Տ. Սարգսյան. «Հռչակագիրը էական դեր ունեցավ մեր երկրի զարգացման ուղղությունները որոշելու առումով»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին
-Պարոն վարչապետ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին։ Ի՞նչ է ենթադրում այդ համաձայնագիրը, մենք ինչպիսի՞ ատոմակայան ենք ունենալու, ի՞նչ հզորությամբ է աշխատելու եւ, վերջապես, Հայաստանի ռազմավարական շահերի տեսանկյունից ո՞րն է մեր էներգետիկ անվտանգության հեռանկարը։
-Առաջինը ուզում եմ հիշեցնել, որ հանրապետության նախագահը հայտարարել էր, որ կառուցելու ենք նոր ատոմային էներգաբլոկ, եւ հզորությունը լինելու է 1000 մեգավատտ։ Համաձայնագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության հետ, ենթադրում է, որ մեր ռուս գործընկերները մասնակցելու են ատոմակայանի կառուցմանը եւ ունենալու են ուղղակի ներդրում։ Նախնական գնահատականներով այդ մեծ ծրագիրը ենթադրում է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում։ Մեր ռուս գործընկերները նույնպես մասնակցելու են այդ ներդրումային ծրագրին. պայմանագրի իմաստը հենց դա էր։ Մենք համագործակցելու ենք մեր գործընկերների հետ. լինելու է նոր կոնֆիգուրացիա, նոր նախագիծ, որից հետո մենք մեր հանրությանը ավելի հստակ կներկայացնենք մանրակրկիտ տեղեկատվություն, թե ինչպիսին է լինելու ատոմակայանը։ Բայց ակնհայտ է, որ ատոմակայանի կառուցումը ենթադրում է մեր էներգետիկ համակարգի որակական բարելավում։ Դա լինելու է ժամանակակից ատմակայան, որն էապես ավելացնելու է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունները։ Դա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, մեր արդյունաբերությունը զարգացման առումով ունենալու է ավելի լավ հեռանկարներ։
-Պարոն վարչապետ, որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ` ձեր օրակարգում ի՞նչ ծրագրեր կան։
-Կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել երկու առանձնահատկության վրա, որոնք բնորոշում են վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ Առաջին` մենք փորձում են ընդլայնել համագործակցության ոլորտները։ Անհարժեշտ է դիվերսիֆիկացիայի ենթարկել մեր տնտեսությունները, եւ դա նշանակում է, որ դիվեսիֆիկացիայի պետք է ենթարկվի նաեւ մեր օրակարգը, այսինքն` պետք է ընդգրկվեն նոր հարցեր. հարցեր, որոնք ենթադրում են մեր տնտեսությունների մոդեռնիզացիան, ինովացիոն համատեղ պրոեկտների իրականացումը, եւ այդ ուղղությամբ էլ մենք աշխատանքներ ենք տանում։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ուղղակի կապերին մեր մարզերի եւ ռուսական մարզերի միջեւ։ Նախորդ մեր միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի էր ունեցել Յարոսլավլում, մյուս նիստը տեղի է ունենալու Եկատերինբուրգում եւ, բնականաբար, դա նպաստում է նրան, որ մեր մարզերը ուղղակի համաձայնագրեր են կնքում Ռուսաստանի մարզերի հետ եւ մեր համագործակցությունը շատ կոնկրետ է դառնում։
-Պարոն վարչապետ, «Հայկական երկաթուղին» կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնված է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, սակայն մեզանում, մեր քաղաքացիների շրջանում կա մտահոգություն, որ ակնկալվող ծառայությունների որակն այնքան էլ արդարացված չէ։ Խնդրում եմ ներկայացնել հայ-ռուսական երկաթուղային ոլորտում համագործակցության հեռանկարները, մանավանդ որ պարոն Մեդվեդեւն իր ելույթներից մեկի ընթացքում հատկապես շեշտեց, որ ռուսական ընկերությունների կողմից խոստացված ներդրումները ամբողջությամբ պետք է ավարտին հասցվեն։
-Այո, ընդլայնված նիստի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարար Լեւիտինը զեկուցեց այդ հարցը` ընդգծելով, որ 2010 թվականի ընթացքում ռուսական կողմը ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու է, որովհետեւ նախորդ 2 տարիների ընթացքում կար մի փոքր ծավալների կրճատում եւ ծրագիրը կոնցեսիոն ներդրումային մասով չէր կատարվում։ Ռուսական կողմը պարտավորություն էր ստանձնել, որ 2010 թվականին նրանք կկատարեն ներդրումային ողջ ծրագիրը։ Առաջինը ուշադրություն է դարձվելու շարժակազմի բարելավման գործընթացին, որպեսզի մեր քաղաքացիները զգան, որ կա իրական բարելավում։ Իհարկե, կարեւոր է նաեւ ճանապարհների որակի բարձրացումը, որի հետեւանքով կավելանա ուղեւորափոխադրումների արագությունը, ինչը նույնպես շատ կարեւոր է։ Եվ երրորդը կառավարման նոր մոդելի ներդրումն է, որը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, որպեսզի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներ չառաջանան, որպեսզի մեր քաղաքացիների համար հասանելի լինի շարժակազմը։
-Օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի 20-ամյակը. Դուք այն ժամանակ պատգամավոր էիք։ Խնդրում եմ, ներկայացրեք Ձեր տպավորությունները 20 տարի անց։
-Գիտեք այս 20 տարին մի ակնթարթ էր` բուռն իրադարձություններով, եւ երեւի թե դեռ ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք գնահատել ե՛ւ հռչակագրի, ե՛ւ Գերագույն խորհրդի կողմից ընդունված բազմաթիվ քաղաքական որոշումների պատմական նշանակությունը։ Մի բան ակնհայտ է, որ հիմք էր դրվում նորանկախ պետականության, եւ ես կարծում եմ, որ հենց հռչակագիրը ստեղծեց այն հիմնական հենքը, որի վրա մենք հետագայում կառուցեցինք մեր ամբողջ օրենսդրական դաշտը։ Հռչակագիրը էական դեր ունեցավ մեր երկրի զարգացման ուղղությունները եւ ռազմավարությունը որոշելու առումով։
-Կցանկանայի՞ք վերապրել այդ ժամանակները։
-Դա բարդ հարց է, որովհետեւ միշտ, երբ խոսքը վերապրելու մասին է, մտածում ես՝ ո՞ր սխալները չէիր գործի, ի՞նչ բացթողումներ կլրացնեիր, ի՞նչ ողբերգական իրադարձություններ կարելի էր շրջանցել եւ, բանականաբար, դա փիլիսոփայական մտորումների տեղիք է տալիս։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել