HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Հարությունյան. «Մեր անվտանգության առաջին երաշխավորը մենք ենք»

Նորավանք  հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով` հայ-ռուսական նորացված պայմանագիրը ենթադրում է Հայաստանի անվտանգության ապահովում և բխում է մեր շահերից` ելնելով թեկուզ միայն այն փաստից, որ հիմա Թուրքիան ավելի ագրեսիվ ու վտանգավոր է, քան նախկինում: «Որքան երկար է պայմանագրի ժամկետն, այնքան կայուն է մեր երկրի անվտանգության հարցը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հարությունյանը: Բանախոսի համոզմամբ` պայմանագրի թարմացումը Ռուսաստանի նորագույն քաղաքակրթության ժեստերից մեկն էր, քանի որ վերջինս «ինչ-որ տեղ շտապում էր ամրագրել իր հենակետային ամրոցը մեր երկրում»: «Ինքնիշխանության առումով` Հայաստանը տարածաշրջանում առաջնային դերում է, և այս մասին փաստում են «Ամերիկայի արտաքին քաղաքականաւթյուն» ամսագրում վերջերս հրապարակված տվյալները, իսկ պայմանագիրը մեր երկրի ինքնիշխանությանը ոչ մի կերպ վնասել չի կարող»,- ասաց Գ. Հարությունյանը: Նա «Հետքին» մեկնաբանեց, որ երկրի ինքնիշխանություն ասելով` պետք է հասկանալ, թե որքանով է իշխանությունն ազատ իր որոշումներն ընդունելու մեջ: «Մենք ամեն օր խոսում ենք ներդրումներ կատարելու մասին, ու ես սարսափելի բան չեմ տեսնում նրա մեջ, որ մեր տնտեսական կարևորագույն օբյեկտները գտնվում են ռուսական հսկողության տակ. վերջիվերջո, հայ և ռուս գործարարներն ավելի հեշտ են լեզու գտել ու գտնում միմյանց հետ, միգուցե նաև մշակույթի խնդիր է: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ մինչ պայմանագրի թարմացումը Հայաստանում եղած 5000 ռուս զինծառայողները բավարար չէին թուրքական առաջին հարվածին ադեկվատ պատասխան տալու»,- ասաց նա: Հարությունյանի համոզմամբ` այժմ բազմաբևեռ աշխարհի ընդհանուր ձևավորում է ընթանում. ձևավորվում են քաղաքակրթական գաղափարի վրա հենված ասոցիացիաներ, իսկ Թուրքիա-Ադրբեջան սերտացումը չի բխում ոչ միայն Ռուսաստանի, այլև Ամերիկայի շահերից: Նրա խոսքով`«ամեն դեպքում, նույնիսկ այսօր 100 տոկոսով շվեյցարական բանկին վստահել չի կարելի: Սա ենթադրում է, որ մեր երկիրն է իր անվտանգության առաջին երաշխավորը»: Քրիստինե Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter