«Վերջին հրաժեշտի» ոդիսականը
Կամո Մանվելի Համբարյանը 1988 թ.-ից ապրում է ՌԴ-ում. ՌԴ-ի քաղաքացի է: Այս տարի փետրվարին ընտանիքով եկավ Հայաստան` Վանաձոր: Երբ Ռուսաստան վերադառնալու ժամանակն էր, մահացավ նրա տատիկը, ու դա չնախատեսված հետաձգեց նրա մեկնումը: Այդ օրերին լրանում էր նրա արտասահմանյան անձագրի վավերության ժամկետը (Կամոն երկու անձնագիր ունի` ՌԴ-ում ու նրա տարածքից դուրս գործող): Այն տրվել էր 5 տարի ժամկետով` մինչեւ 2010 թ. փետրվարի 3-ը:
Փետրվարի 10-ին Կամոն ՌԴ մուտքի քարտ ստանալու համար գնաց Գյումրու քաղ. ՌԴ գլխ. հյուպատոսարան, որի ենթակայության տակ է նաեւ Լոռին: Այնտեղ անհրաժեշտ փաստաթղթերը Կամոյից վերցրին ու ասացին, որ նրա անձի մասին հարցում կանեն ու պատասխանն ստանալուն պես կտեղեկացնեն: Մարտի վերջին Կամոն հետաքրքրվեց, պատասխան չէր ստացվել: Սպասեց նաեւ ապրիլ-մայիսին: Փաստաթղթերը գտել, վերականգնել էին: Բայց պահանջում էին, որ դեսպանատունը նորից հարցում ուղարկի: Դեսպանատունը ձգձգում էր հարցումը:
«Զանգում հարցնում էինք` ուղարկե՞լ են հարցումը, ասում էին` հա, էսօր կհասնի, վաղը կհասնի: Մի ամիս խաբեցին: Հետո պարզվեց, որ չեն ուղարկել»,- ասում է Կամոյի կինը` Լուսինե Վարդումյանը:
Վերջապես մայիսի 26-ին հարցումն ուղարկվեց: Հունիսի 10-ին Գյումրու քաղ. ՌԴ գլխ. հյուպատոսարանից Վ. Ի. Խրուլյովի ստորագրությամբ պատասխան ստացվեց, որ Ամուրսկի շրջանի Միգրացացիոն ծառայության տվյալներով` Կամո Մանվելի Համբարյանը չի կարող ճանաչվել ՌԴ քաղաքացի, քանի 06.02.1992 թ. դրությամբ նա ՌԴ-ի տարածքում մշտական բնակություն չի ունեցել եւ ըստ բնակության վայրի` գրանցված չի եղել:
«Դեսպանատանը փաստաթղթերը հետ տվեցին ու ասացին` գնա, այլեւս մի անհանգստացրու»,- պատմում է Լուսինեն:
Այնինչ 88-ից հետո Կամոյի կենսագրությունն ամբողջությամբ Ռուսաստանի հետ է կապված: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է ՌԴ: Այնտեղ է սովորել, աշխատել, զինակոչվել: ՌԴ-ում է գրանցված նրա ամուսնությունը. երեխաները ՌԴ-ի քաղաքացիներ են:
Սկզբում Կամոն միակ ՌԴ քաղաքացիություն ունեցողն է եղել ընտանիքում, եւ բոլոր փաստաթղթային գործարքները նրա անունով են արվել: Նրա անվամբ են ձեւակերպվել ավտոմեքենան, հոր ֆիրման, որ նրա մահից հետո անցել է որդուն: Կան նրա անձը հաստատող այլ փաստաթղթեր` աշխատանքային գրքույկ, ամուսնության զինվորական վկայականներ, առողջության ապահովագրման քարտ, մեքենայի տեխզննման, բնակության վայրի մասին տեղեկանքներ: Այս բոլոր փաստաթղթերը ներկայացվել են դեսպանատուն, բայց բավարար ապացույց չեն համարվել:
Չի վերականգնվել միայն 88-92թթ. Նրա` հանրակացարանում բնակվելու տվյալը` արխիվում այդ մասին հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով: Բայց ուսանողության այս տարիներին էլ Կամոն աշխատանքային պրակտիկա է անցել, ինչի մասին նշում կա նրա աշխատանքային գրքույկում: Եվ, վերջապես, ամենամեծ ապացույցն աձնագիրն է:
Դեսպանատան տված պատասխանն ու Կամոյի` ՌԴ անձնագիրն իրար հակասում են: Անձնագրով Կամոն ՌԴ-ի քաղաքացի է: Եթե ռուսական անձնագիրն անօրինական լիներ, նրան արտասահմանյան անձնագիր չէր տրվի: Այն ռուսական անձնագրի հիման վրա է տրվել: Կեղծ անձնագրի դեպքում նրան չէր տրվի նաեւ միգրացիոն քարտ (справка на выезд), որով եկել է Հայաստան: «Տարի ա եղել` 3 անգամ Հայաստան ա եկել: Եթե կեղծ լիներ, չէի՞ն բռնի»,- հարցնում է կինը:
Մյուս կողմից, անձի մոտ կեղծ անձնագիր հայտնաբերելով` որեւէ միջոց չձեռնարկելը օրենքի կոպիտ խախտում է դեսպանատան կողմից: «Եթե ասում է, որ ՌԴ-ում չես բնակվել, ուրեմն նրա ձեռքում եղած անձնագիրն անօրինական է եղել: Իսկ եթե դեսպանատանը հայտնի է եղել, որ անձի ձեռքին կա ոչ իրավաբանական հիքմեր ունեցող փաստաթուղթ, ինքը դրա մասին պետք է հաղորդում ներկայացներ, այսինքն` իրեն հայտնի դարձած հանցագործության»,- մեկնաբանում է Հելսինկյան քաղաքացիական կոմիտեի իրավաբան Արայիկ Զալյանն ու ավելացնում, որ ՀՀ օրենսդրությամբ` հանցագործության մասին իմանալն ու թաքցնելը եւս հանցագործություն է:
Դեսպանատանը Կամոյին ասել էին, որ դիմի ՀՀ անձնագրային բաժին, ստանա իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ` ՀՀ անձնագիր, որով կկարողանա գնել տոմս ու մեկնել ՌԴ: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից հայտնել էին, որ վերջինիս քաղաքացիությունը պարզել հնարավոր չէ, քանի որ անձնագրային համակարգի ու բնակչության պետռեգիստրի տեղեկատվական պահոցներում նրա վերաբերյալ տեղեկություններ չկան: Միաժամանակ հայտնել էին, որ նա ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված չէ, այսինքն` ՀՀ անձնագիր չի ունեցել:
Կամոն ՌԴ-ում իրավաբան վարձեց, որի հետ հեռախոսով էին աշխատում: Իրավաբանը երաշխավորագիր ստացավ Կամոյից ու հայց ներկայացրեց դատարան: Նորից փաստաթղթեր ուղարկվեցին, վկաներ գտնվեցին Կամոյի կուրսից, հանրակացարանից: Դատավարությունից հետո իրավաբանը զանգեց եւ շնորհավորեց Կամոյին. «Դատը շահել ենք. դու քաղաքացի ես»:
Վեց ամսվա քաշքշուկից հետո Կամոն վերջապես մեկնեց ՌԴ: Կնոջ տեեկացմամբ` արդեն 10 օր է` այնտեղ է, բայց «մնացել է անաշխատանք. բոլոր պայմանագրերը կորել են, ոչ մի գործ չի անում, պարապ նստած ա»:
Ընտանիքը ժամանակի ու նյութական կորուստ է կրել. իրավաբանի ծառայության վարձը 15 հազար ռուսական ռուբլի է: Վճարումներ են կատարվել նաեւ դեսպանատանը` փաստաթղթերի մուտքագրման համար: Դրան ավելացրած ճանապահածախսը:
«Մի 15 անգամ գնացած-եկած կլինի Գյումրի, Երեւան,- ասում է կինն ու շարունակում,- տանն ինչ ունենք, բանկում տոկոսի տակ ենք դրել: Վեց ամիս մարդը կարա՞ առանց աշխատանք ապրի. ընտանիք ա, երեխեք են: Ո՞ւմ ա հետաքրքիր, ոչ մեկին էլ հետաքրքիր չի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել