HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Ձեր զավակն եմ, ինձ մի մոռացեք»

Տավուշի մարզի Կողբ գյուղի 78-ամյա բնակչուհի Արաքսյա Ղարագյոզյանն աստծո ամեն օր սպասում է իր որդու` ազատամարտիկ Գրիգորի վերադարձին: Անցյալ տարվա հունիսին, որդու կարոտը սրտում, կյանքից հեռացավ Գրիգորի հայրը` Հայրենական պատերազմի երկրորդ կարգի  հաշմանդամ, 85-ամյա Վաղինակ Ղարագյոզյանը: Եկող տարի կլրանա Գրիգորի 40-ամյակը: Սակայն նա հարազատների հիշողության մեջ ընդմիշտ կմնա երիտասարդ: Գրիգորն ավարտել էր հայրենի` Կողբի դպրոցը, ծառայել խորհրդային բանակում: Նա  նկարչական լավ ձիրք ուներ, ավարտել էր գեղարվեստի դպրոց, Նոյեմբերյանի շրջանի նկարչական մրցույթ-ցուցահանդեսներում արժանացել մրցանակների: Ընդունվել էր Դոնի Ռոստովի  ռազմական ուսումնարան, սակայն հրամանատարներից մեկի այն արտահայտությունը, թե «դուք այստեղ պիտի մոռանաք, որ հայր եւ մայր ունեք», պատճառ դարձավ, որ նա երեւանցի ընկերոջ հետ թողնի ուսումնարանը: Այնուհետեւ ընկերոջ հետ ընդունվել է Ռոստովի գյուղատնտեսական մեքենաշինության ինստիտուտի ռոբոտատեխնիկական ֆակուլտետի երեկոյան բաժին, այդտեղից էլ զորակոչվել բանակ: 1991 թ. աշնանը վերադարձել է խորհրդային բանակից, աշխատել Կողբի կահույքի արտադրամասում` որպես փորագրող նկարիչ: Նոյեմբերյանի սահմանագոտում արդեն թեժ էր: Գրիգորը հաճախակի մեկնել է սահմանամերձ գյուղերի` Կոթիի, Ոսկեվանի, Բարեկամավանի, Ոսկեպարի դիրքեր: Մի քանի անգամ արյուն է հանձնել ծանր վիրավորների համար: 1992 թ. օգոստոսի 18-ին, լսելով Վազգեն Սարգսյանի հայտնի կոչը, հագել է իր զինվորական հագուստն ու մեկնել Երեւան: Մայրը`տիկին Արաքսյան, ասում է, որ որդին մահապարտ դառնալու մասին իրեն ոչինչ չի հայտնել չանհանգստացնելու համար: Լուսահոգի հայրը` Վաղինակ Ղարագյոզյանը, նախկինում պատմել էր, որ Գրիգորն իրեն հայտնել էր այդ որոշման մասին: Գրիգոր Ղարագյոզյանն ընդգրկվել է   մահապարտների «Արծիվ» գումարտակի 7-րդ դասակում եւ 1992 թ. օգոստոսի 31-ին ուղարկվել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի պաշտպանական դիրքեր: Վիրավորվել է սեպտեմբերի 2-ի առավոտյան`ադրբեջանական արկի բեկորից: 7-րդ դասակի նախկին հրամանատար, այժմ գնդապետ Ֆելիքս Պողոսյանը մահապարտների գումարտակի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ տպագրված «Արծիվ-մահապարտներ» գրքում այդ մասին գրում է. «Առաջին իսկ արկի բեկորը պատռեց սաղավարտն ու գանգոսկրը ճեղքեց: Ճակատի հրամանատարը` Հայկազ Բաղմանյանը, իր լեռնագնացով նրան մահամերձ վիճակում հիվանդանոց հասցրեց, բայց այնտեղից հետքերը կորան: Թե ի՞նչ եղավ նրա հետ, մարտերի թոհուբոհում չիմացանք»: Այդ գիրքը Ֆելիքս Պողոսյանը Ղարագյոզյաններին նվիրել է հետեւյալ մակագրությամբ` «Հրաշալի, շիկահեր, խիզախ զինվորի ծնողներին»: Գրիգորի քույրը` Կողբի մշակույթի տան գեղմասվար, 52-ամյա Գրետան, պատմում է, որ եղբորը Չլդրանի սանիտարական կետում վիրակապել են եւ «ՈՒԱԶ» մակնիշի սանիտարական մեքենայով ուղարկել 15 կմ հեռավորությամբ գտնվող Կիչանի հոսպիտալ: Ճանապարհին` Կիչանի կամրջի վրա, Գրիգորին տեսել  է մահապարտների գումարտակի շտաբի պետ Սեյրան Անթանեսյանը եւ հարցրել նրա վիճակի մասին: Գրիգորը գլխի շարժումով պատասխանել է, որ լավ է: Սակայն ծագումով Հաթերքից Ռաֆիկ Ավանեսյանի վարած «ՈՒԱԶ» մեքենան այդպես էլ Գրիգորին Կիչանի հոսպիտալ չի հասցրել: Հենց այստեղից էլ Գրիգոր Ղարագյոզյանի ճակատագիրն անհայտ է դառնում: Ռաֆիկ Ավանեսյանն էլ շուտով հայտնվում է իր քրոջ մոտ` Պյատիգորսկում, այժմ նա Նիժնի Նովգորոդում է: Գրիգորի ավագ եղբոր` Գագիկի ընկերը Նիժնի Նովգորոդում ճաշարանում պատահաբար հանդիպել է Ռաֆիկին: Սեղանի շուրջ հայերով զրուցել են կռիվներից, իմանալով, որ Գրիգորի եղբոր ընկերն է, Ռաֆիկը հարցրել է. «Գրիգորից լուր չկա՞»: Սակայն միայն ինքը`Ռաֆիկը, կարող է տեղեկություններ հայտնել Գրիգորի ճակատագրի մասին: Քույրը` Գրետան, ասում է. «Բժիշկների վկայությամբ` եղբորս գիտակցությունը տեղն է եղել: Նա բավական շանսեր ուներ ապրելու, քանի որ ոսկորը ճզմվել էր, սակայն ջարդած չէր»: «Արծիվ» գումարտակի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գրիգոր Ղարագյոզյանը պարգեւատրվել է «Արիություն» մեդալով: Հրամանագրում նշված է` «հետմահու», կարծես թե պարզվել է նրա ճակատագիրը: Ընդհանրապես, Գրիգորի ճակատագրում ինչ-որ միստիկական բան կա: Նրա անունը Գրիգոր են դրել` ի պատիվ Վաղինակի ավագ եղբոր, ով նույնպես 21 տարեկան հասակում անհայտ կորել է ռազմաճակատում (Մեծ հայրենականում): «Ինձ հանդիմանում են` ինչու՞ ես տղայիդ անունը Գրիգոր դրել, դա դժբախտացրել է նրան»,- տխուր ասում է տիկին Արաքսյան: Ինչպես ավագ հորեղբայրը, Գրիգոր Ղարագյոզյանը նույնպես Դոնի Ռոստովում է սովորել: Շիկահեր, գեղեցկադեմ Գրիգորն էլ, ինչպես հորեղբայրը, Դոնի Ռոստովում սիրած աղջիկ ուներ: Էլյա Միքայելյանը չէր հավատում, որ Գրիգորը զոհվել է, եւ շուրջ 10 տարի նամակներ էր գրում Ղարագյոզյաններին, 90-ականների առաջին կեսին, երբ Հայաստանում մութ եւ ցուրտ էր, առաջարկում էր գալ իրենց տուն` Ռոստով: Գրիգոր Ղարագյոզյանի մասին պատմում են նրա լուսանկարները, շնորհալի երիտասարդի արարած նկարները, գեղարվեստական ոճով պատրաստած աթոռները, նարդին: Հարազատները հավատում են, որ նա մի օր կվերադառնա: Նրանք դիմել են ռուսական «Սպասիր ինձ» հաղորդաշարին, սակայն հաղորդաշարը չի արձագանքել: Ժամանակի ընթացքում նրա վերադարձի հույսերն ավելի են նվազում: Սակայն պետությունը պարտավոր է ցրել անորոշության քողը եւ պարզել Գրիգոր Ղարագյոզյանի ճակատագիրը, ով հայրենիքի համար վտանգել է ամենաթանկը` կյանքը: Դա հատկապես աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության համար է հարկավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter