատկապես պարտքեր կուտակելու եւ «անբարեխիղճ» վերաբերմունքի համար 2009 թվականի հունիսին աշխատանքից ազատվել են մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Տարիել Պողոսյանը, իսկ նույն տարվա նոյեմբերին` «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Ուրղանջյանը:
Ս. Սահակյանի ասելով, պարտքերը մարելու նպատակով կազմվել է հստակ ժամանակացույց, որի համաձայն էլ դրանք ամբողջությամբ կմարվեն մինչեւ տարեվերջ: «Այդ պարտքերը խոչընդոտ չեն հանդիսանում բուժաշխատողների աշխատավարձերի վճարման հարցում, քանի որ վերջին երկու տարում նոր պարտքեր չեն կուտակվել»,- ասում է մարզպետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել