Գեղարքունիքում ավելացել են անչափահաս իրավախախտները
2010թ. առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում 5 անգամ աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերը եւ շուրջ 5 անգամ աճել է կատարմանը մասնակցած անձանց թիվը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տվյալները պարզել է Գեղարքունիքի մարզի դատախազությունը` կատարած ուսումնասիրության արդյունքներում:
2010թ. անցած 6 ամիսներին արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 17 դեպք` 29 անձի վերաբերյալ: Անչափահասների կողմից հանցանքի կատարմանը նպաստող պատճառ է դիտվել անչափահասների չսովորելը, հանրօգուտ աշխատանքով չզբաղվելը, ծնողների, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի կողմից երեխաների դաստիարակության հարցում թերանալը:
«Հանցագործությունների հանդեպ հակում ունեցող անձանց պարզելու համար ոչ ոստիկանության աշխատակիցները եւ ոչ էլ համայնքների ղեկավարները կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացրել»,- արձանագրում է մարզի դատախազությունը:
Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ քննարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի միջնորդագիրը` մարզում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների եւ մյուս իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Մարզպետը մի շարք հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան պաշտոնյաններին, ինքն անձամբ ցանկություն է հայտնել հանդիպել իրավախախտ անչափահասների հետ:
Գեղարքունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրավախախտ երեխաները հիմնականում ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվում մանր գողությունների կամ էլ իրենց հասակակիցների հետ վեճի ու կռվի մեջ մտնելու պատճառով:
Շատ են դեպքերը, երբ անչափահասը բակերից կամ այլ վայրերից գողանում է գունավոր մետաղից կաթսաներ եւ այլ իրեր` դրանք հանձնելով մետաղների ընդունման կետեր որոշակի գումար է վաստակում: Մարզպետարանի ներկայացուցիչը գողությունների հիմնական պատճառը վերագրեց սոցիալական ծանր վիճակին: «Ինչքանով հասցրել ենք ուսումնասիրել` գողություններ անում են հիմնականում սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքների երեխաները»,- նշում է Մ. Գալոյանը:
Այս տարվա 6 ամիսների ընթացքում հաշվառման է վերցվել 10 իրավախախտ երեխա Գավառի տարածաշրջանից, Սեւանի տարածքից` 12, Մարտունուց` 9, Վարդենիսի տարածաշրջանից` 4 եւ Ճամբարակից` 7 երեխա:
Որպես կանխարգելիչ միջոցառում` նախատեսված է սեպտեմբերի 1-ից մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, կրթության վարչության եւ մարզի ոստիկանության բաժնի աշխատակիցներից ձեւավորված փոքր խմբեր ուղղարկել այն դպրոցներ, որտեղ իրավախախտ երեխաներ են սովորում, կամ կան երեխաներ, ովքեր ոչ իրավաչափ վարքի հակումներ ունեն:
«Ուզում ենք, որ երեխաները չվախենան ոստիկաններից, նրանց դիտեն որպես ընկեր եւ պատմեն իրենց դժվարությունների մասին, որպեսզի կարողանանք կանխարգելել նրանց կողմից կատարվող իրավախման դեպքերը: Պետք է ուշադրություն դարձնենք նաեւ երեխաների դպրոցներ հաճախելու ցուցանիշի վրա: Եթե երեխան իրոք դժվարություններ ունի եւ չի կարող հանրակրթական դպրոց հաճախել, ապա մարզում ունենք գիշերօթիկ խնամքի կենտրոններ, կտեղավորենք այնտեղ, որպեսզի կրթությունից դուրս չմնան»,- ավելացրեց Մամիկոն Գալոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել