
Դեռեւս 2004 թվականին հասարակության մեջ շրջանառվում էին տեղեկություններ, որ Էջմիածնում բացվել է հայազգի նկարիչ Արշիլ Գորկու թանգարանը: Իրականում հենց այդ ժամանակ սկսվել էր թանգարանի ստեղծման գործընթաց այն բանից հետո, երբ արվեստագետի քրոջ` Վարդուհու մահվանից հետո Հայ Առաքելական Եկեղեցուն պետք է փոխանցվեին եղբորից Վարդուհուն կտակված աշխատանքները:
Լոս Անջելեսում այս օրերին ավարտվում է Արշիլ Գորկու ցուցահանդեսը, որը սեպտեմբերի վերջին կտեղափոխվի Հայաստան եւ մշտապես կտեղակայվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին Խրիմյան պահեստների տարածքում ստեղծված Արշիլ Գորկու թանգարանում: Նոր թանգարանի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Ինչպես «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց թանգարանի տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, Հայաստան կգան հիմնականում հայ աշխարհահռչակ աբստրակտ-էքսպրեսիոնիստ Արշիլ Գորկու էսքիզներն ու գծանկարները: Խաչատրյանը ափսոսանքով նշեց, որ արվեստագետի վերջին շրջանի արժեքավոր յուղաներկ կտավներ չկան հավաքածուի մեջ: «Հետքի» այն հարցին, թե արդյոք թանգարանը պատրաստակամ է եկեղեցու բարերարների օգնությամբ թանգարանի հավաքածուն համալրել թանկարժեք աշխատանքներով, արվեստաբանը պատասխանեց, որ նման աշխատանքներ գտնելն ու գնելը բավականին բարդ ու դժվարին աշխատանք է եւ պետք է պարզապես սպասել նոր կտակների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել