Անպատժելի հանցագործներ
Քարերի սիմֆոնիան ջարդում են
Բնություն, հեծանիվներ, Գառնու ձոր, Ազատի կիրճ, քարերի սիմֆոնիա, ֆալշ ակորդներ, քարերով բեռնված առանց պետհամարանիշի բեռնատար… Կարծես ծանոթ պատկեր է, չէ՞:
Ուղիղ երեք տարի առաջ նույն պատկերն էր, միայն տղաների համազգեստն էր ուրիշ. այն ժամանակ լոմով քարերը ջարդում, մանրացնում էին, իսկ այժմ ականատես ենք լինում, թե ինչպես են քարերը տեղավորում առանց համարների բեռնատարում ու մեր մշակույթը «հորով-մորով» անում:
2007 թվականին, երբ աղմուկ բարձրացվեց, կարծես թե կասեցվեց վանդալիզմը` քարերի ջարդը, բայց մեղավորները մնացին անպատիժ: Պատճառը` Գառնու քարերի հուշարձանն ընդգրկված չէր պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկում եւ ոչ էլ հանքավայրի կարգավիճակ ուներ: Ուստի, որպես այդպիսին, հուշարձանը ջարդելը կամ այն կտոր-կտոր անելն ու վաճառելը քրեորեն պատժելի արարք չէր:
Մեծ աղմուկից հետո ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի բնության հուշարձանների ցանկը: Երկրաբանական հուշարձանների ցանկում ներառվեց նաեւ Ազատ գետի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն»-ը:
Հուշարձանը վնասելն ու կոտրելը քրեական հանցագործություն է. այս անգամ հանցագործն անպատիժ չպիտի մնա: Եթե այս դեպքը չբացահայտվի, և մեղավորները չպատժվեն, նշանակում է, որ «ջարդի» հովանավորները բարձրաստիճան պաշտոնյաններն են:
Հիշեցնենք, որ`
- Գառնու Քարերի սիմֆոնիայից իր առանձանտունն է կառուցել Երևանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, տես` http://asekose.com/?p=5377:
- կառուցվել է վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տուրիստական կենտրոնը (WWF)` http://hetq.am/am/ecology/bazalt/:
- Ականատեսների վկայությամբ՝ Գառնու սիմֆոնիայի քարերով բեռնված մեքենաները դեռ 2007-ին հուշարձանի քարերը տեղափոխում էին Արտաշատ, որտեղ «քարի բիզնես» էին սկսել (մեկ քարը վաճառում էին 250-300 դրամով): Քարերի մի մասն էլ ՀՀ պաշտոնյաներից մեկը գաղտնի օգտագործում էր տեղի սուրբ Հովհաննես եկեղեցին եւ իր առանձնատան պատերը կառուցելու համար (http://www.armtown.com/news/am/prm/20071015/26053/):
Գուցե այս ցանկը կիսա՞տ է…
Պահանջում ենք իրավապահ մարմիններից` բացահայտել ու պատժել բարբարոսության հեղինակներին:
Պահանջում ենք պատասխանել, թե ինչու մինչ օրս չկա պահակակետ, և հուշարձանը չի պահպանվում` ըստ օրենքի:
Պահանջում ենք սահմանել հատուկ կարգ այս հուշարձանը պահպանելու համար:
Տեղեկությունը հաղորդել են հայաստանցի եւ լեհ մի խումբ հեծանվորդ արշավականներ:
Սամվել
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել