
Արմավիրի մարզում խուճապ է սկսվել
Օդում հայտնված տարօրինակ փոշին Արմավիրի մարզի դպրոցներում խուճապ է առաջացրել: Ծնողներն շտապում են դպրոց եւ երեխաներին տուն են տանում: Անհանգստացած են նաեւ դպրոցի տնօրենները: Նրանք էլ շտապում են մարզպետարանի կրթության վարչություն` դասերը դադարեցնելու խնդրանքով:
«Արտակարգ ոչ մի բան չկա, դասերը դադարեցնելու հանձնարարական չենք ստացել: Այս պահին ոչ մի դպրոցում դասերը չեն դադարեցվել, նորմալ աշխատում ենք»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:
Վարչության պետը տեղյակ չէր, թե ինչ փոշի է օդում: «Այս փոշին բոլորիս զարմացրել է, չգիտենք, թե ինչ է: Ոմանք ասում են, թե մոլիբդենի գործարանում է վթար եղել, իսկ Էջմիածնի տնօրեններից մի քանիսն էլ զանգեցին ասացին, թե իրենց ավտոմեքենաների ապակիներին դեղին փոշի է հայտնվել»,- ավելացրեց Գայանե Սայադյանը:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ի աշխատակից Սեյրան Մինասյանը «ԷկոԼուր»-ին տեղեկացրել է, որ մշուշը Հայաստան հասած Արաբական անապատների փոշին է:
Մեկնաբանել