
Հայաստանը հացահատիկի պակաս չի ունենա: Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը, հանրապետությունը ներկա դրությամբ նվազագույնը 200 օրվա պաշար ունի, ինչը նշանակում է, որ այն կբավականացնի 7 ամիս, իսկ մինչև տարեվերջ մնացել է 4 ամիս:
Նոր տարում, եթե անհրաժեշտություն զգացվի, կսկսվի հացահատիկի ներմուծում, երբ ՌԴ-ից հացահատիկի արտահանումը վերսկսվի: Հայաստանը նաև որոշակի պահուստ ունի կուտակած, սակայն դրանից բացի, այժմ իրականանում են բերքահավաքի աշխատանքները: Արդեն կուտակվել է 100-150 հազար տոննա բերք, իսկ մինչև բերքահավաքի վերջ այդ թիվը կանցնի 200 հազարը:
Երաշտի պատճառով Ռուսաստանում հացահատիկային կուլտուրաների արտադրությունը զգալի վնասներ է կրել, կորուստներն արդեն իսկ գերազանցել են սպասվող բերքի ծավալների 20 տոկոսը, ինչը ստիպել է Ռուսաստանին մինչև տարեվերջ արգելել հացահատիկի արտահանումը: Այդ հանգամանքը հաշվի առնելով` Հայաստանում Իրանի դեսպանատունը Հայաստանին ցորեն է առաջարկել:
Մեկնաբանելով այս հանգամանքը` Գ. Մանուչարյանը նշեց, որ հայկական կողմը ամենևին էլ տագնապի մեջ չէ, քանի որ չկա ցորենի անբավարարության սպառնալիք:
«Մենք շատ շնորհակալ ենք Իրանին նման առաջարկության համար, սակայն դեռևս դրա կարիքը չունենք ու, ամենայն հավանականությամբ, չենք էլ ունենա: Եթե մինչև տարեվերջ ոչ մի գրամ էլ չներկրենք, պակաս, այդուհանդերձ, չենք զգա»,- հավաստիացրեց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել