HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնավոր դպրոց. ո՞վ է վերահսկում դրանց աշխատանքը

Վաղուց հայտնի է ուսուցիչների և մանկավարժների կարևորությունը ազգի կրթման և դաստիարակման գործում: Ցավոք, լավ հայտնի է նաև իրենց գործին նվիրյալ ուսուցիչների նկատմամբ որոշ ծնողների, դպրոցի ղեկավարության և պետական պաշտոնյաների ունեցած վերաբերմունքը: Բազմիցս լսել ենք, որ ուսուցիչները շատ են աշխատում, մեծ ու կարևոր գործ են անում, սակայն քիչ վարձատրվում: Բոլորս էլ ամեն ինչից դժգոհ ենք ու միշտ բողոքում ենք, նույնիսկ բազմաչարչար ուսուցիչների աշխատանքից:

Բոլոնյան նոր կրթական համակարգը ստիպեց որոշ հանրակրթական դպրոցների տնօրենների կրճատել ուսուցիչներին: Չկա կոնկրետ օրինական հրաման կամ իրավական ակտ, որտեղ պարզ և հստակ սահմանված լինի, թե ում և ինչ պայմաններում պետք է ազատել աշխատանքից:

Այսպիսի ցավոտ խնդրի հետ բախվեց  Երեւանի թիվ 176 դպրոցի շենքում գտնվող «Ռ. Ազարյան» մասնավոր դպրոցի մի մանկավարժ, ով չուզեց հրապարկել իր անունը: Մանկավարժը դպրոցում աշխատում էր մոտ յոթ տարի և հանկարծակի  ազատվում է աշխատանքից` առանց կոնկրետ պատճառաբանման:

Դպրոցում կան մարդիկ, ովքեր աշխատում են առանց պայմանագրի, ուսուցիչներին շատ անգամ աշխատավարձը ուշացումով է տրվում: «Մենք մայիս ամսվա «աղքատավարձը» օգոստոսին ենք ստացել»,- ասաց մեկ այլ ուսուցչուհի` անվանելով իր աշխատանքի համար վճարվող գումարը «աղքատավարձ»:  Քանի որ դպրոցը մասնավոր է, աշխատավարձը կախված է նաև ծնողների ժամանակին վճարելուց: «Ո՞վ է լսել, որ տարվա ընթացքում մի քանի անգամ ուսուցչուհին գնա աշակերտների ծնողների մոտ և մուրա ուսուցման գումարը, որ նա ի վերջո դպրոցից աշխատավարձ ստանա»,- ասում է ինձ հետ զրուցող ուսուցչուհիներից մեկը:

Զրույցի ընթացքում ուսուցչուհիները տեղեկացրին, որ աշակերտներ կան նաև, որ գրանցված են պետական դպրոցում, իսկ սովորում են մասնավորում: Մատյանը պահում են մի հատ, իսկ դասարանի կեսը սովորում է ռուսերեն, կեսը` հայերեն, նույն դասարանում, նույն դասաժամին: Ստուգումների ժամանակ, աշակերտները ուղարկվում են տուն մի քանի օրով, որպեսզի չբացահայտվի մասնավոր դպրոցի «գաղտնիքը»:

Զարմանալի չէ, որ մասնավոր դպրոցը այսպիսի անօրինություններ է ծնում, քանի որ դրանք առկա են նաև այլ դպրոցներում, ուղղակի չի բարձրաձայնվում: Եթե հարցնեք՝ ինչու, ապա դժվար չէ գտնել պատասխանը. ուսուցիչները կարիք ունեն փողի, իսկ բացի դպրոցից՝ ուրիշ ոչ մի տեղ չեն կարող աշխատանք գտնել, հատկապես ավելի մեծ տարիքով կանայք, ովքեր կարծես թե մոռացված են հասարակության և պետության կողմից: Այս պատճառով հանդուրժում են թե նվաստացուցիչ վերաբերմունքը և թե չնչին աշխատավարձը:

Աշխատել հիմա դպրոցում իսկապես սխրանք է, հատկապես մասնավոր դպրոցում, բայց իսկական ուսուցիչը միևնույնն է մոռանում է դասի ժամին ամեն ինչ և մեծ սիրով թե աշակերտների և թե ուսման նկատմամբ կատարում է իր գործը: Սակայն ինչքա՞ն կարելի է հանդուրժել այսպիսի վերաբերմունքը աշխատանքի վայրում: Ի վերջո նման հարյուրավոր դեպքերը կոտրում են ուսուցչուհու կիրքը ուսման նկատմամբ և նույնը փոխանցվում է աշակերտներին, որոնց մեծ մասը նույնիսկ ցանկություն չունի դասի նստելու և սովորելու:

Լիահույս ենք, որ կրթության և գիտության նախարարության կողմից կլինեն արձագանքներ, հարցումներ ու քննարկումներ և ի վերջո համապատասխան գործողություններ, որոնք կհանգեցնեն հանրակրթական դպրոցներում տիրող անօրինությունների վերացմանը, ուսուցման որակի և ուսուցիչների իրավիճակի լավացմանը: Սակայն դրան կհասնենք միայն տիրող իրավիճակը տեսանելի դարձնելով, երբ վերջապես ծնողները, ուսուցիչները և աշակերտները կսկսեն բարձրաձայնել յուրաքանչուր դպրոցում տիրող անօրինականությունների մասին:

Միլենա Աբրահամյան

Լուս.՝ Անուշ Քոչարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter