HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

«Օրհնվի ռուսի ոտը. գնում ենք Բաքուն գրավենք»

Պատմության բոլոր դրվագներում Հայաստանը Ռուսաստանին համարել է ավագ եղբայր, ռազմավարական գործընկեր, ինչի համար պատժվել է: Սակայն, այսօր, ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում նշվում է հայ-ռուսական հարաբերությունների դարավոր եղբայրական բնույթի մասին:  Ռուսի ոտը օրհնվել է Հայաստանում, ինչի համար պատժվել է, սակայն, այսօր, նույնպես պետական մակարդակով օրհնվում է ռուսի ոտը. այցի շրջանակներում բարձր մակարդակի «փողոցալիզությունը»  վկա: Պատմությունից հայտնի է, որ Հայկական լեռնաշարհի մի քանի պատերազմների ժամանակ հայկական մասնակցությունը սովորաբար արտահայտվել է ռուսական բանակի կազմում, քանի որ հայկական պետականության բացակայությունը ծնել էր նաեւ ինքուրույն բանակի բացակայություն. էն ֆիդայական, դիմադրողական առյուծ, սարերում մեծացած, զենքի հետ պսակված տղերքի պայքարը բանակի բացակայությունը երբեք չի լրացրել, ու հետահայաց էլ հնարավոր չէ գնահատել` օգտակար են եղել խաղաղ բնակչության համար, թե վնասակար: Այսպես, 19-րդ դարի չորս ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, որը տեղի էր ունենում ռուսական կայսրության սահմանների` դեպի Մերձավոր Արեւելքի, Արաբական թերակղզու «համով պատառներին» տիրանալու համար, հայերը փորձել են ստրկամտորեն եւ անգնահատելի ծառայություններ մատուցել ռուսներին` ազատ պետություն ստեղծելու այդքան խաբուսիկ ակնկալիքով: Հայաստանը սովորական, առեւտրական, ավանտյուրիստ ազգ էր ընկալվում հարեւանների կողմից: Ու խիզախ տղերքն էլ, խաղաղ բնակչության թասիբը պահելու եւ ինչու չէ, արկածային հնարամտությամբ, ճողոպրելով, ծառայություններ մատուցելով, կարծում էին, որ կարողանալու են ռուսի տարածքը ընդարձակելու ժամանակ նաեւ ստանալ իրենց ծառայության արժեքը` պետականություն` ազատ, անկախ Հայաստան: Բայց հայերը չէին հասկանում, որ Իսրայել Օրու եւ ազգային-ազատագրական պայքարի մյուս «գործիչների» ընտրած մարտավարությամբ եւ դիվանագիտությամբ պետականություն չեն ստեղծում: Իսրայել Օրին նախադեպ չստեղծեց, բայց հայերը մինչեւ օրս կարծում են, որ ամեն ինչ լավ է լինելու միայն ռուսի օգնությամբ: Հայերի մեջ չկար այն գիտակցությունը, որ պետականություն ստեղծելու համար պետք է ապավինել միայն սեփական ուժերին եւ ինքնակազմակերպման միջոցով պետք է արդյունքի հասնել: Ուրիշի միջոցով սեփական հարցերը լուծելու տարբերակը այսօր հայ հասարակության մեջ լավագույնս արմատավորված է: Օրինակ` հայերը ոչ թե ապավինում են օրենքին, այլ գնում են մարդ են բերում, ծանոթ-խնամի են խաղացնում` իրենց հարցերը լուծելու համար: Ռուսները 19-րդ դարի պատերազմների ժամանակաշրջանում հայերի հետ չէին ապրում այնպես, ինչպես թուրքերը եւ քրդերը: Եվ պատերազմների բռնկման դեպքում սովորաբար հայերը ռուսական կողմում էին հայտնվում, թուրքերն ու քրդերը` հակառակորդ ճամբարում: Ռուսաստանը սովորաբար հաղթում էր պատերազմներում` մարդկային կորստի հաշվին, սակայն, քանի որ դիվանագիտական միտքն ուժեղ չէր, կամ ձեւավորվող միջազգային հանրության ճնշումների շնորհիվ սովորաբար հրաժարվում էր ավարից, տարածքներից: Իսկ հետո ի՞նչ էր լինում: Թուրքերն ու քրդերը սկսում էին հայերին համարել անհավատ ժողովուրդ, ասում էին` այ գյավուրներ, ախր միասին ապրում էինք հաշտ ու համերաշխ, էդ ռուսները էկան, էլի դավաճանեցի՞ք մեզ, դե որ ըտենց անհավատ եք, հիմա տեսեք, թե ոնց է ձեր կյանքը: Ու հայերի կյանքը բարդանում էր: Էնքան էր բարդանում, որ սարերից ձիերի վրա նստած տղերքը ծիկրակելու նման գալիս էին քրդերին ու թուրքերին հակահարված տալիս, նահանջում իրենց առյուծածին սարերը` կրկնապատկելով խաղաղ բնակչության տանջանքները: Հետո, իհարկե, ամեն ինչ հարթվում էր: Բայց Ռուսաստանը նորից գալիս էր, ու հայերը մուռ պահած մտնում էին ռուսական բանակի շարքերը` պետություն էին ուզում ստեղծել: Էլի ռուսը հաղթում էր, բայց վերջում` համաձայնագիր ստորագրելիս, հետ հանձնում տարածքները, վերադառնում հյուսիս: Իսկ քրդերն ու թուրքերը նորից սկսում էին էլ ավելի անտանելի դարձնել գյավուր հայերի կյանքը: Ու էդ վիճակն էնքան շարունակվեց, որ թուրքերը որոշեցին անհավատներին բնաջնջել իրենց տարածքից, որովհետեւ հասկանում էին, որ էլի ռուսը հենց գա, հայերն անհավատություն էին դրսեւորելու: Հիմա ռուսը նորից եկել է Հայաստան: Ասում են` ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարացնում են, 49 տարի դարձնում: Իսկ հայերն ուրախանում են, ասում են` Ադրբեջան, տես քեզ ինչ ենք անելու. էս անգամ մինչեւ Բաքու ենք հասնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter