HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահները բացեցին «Պատվո բլուր» հուշահամալիրը

Ս. Սարգսյանն իր խոսքում ընդգծել է ռուսական բանակի աջակցության պատմական նշանակությունը հայ ժողովրդի համար, նշելով, որ այս վայրերում են մղվել ռուս-թուրքական պատերազմների կովկասյան ճակատի ամենադաժան մարտերը, եւ բազում ռուս զինվորներ ու սպաներ «Պատվո բլուրում» են գտել իրենց վերջին հանգրվանը: Նախագահի խոսքերով` «Պատվո բլուրի» վերականգնումը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության եւս մեկ խորհրդանիշ է: «Իսկապես, ով չի հիշում անցյալը` նա չունի ապագա: Այստեղ` «Պատվո բլուրում», վերականգնվել է ռուս սպաների հուշարձանը, որը պայթեցվել էր 1919 թ. Կարսում` պատմական իրադարձությունների ցավալի զարգացումների հետեւանքով սահմանի այն կողմում հայտնված քաղաքում: Մենք հարգում ենք մեր պատմությունը, հարգում ենք զինվորների հիշատակը, ովքեր իրենց վերջին հանգրվանը գտան հայկական հողում: Հիշելով մեր հերոսներին` մենք պետք է խաղաղության եւ արարման կոչով դիմենք մեր երիտասարդ սերնդին: Արժանի´ եղեք նահատակվածների հիշատակին»,- ասել է նախագահ Սարգսյանը: «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել նաեւ Դմիտրի Մեդվեդեւը: ՀՀ եւ ՌԴ նախագահները ծաղկեպսակ են դրել հուշարձանին, արծաթափայլ եղեւնի են տնկել հուշահամալիրի տարածքում, այցելել այնտեղ գտնվող ռուսական մատուռ: Սարգսյանը եւ Մեդվեդեւը Գյումրիից վերադարձել են Երեւան` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների այսօր  մեկնարկող ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Տեղեկացնենք, որ «Պատվո բլուր» հուշահամալիրում ամփոփված են 1855թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: Անցած տասնամյակներում բարձիթողի վիճակում գտնվելուց հետո, 2009թ. Շիրակի եւ ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ եւ հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով, այս տարածքում իրականացվել են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան: Նախագահ Սարգսյանի ելույթը  «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Հարգելի բարեկամներ, Ուրախ եմ ողջունելու Ձեզ այստեղ` ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս մարտիկների հուշահամալիրի մոտ: Հենց այս վայրերում, մեծ մասամբ` այստեղից դեպի հարավ, տեղի են ունեցել կովկասյան ռազմաճակատի ամենաթեժ մարտերը: Հարյուր հիսունհինգ տարի առաջ  կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, հետեւակազորի գեներալ Մուրավյով-Կարսկու հրամանով այստեղ հիմնվեց զինվորական գերեզմանոց` «Պատվո բլուրը», որտեղ իրենց վերջին հանգրվանը գտան ռազմի գործի համար իրենց կյանքը զոհած հարյուրավոր զինվորներ եւ սպաներ: Օսմանյան կայսրության լծի տակ ապրող ազգերն ակնկալում էին ազատագրում եւ փրկություն Ռուսաստանի աջակցությամբ: Ռուսական բանակի մուտքը նրանց բնօրրաններ նշանակում էր  ազատության, ինքնորոշման եւ անկախացման հնարավորություն: Եւ պատահական չէ, որ հայ ժողովուրդը, որի պատմական հայրենիքը բաժանված էր Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների սահմաններով, սուլթանների բռնապետությունից ազատվելու գործում ակնկալում էր ռուսական բանակի աջակցությունը: Հենց այդ ժամանակներում էլ  առաջացավ դիվանագիտության պատմության բարդագույն հիմնահարցերից մեկը` այսպես կոչված` «Արեւելյան հարցը», որի արձագանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս Բալկաններում եւ Կովկասում: Հայ ժողովուրդը երազում էր իր պատմական հայրենիքի ազատագրման մասին, մինչդեռ Օսմանյան կառավարությունը սպասում էր հարմար առիթի` վերջնականապես լուծելու «հայկական հարցը»: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ կառավարությունն իր հայ հպատակների դեմ ահաբեկություն սանձազերծեց ոչ միայն այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ էին ընթանում: Հայ քաղաքացիական բնակչությունը` կանայք, երեխաներ, ծերեր, անողոքաբար  արտաքսվեց Օսմանյան կայսրության բոլոր քաղաքներից, գյուղերից եւ բնաջնջվեց: Ռուսական առածն ասում է. «Ով անցածը հիշի` նրա աչքը դուրս գա»: Ռուս մեծ գրող Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինն իր վիպական «ԳՈւԼԱԳ Արխիպելագ»-ի նախաբանում հիշատակում է այդ առածի շարունակությունը. «Իսկ ով մոռանա` նրա` երկուսը»: Չկան այնպիսի երկու հարեւան ժողովուրդներ, որոնք չունենան պատմական հակասություններ, հակամարտություններ, տարաձայնություններ, որոնցից շատերն այսօր էլ լուծված չեն: Բայց այդ մարտահրավերի քաղաքակիրթ պատասխանը լիարժեք համագործակցությունն է` փոխշահավետ առեւտուրը եւ փոխըմբռնման ուղիների համատեղ որոնումը: Հենց այս տրամաբանությամբ էլ մենք առաջնորդվեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը նախաձեռնելիս: Բայց գործընթացն արգելակվեց, քանի որ  Թուրքիայի ղեկավարությունը անհրաժեշտ քաղաքական կամք չդրսեւորեց: Մենք, ցավոք, ստիպված ենք սպասել պաշտոնական Անկարայի` իր միջազգային պարտավորությունները կատարելու իրական պատրաստակամությանը: Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Հարգելի բարեկամներ, Խորհրդային տարիներին գաղափարախոսական պատճառներով ճակատագրի քմահաճույքին թողնված «Պատվո բլուր» զինվորական գերեզմանոցի  վերականգնումը դարձավ պատվի խնդիր` արժանի հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին: Դմիտրի Անատոլիի, այսօր ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ` այս հուշարձանի բացմանը Ձեր մասնակցության համար: Հատուկ ցանկանում եմ նշել եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյին, ով նախաձեռնեց այս նախագիծը  եւ նրա իրականացումը դարձրեց իր ամենօրյա խնդիրը, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության Շիրակի  եւ Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզերի վարչակազմերին, որոնց համագործակցության շրջանակում էլ ստորագրվել էր այս հուշահամալիրի վերականգնման մասին համաձայնագիրը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Պատվի գործ» բարեգործական հիմնադրամին, ճարտարապետներին, քանդակագործներին, շինարարներին, բոլորին, ովքեր մասնակցել են այս ազնվաբարո գործի իրականացմանը: Իսկապես, ով չի հիշում անցյալը` նա չունի ապագա: Այստեղ` «Պատվո բլուր»-ում, վերականգնվել է ռուս սպաների հուշարձանը, որը պայթեցվել էր 1919 թ. Կարսում` պատմական իրադարձությունների ցավալի զարգացումների հետեւանքով սահմանի այն կողմում հայտնված քաղաքում: Մենք հարգում ենք մեր պատմությունը, հարգում ենք զինվորների հիշատակը, ովքեր իրենց վերջին հանգրվանը գտան հայկական հողում: Հայ-ռուսական բարեկամության պատմությունը, որը կարելի է բնութագրել որպես երկու ժողովուրդների մշտական մերձեցում, հարուստ է հերոսության, ընդհանուր նպատակի եւ ընդհանուր հաղթանակի համար ինքնազոհության օրինակներով: Մենք հիշում եւ հարգում ենք գեներալներ Նիկոլայ Մուրավյովի, Միխայիլ Լորիս-Մելիքովի, Արշակ Տեր-Ղուկասովի եւ Միխայիլ Սկոբելեւի, Յակով Ալխազովի եւ Կոնստանտին Կոմարովի սխրանքը: Մեր պատմության այս էջերը ձեւավորեցին վստահության եւ զորավիգ լինելու հատուկ ոգի, որն այսօր էլ պայմանավորում է Հայաստանի եւ Ռուսաստանի  հարաբերությունները: Հենց այդ բարձր ոգին եւ պատմական դժվարին փորձություններով ստուգված բարեկամական հարաբերություններն են եղել այն անսպառ ուժի, արիության եւ հերոսության հիմքում, որոնք դրսեւորեցին մեր հայրերը եւ պապերը` պաշտպանելով Կուրսկի աղեղը, ճեղքելով Լենինգրադի պաշարման օղակը, ազատագրելով Եվրոպայի երկրները եւ ժողովուրդներին: Մենք հպարտանում ենք նրանով, որ Հայաստանի եւ Արցախի ազատատենչ զավակները եղել են այդ մարտիկների ավանգարդում` դրսեւորելով իրենց խիզախությունը ռազմի դաշտում: Ես հպարտ եմ, որ երկու համաշխարհային պատերազմների ճակատագրական տարիներին Հայաստանի  ժողովուրդը  մարտնչում էր պատմության ճիշտ կողմում: Այսօրվա միջոցառումը ես համարում եմ ազատության եւ արդարության հաղթանակի համար ուս ուսի մարտնչած բոլոր զինվորների հանդեպ անկեղծ երախտագիտության նշան: Հարգելի բարեկամներ, Այսօր հայ-ռուսական հարաբերությունները, առանց չափազանցության, անկեղծ բարեկամության եւ փոխադարձ հարգանքի օրինակ են: Մեր ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնական շահերին` Հայաստանի եւ Ռուսաստանի հետագա զարգացմանը, մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը: Հայ-ռուսական ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցությունը դինամիկ եւ հաջող կզարգանա շնորհիվ այն դրական ազդակների, որոնք նա ստանում է մեր ժողովուրդներից եւ մեր երկրների կառավարություններից: Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային փոխգործակցությունը մենք դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման ամենակարեւոր եւ անփոխարինելի բաղադրիչ: Մենք գիտակցում ենք, որ փոխհարաբերությունների այսպիսի մակարդակը ենթադրում է պատմական պատասխանատվություն ինչպես մեր  ապագա սերունդների, այնպես էլ տարածաշրջանի եւ աշխարհի ժողովուրդների առջեւ: Հայաստանը միշտ եղել է վստահելի դաշնակից եւ գործընկեր: Ապագայում էլ մեր խոսքի եւ գործի միջեւ անհամապատասխանություն չի լինի: Հայ-ռուսական փոխըմբռնումն ունի խոր եւ ամուր պատմական արմատներ: Դրանց շնորհիվ էլ մենք այստեղ ենք` այս հուշահամալիրի մոտ: Եւ մեր շարժիչ ուժը ոչ թե այսրոպեական զգացմունքները կամ անցյալի իներցիան է, այլ մեր երկարաժամկետ ազգային շահերի գիտակցումը եւ դրանց հետեւողական իրականացումը: Սա մեզ նաեւ թույլ է տալիս համարժեք արձագանքել ժամանակակից աշխարհի ոչ միանշանակ շատ մարտահրավերներին: Հենց այս ըմբռնումով էլ մենք այսօր ստորագրեցինք Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը եւ ընդլայնեցինք դրա պատասխանատվության ոլորտը: «Պատվո բլուրը» Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության եւս մեկ խորհրդանիշ է: Ես վստահ եմ, որ այստեղ միշտ կլինեն թարմ ծաղիկներ, վառ` ինչպես մեր հարաբերությունների պատմությունը: Հիշելով մեր հերոսներին` մենք պետք է խաղաղության եւ արարման կոչով դիմենք մեր երիտասարդ սերնդին. Արժանի´ եղեք նահատակվածների հիշատակին: Հավե'րժ արժանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter