Իգոր Մուրադյան. «Մեր միակ կայուն ու կանխատեսելի դաշնակիցն Իրանն է»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նախօրեին: «Հայաստանը տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը նա բնութագրել է որպես Մոսկվայի կողմից քաղաքականության բացարձակ կոմերցիալիզացում, իսկ Հայաստանի կողմից` ինքնավարության կորուստ:
Կարևորելով ժողովուրդների դերակատարումը երկրների անկախություն կերտելու գործում, բանախոսը շեշտել է, որ իրական անկախություն են ձեռք բերում այն երկրներն ու ժողովուրդները, որոնք ցանկանում են այն ունենալ և գործնական քայլեր անել:
Նրա համոզմամբ` աշխարհը հաշվի է առնում ոչ այնքան կառավարությունների դիրքորոշումը, որքան ժողովուրդների կամքը: Ի. Մուրադյանը համարում է ԱՄՆ-ը տարածաշրջանային զարգացումների հիմնական գործոն, անգամ ներկայիս թվացող անգործության պայմաններում: Նրա կարծիքով` այժմ ԱՄՆ ու Եվրոպան միավորված ջանքերով սկսել են Թուրքիային զսպելու քաղաքականությունը, ուր Հայաստանն ունի իր ուրույն դերակատարությունը:
Ուստի մեր կողմից միամիտ կլիներ միանշանակ առաջնորդվել Ռուսաստանի կամքով, քանի որ վերջինս պատրաստ է որոշակի զիջումներ անել Հայաստանի հաշվին, տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով, մինչդեռ մեր միակ կայուն ու կանխատեսելի դաշնակից հանդիսանում է Իրանը: Հատկապես անթույլատրելի է Հայաստանի դիրքորոշումը պայմանավորել էներգակիրների տեղափոխման ծրագրերով, քանզի նավթի ու գազի գործոնը կտրուկ նվազելու է մոտ ապագայում, ինչի պատճառով էլ նվազելու է նաև Ադրբեջանի դերը տարածաշրջանում:
Իգոր Մուրադյանի գնահատմամբ` ԱՄՆ-ը ներկայիս փուլում թույլ է տալիս, որ Թուրքիան առաջ գնա տարածաշրջանային հավակնությունների առումով եւ այդպիսով բախվի տարածաշրջանի երկրների ու հարեւանների հետ: Հաջորդ փուլը լինելու է այն, որ ակտիվացնելու են Թուրքիային զսպելու ներուժ ունեցող երկրներին:
Ըստ բանախոսի` ամերիկացիները առաջին անգամ դիմում են նոր` Ղարաբաղի հարցի խաղարկման, ընդդեմ Թուրքիայի: Այդ առումով Իգոր Մուրադյանն ասում է, որ այդ հարցը չի լուծվի, քանի որ ամերիկացիները չեն ցանկանում դրա լուծումը: Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ-ի համար Ղարաբաղի հարցը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ շահի լուրջ բախում առաջացնող հարց է:
Ըստ բանախոսի` նրանք, ովքեր համարում են, որ տարածք տալով կարելի է հարց կարգավորել, չունեն հեռանկար, շեշտելով, որ առաջին անգամ ԱՄՆ, Եվրոպան և Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի առումով համակարծիք էին, բայց Հայաստանն անկարող եղավ օգտվել դրանից:
«Այս իշխանությունները առաջադրված խնդիրները կամ չեն գիտակցում կամ էլ չեն կարողանում լուծել: Ուստի հնչում է հռետորական հարց. կա արդյոք Հայաստանում էլիտար մի խումբ, որն ունի իշխանության գալու հավակնություններ եւ կարող է օգտվել ներկայիս նպաստավոր իրավիճակից»,- ինչպես փոխանցում են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամլո ծառայությունից, հռետորաբար հարցրել է Իգոր Մուրադյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել