HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաղող չունեցողները չիր ու ալանի վաճառելով են փորձում իրենց «բախտը»

Արագածոտնի մարզի Օշական գյուղապետարան մտնողի աչքն անմիջապես ընկնում է շենքի մուտքի մոտ տեղադրված տեղեկատվական ցուցանակին, որը թարմացված էր մի քանի մասնավոր հայտարարություններով ու գովազդային ցուցանակով: Համայնքապետարանի աշխատանքին վերաբերող եւ ոչ մի հայտարարություն կամ գրություն փակցված չէր: Նույն վիճակում էր նաեւ շենքի ներսում տեղադրված ցուցանակը, որտեղ ոչ թե ավագանու որոշումներ, համայնքի բյուջեի կատարողականներն ու համայնքապետի կայացրած որոշումներն էր փակցված, այլ դրված էր գրքույկներ, թե Ռուսաստանում աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար մարդիկ ինչպես անդամակցեն արհմիություններին: Տպավորությունն այնպիսին է, որ գյուղի բնակչությունը տեղահանվում է ու խիստ անհրաժեշտ է պաշտպանել արտերկրում նրանց իրավունքները: «Ճիշտն ասած` միշտ փակցրել ենք որոշումները, երկու ամիս ավագանու նիստ չենք արել, արտառոց բաներ գյուղում չեն եղել, զբաղվել ենք մեր առօրյա աշխատանքներով, դրա համար էլ չենք փակցրել: Այսօր ավագանու նիստ ունենք, անպայման կփակցնենք: Բայց ճիշտն ասած` ուշադրություն էլ չեմ դարձրել, որ ոչինչ փակցված չէ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը: Արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքների պաշտպանության համար դրված տեղեկատվական գրքույկների մասին համայնքապետը նույնպես տեղյակ չէր, մինչդեռ գյուղապետարանի աշխատակիցներն ասում էին, որ մի քանի ամիս է` գրքույկները նույն տեղում են: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ գրքույկներ կան դրված»,- անկեղծորեն զարմացավ Ա. Ներսիսյանը: Նա ասաց, որ Օշականում արտագնա աշխատանքի մեկնելը գյուղի թիվ 1 հարցը չէ, որ մարդկանց իրավագիտակցության մակարդակը բարձրացնեն: Հատկապես ՌԴ մեկնում են տարեկան մոտ 250 խոպանչի: «Նույնիսկ գովազդով այդ մարդկանց չես կարող կրթել կամ ետ պահել, իրենք արդեն գիտեն` ուր են գնում եւ ինչի համար»,- ավելացրեց գյուղապետը: Օշականցին այս տարի բերք չունի վաճառելու: Դա է պատճառը, որ համայնքի  բյուջեն թերի է կատարվում: Այս պահի դրությամբ 33 տոկոսով հավաքագրվել է գույքահարկը, 47-ով` հողի հարկը եւ 93 տոկոսով էլ` վարձավճարները: «2010 թվականը, իրոք, անբարենպաստ էր գյուղատնտեսության համար, բայց մի փոքր հույս ունենք. ոնց որ խաղողն այս տարի մի քիչ լավ է: Բայց ոչ բոլորն ունեն խաղողի այգիներ. միայն ունեցողների բախտն է բերել»,- ասում է համայնքապետը: Ա. Ներսիսյանը հավաստիացնում է, որ խաղողի իրացման խնդիրներ չեն լինի, քանի որ գյուղում գործում է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գինու գործարանը: Անցյալ տարի գործարանը խաղողն ընդունել է կիլոգրամը 100-110 դրամով, այս տարի դեռ գին որոշված չէ, քանի որ գյուղացիների հետ պայմանագրեր առայժմ չեն կնքվել: Ինչպես համայնքապետն ասաց, այս տարի գյուղում միայն խաղող ունեցողների բախտն է բերել, իսկ այն գյուղացիները, որոնց բախտը չի բերել, փորձում են չիր, ալանի ու սուջուխ պատրաստելով ու Երեւանի շուկաներում վաճառելով իրենց հացի գումարը վաստակել: Համլետ Համբարձումյանը միայնակ կանգնած էր գյուղի փողոցներից մեկում: Սպասում էր, թե երբ են իր տարեկիցները տանից դուրս գալու, որ նարդի ու բլոտ խաղան: Նրա ասելով` գյուղացիների մի մասն այս տարի պարապ է, քանի որ ջրի վարձավճարների թանկացման պատճառով հողերը չեն մշակում: «Ամեն ինչ թանկացրել են, ինչ եկամուտ ենք ստանում, որ հող մշակենք»,- ասում է նա: Գյուղն ունի 700 հա գյուղնշանակության հող: Համայնքապետն ասում է, որ դրանց մեծ մասը մշակվում է, սակայն չժխտեց, որ գյուղացիների մի մասը հող չի մշակում վարձավճարների թանկ լինելու եւ հողի վրա կատարվող անարդյունք ներդրումների պատճառով: Քանի որ Օշականը 20 կմ է հեռու Երեւանից, մարդիկ նախընտրում են հող մշակելու փոխարեն մայրաքաղաքի շինհրապարակներում բանվորություն անել ու ապրել օրական վաստակած 4-5 հազար դրամով: «Գյուղացիները հաշվարկում են, որ Երեւանում շինարարության վրա աշխատելն ավելի օգուտ է, քան հող մշակելը, որովհետեւ ոչ մի ներդրում չի արվում: Եթե միջինացված տվյալներով հաշվենք, ընտանիքը կես հեկտարից ստնում է 10 տոննա խաղող: 100 դրամով հանձնելու դեպքում ստանալու է 1 մլն դրամ: Դրանից էլ, որ հանեն հողի, ջրի վարձերը, պարարտանյութի ու այլ ծախսերը, գումարած իրենց ապրելու ծախսերը, ձեռք չի տալիս»,- պարզաբանում է Արամ Ներսիսյանը: Երիտասարդները նույնպես անգործ են: Մոտ 200 մարդ սեզոնին աշխատում է գինու գործարանում ու փոքր ձեռնարկություններում, իսկ մնացածը կամ Ռուսաստան են գնում, կամ էլ իրենց օրն անցկացնում գյուղի մշակույթի տունը` բիլիարդ խաղալով: 2003 թվականին պետբյուջեի միջոցներով ամբողջությամբ վերանորոգվել է մշակույթի տան շենքը: Մոտ 250 երեխա հաճախում է երգի, պարի, թատերական, ասմունքի, թենիսի խմբակներ: Մյուս տարի էլ կբացվի ֆուտբոլի խմբակը` փորձելով լուծել երիտասարդների զբաղվածության խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter