HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական ընթրիք` ի պատիվ Դմիտրի Մեդվեդեւի

ՀՀ Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ` Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի, երեկ երեկոյան տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: «Սա նշանակալից այց է: Պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջեւ: Եւ տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման եւ մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար,-ասել է ՀՀ նախագահը եւ ավելացրել,- մենք հպարտանում ենք մեր ժողովուրդների միջեւ բարեկամական վաղեմի եւ ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ եւ հաջող համագործակցությամբ: Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման ամենակարեւոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարեւոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք»: Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հայ-ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության կարեւորության մասին: «Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես եւս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարո'ղ ենք եւ եռանդուն կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը»,- ասել է նախագահ Սարգսյանը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության, Ռուսաստանի Դաշնության եւ ռուս գործընկերների մասին ասված բարի խոսքերի համար: «Մեր հարաբերությունները, իրոք, դարերով են հաշվվում: Եւ որ ամենակարեւորն է` այդ դժվարին պատմական փուլերում մեր ժողովուրդներն ավանդաբար աջակցել են միմյանց: Դրա օրինակները շատ են»,- նշել է նա: Նախագահ Մեդվեդեւը նաեւ նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկը օգնության հասնելով Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում` բարոյական եւ մարդկային մեծ աջակցություն է ցուցաբերել: «Ռուս-հայկական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում` իսկապես շատ սերտ են: Դրանք նույնիսկ կարելի է օրինակելի կոչել, ընդ որում` բոլոր ուղղություններով: Մեր երկխոսությունը փոխշահավետ է, այդ թվում` նաեւ մարզերի եւ մարդկանց միջեւ ուղիղ շփումների միջոցով, ինչը հատկապես կարեւոր է եւ գնահատելի: Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, բոլոր գործընկերներին` մեր հարաբերությունների ամրապնդման, մեր երկրները միմյանց կապող, իսկապես, դաշնակցային հարաբերությունները զարգացնելու անկեղծ ձգտման համար: Այս պետական այցը հենց այդ դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն է»,- նշել է ՌԴ նախագահը: ՌԴ նախագահի պատվին տրվող պետական ճաշին մասնակցել են ՀՀ եւ ՌԴ նախագահները` իրենց տիկնանց հետ, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ակտիվ ներդրում ունեցող հասարակական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ՀՀ եւ ՌԴ նախագահները երեկոյան նաեւ զբոսնել են Հանրապետության հրապարակում, «Երգող շատրվանների» շուրջ` ունկնդրելով հատուկ ՌԴ նախագահի պետական այցի պատվին հնչող ռուս դասականների ստեղծագործություններ: Հրապարակում գտնվող երեւանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւն այցելել են երեւանյան սրճարաններից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter