HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքի բուժհաստատությունները պարտքերի տակ են

Այդ պատճառով մարզպետն ազատում է իր համար ոչ ցանկալի աշխատողներին Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ, դեռեւս 2010թ. ապրիլի 6-ին աշխատանքից ազատվել է Մարտունու հիվանդանոցի տնօրեն Սեդրակ Սահակյանը: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղալակչյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Ս. Սահակյանն աշխատանքից ազատվել է հիվանդանոցում պարտքեր կուտակելու եւ կառավարության, ինչպես նաեւ մարզպետի որոշումները չկատարելու համար: 2009թ. հունվարի 1-ի դրությամբ Մարտունու հիվանդանոցն ունեցել է 65 մլն 465 հազար դրամի պարտք, 2010-ի նույն ժամանակահատվածում պարտքը նվազել է` հասնելով 23 մլն 69 հազար դրամի, իսկ 2010թ-ի հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 34 մլն 214 հազար դրամ, որից 13 մլն 170 հազար դրամը աշխատավարձի պարտքն է, 3 մլն 612 հազարը`սոցվճարներինը, իսկ մնացած 12 մլն 923 հազար դրամը`դեղորայքի ձեռքբերման համար առաջացած պարտքն է: Հիվանդանոցի նախկին տնօրեն Սարգիս Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն աշխատանքից ազատելու համար հիմք է հանդիսացել 3 օրվա ընթացքում մարզպետի 3 նկատողությունները, ինչը, նրա բնօրոշմամբ, անհիմն են եղել: Ս. Սահակյանը մարզպետի որոշումը բողոքարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հունիսի 20-ին դատարանը բավարարել է նախկին տնօրենի հայցը` անվավել է ճանաչել մարզպետի կայացրած 3 նկատողությունները: Նույնիսկ դատարանի վճռից հետո նա չի վերականգնվել աշխատանքում, միայն վճարվել է հարկադիր պարապուրդի գումարը: Սեդրակ Սահակյանը դիմել է վերաքննիչ դատարան: Նա համաձայն է եղել նույնիսկ հիվանդանոցում աշխատել որպես սովորական մասնագետ: Այդ խնդրանքով հուլիսի 6-ին դիմում է գրել մարզպետին, սակայն պատասխանել են, թե հաստիքների կրճատում է գնում եւ հնարավոր չէ նրան աշխատանքի տեղավորել: «Փաստորեն իրանք այս երկրի «ցարիբոգն» են, ինչ ուզում անում են, նույնիսկ չեն թողնում, որ մարդն իր աշխատանային օրենսգրքով նախատեսված իրավունքներով մասնագիտական գործունեությամբ զբաղվի»,-ասում է Ս. Սահակյանը: Հարցին, թե ի՞նչն է հանդիսացել իրական պատճառը, որ մարզպետն ազատել է աշխատանքից եւ արդյոք դա քաղաքական դրդապատճառներ ունի՞, Սեդրակ Սահակյանը պատասխանեց, որ թեեւ ինքը ՀՀԿ անդամ է, իսկ մարզպետն էլ ԲՀԿ, սակայն քաղաքականությունից հեռու է եւ այդ գործում ակտիվություն չի ցուցաբերել: «Մեր մեջ նորմալ աշխատանքային հարաբերություններ են եղել, բայց մի քիչ լարված, դատարանում էլ ասել եմ, որ հենց այդ լարվածությունն է պատճառը, որ ինձ աշխատանքի չի վերականգնում»: Նշենք, որ լարվածություն Մարտունիում նկատվել է դեռեւս 2009 թվականի դեկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք պղծեցին քաղաքապետի եղբոր գերեզմանը: Դրանից հետո հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը անհայտ պատճառներով, հենց հիվանդանոցի բակում այրվել էր Սեդրակ Սահակյանի «Վոլգա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վահագն Բազիկյանը եւս հաստատեց, որ Սեդրակ Սահակյանին աշխատանքից ազատելը պայմանավորված է եղել նրա ֆինանսատնտեսական գործունեության եւ վարչապետի ու մարզպետի որոշումները չկատարելու հետ: «Ի՞նչ է նշանակում վարչապետի որոշումը չկատարել: Նա կառավարության որոշմամբ պետք է ինֆեկցիոն բաժանմունքը հանձներ համայնքին, բայց ժամանակին չի կատարել: Հաշվի առնելով նաեւ հիվանդանոցի հետ կապված ֆինանսական վիճակը, մարզպետն օգտվելով իր իրավունքից տնօրենին ազատել է աշխատանքից»: «Բայց դատարանը մարզպետի 3 նկատողություններն էլ անհիմն է համարել: Արդյոք չի՞ նշանակում, որ մարզպետը ոչ օրինական հիմքերով է Սեդրակ Սահակյանին ազատել աշխատանքից» հարցին ի պատասխան` Վ. Բազիկյանն ասաց, թե այժմ էլ դատական գործընթացը շարունակվում է եւ հնարավոր է մի քանի տարի էլ տեւի: «3 նկատողությունը դատարանն անվավեր է համարել, բայց մեկը դեռ մնացել է` ինֆեկցիոն բաժանմունքի հետ կապված, դա էլ է հիմք նրան աշխատանքից ազատվելու համար: Մարզպետը ոչ մի բան էլ սխալ չի արել: Որտեղ ուզում է, ինչ դատարան ուզում է` թող դիմի»: Վահագն Բազիկյանը նաեւ ասաց, որ իր «ձեռքի տակով» չի անցել Ս. Սահակյանի դիմումը, որով նա խնդրել է իրեն աշխատանքի ընդունել որպես մասնագետ. «Մենք նման դիմում չենք ստացել»: Թե ինչ զարգացումներ կունենան հիվանդանոցի նախկին տնօրեն եւ մարզպետ փոխհարաբերությունները` ցույց կտա դատական գործընթացը: Սակայն փաստ է, որ ֆինանսական դժվարություններ ունեն մարզի գրեթե բոլոր բուժհաստատություններն ու ամբուլատորիաները: Այսպես, Սեւանի հիվանդանոցը 2009թ հունվարի 1-ի տվյալներով, ունեցել է 6 մլն 78 հազար դրամի պարտք: 2010-ի հունվարի 1-ին պարտքը եղել է 5 մլն 975 հազար դրամ, իսկ նույն տարվա հուլիսի 1-ի դրությամբ այն հասել է 15 մլն 241 հազար դրամի, որից 5 մլն 757 հազարը աշխատավարձի պարտքերն են, 1 մլն 764 հազարը` սոցվճարինը, իսկ 6 մլն 785 հազար դրամն էլ դեղորայքի ձեռքբերման համար առաջացած պարտքերն են: 2009թ. հունվարի 1-ի դրությամբ Գավառի բժշկական կենտրոնը դեռեւս գոյություն չուներ: 2010թ. հունվարի 1-ին հաստատությունն ունեցել է 3 մլն 567 հազար դրամի պարտք: 6 ամսվա ընթացքում պարտքը հասել է 17 մլն 404 հազար դրամի, որից 9 մլն 200 դրամը աշխատավարձի գծով պարտքն է, իսկ 2 մլն-ը` սոցվճարներինը: 2009թ. հունվարի 1-ի դրությամբ Վարդենիսի հիվանդանոցը կուտակել է 13 մլն 566 հազար դրամի պարտք, 2010-ի նույն ժամանակահատվածում պարտքը եղել է մոտ 6 մլն դրամ, իսկ հուլիսի 1-ի դրությամբ`10 մլն 660 հազար դրամ, որից 4 մլն 71 հազարը աշխատավարձի, 1 մլն 124 հազարը սոցվճարների, իսկ 1 մլն 22 հազար դրամ էլ դեղորայքի պարտքերն են: Վարդենիսի հիվանդանոցի ֆինանսական վիճակը բարելավելու համար, 2009-2010թթ բուժհաստատությունից կրճատվել են թվով 35 աշխատող` մեծամասամբ բուժքույրեր: Ճամբարակի առողջության կենտրոնը 2009-ի հունվարի 1-ին ունեցել է 14 մլն 884 հազար դրամի պարտք: 2010-ի սկզբին պարտքը եղել է 6 մլն 564 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ին` 7 մլն 785 հազար դրամ, որից 6 մլն 126 հազարը` աշխատավարձի, 696 հազարը`սոցվճարների, իսկ 762 հազարը` դեղորայքի գծով: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղալակչյանն ասաց, որ պարտքերի մի մասն արդեն մարված են, քանի որ հուլիսի 10-ին պետությունը գումար փոխանցել է նրանց հաշիվներին, թե այսօր ինչքան պարտք է մնացել հիվանդանոցների հաշվին` առայժմ չգիտեն: Նշենք, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը օգոստոսի 13-ին Արագածոտնի մարզում անցկացրած մարզպետների հետ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է, որ բուժհաստատություններում 2010 թվականին գոյացել է շուրջ 276 մլն դրամի պարտք: Այդ կապակցությամբ նա առաջարկել է ՀՀ առողջապահության նախարարության հետ առաջիկայում անցկացնել աշխատանքային խորհրդակցություն եւ ըստ բուժհաստատությունների ուսումնասիրել պարտքերի կառուցվածքը եւ միջոցներ ձեռնարկել դրանք մարելու եւ նորերը չգոյացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter