HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կույր նվիրում

Հարգելի  ընթերցող, կարո՞ղ եք պատասխանել այն հարցին, թե մենք ո՞ր երկրում ենք ապրում, Հայաստանում թե՞ Ռուսաստանում, կամ թե մեր զանգվածային լրատվամիջոցները, եզակի բացառությամբ, ո՞ր երկրի իշխանություններին են հլու-հնազանդ ենթարկվում ու քծնում` Հայաստանի թե՞ Ռուսաստանի, կամ միգուցե երկուսին էլ միասի՞ն: Դժվարանու՞մ եք պատասխանել, այո, իհարկե կդժվարանաք, հետն էլ քմծիծաղ կտաք ու կծաղրեք,  կդժգոհեք ու կզայրանաք, այլ կերպ հնարավոր էլ չէ, այլ կերպ չէինք էլ սպասի: Մենք լիովին հասկանում ենք ձեզ և ձեր ակամա արձագանքները, և ձեր թույլտվությամբ կփորձենք պարզաբանել դրանք: Որպես Հայաստանի Հանրապետության «օրինավոր քաղաքացի»` դուք իհարկե կդժվարանաք պատասխանել նման հարցերի, որովհետև որքան էլ զարմանալի է ու զավեշտական, այնուամենայնիվ, ապրելով անկախ Հայաստանում` դուք երբևէ ձեզ չեք համարել անկախ Հայաստանի լիարժեք քաղաքացի: Ապրելով անկախ Հայաստանում` դուք երբևէ չեք ունեցել լիարժեք ազատության ու անկախության զգացողություն, երբևէ չեք գիտակցել ազատ ու անկախ ապրելու, ազատ ու անկախ երկիր կառուցելու պատասխանատվություն, որովհետև ձեզ բոլորիդ էլ այս ամենը թվացել է ամենաուղղակի ֆարս: Մենք ձեզ լիովին հասկանում ենք, քանզի դուք կամ ձեզանից շատերը 1991թ-ին չէին էլ ցանկանում անկախանալ ԽՍՀՄ-ից, և դա երբեք ձեր գիտակցության մեջ չէր կարող տեղավորվել, եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր: Այժմ էլ ԽՍՀՄ ասելով հասկանում եք Ռուսաստան, և ձեզ չեք կարողանում պատկերացնել առանց Ռուսաստանի: Իհարկե, այս ամենը դուք երբեք բարձրաձայն չեք ասի` միգուցե անհարմար զգալով, որ ապրում եք մի երկրում, բայց ձեզ պատկերացնում մեկ այլ երկրում: Ձեր քմծիծաղն էլ կարելի է հասկանալ, որովհետև հարցն ի սկզբանե ձեզ անլուրջ ու վիրավորական է թվացել, որովհետև ձեզ համար նման հարց գոյություն չունի, որովհետև ձեզ համար որտեղ Ռուսաստանը, այնտեղ էլ Հայաստանն է, որովհետև ձեզ համար հայրենիքը Ռուսահայաստանն է, ինչ-որ մի երևակայական ու ցնորային երկիր: Դրա համար էլ յուրաքանչյուր նման հարց ձեզ մոտ առաջացնում է միայն քմծիծաղ կամ ծաղրանք, դրա համար էլ չափազանց լուրջ դեմք ընդունելով` դուք պատրաստ եք մեզ` միամիտներիս բացատրել, որ մենք առանց Ռուսաստանի ոչինչ ենք, որ ռուսը չլինի` թուրքը մեզ կուտի, որ նման հարց բարձրացնելը մեզ` հայերիս համար հավասար է հակապետական քարոզչության, որ նման կերպ կարելի է վիրավորել մեր ռուս քույրերին ու եղբայրներին. բա որ հանկարծ նեղանան, բա որ հանկարծ մոռանան: Ի վերջո, հարցը կարող է արդարացի զայրույթ պատճառել ձեզ, ախր բա ինչպե՞ս չզայրանաք, բա թողնեք, որ սեպ խրեն մեր հայ-ռուսական բարեկամության մեջ, բա թողնեք, որ Պուտինը զայրանա ու մատ թափ տա մեր ղեկավարների վրա, բա ախր ինչպե՞ս կարելի է մեր Պուտինին զայրացնել, ախր նա զօր ու գիշեր մեր ղեկավարների հետ մեր երկրի ու ժողովրդի բարօրության մասին է մտածում, բա ախր դա ասելու բան է: Եվ այսքանից հետո դուք ինչպե՞ս կարող եք հանգիստ ընդունել ԶԼՄ-ների մասին հարցը, ինչպես կարելի էր չզայրանալ, երբ կարծես հատուկ կրակի վրա յուղ են լցնում: Բա ինչպես չասեք, որ եթե մեր հարազատ ԶԼՄ-ները չլինեն, եթե նրանց «սովետական» պրոպագանդան չլինի, բա մեր ժողովուրդը չի՞ ասի, այ ԶԼՄ-ներ էս ի՞նչ եք անում, մոռանում եք, որ մենք մի ազգ, մի պետություն ենք, կներեք` լեզվի սայթաքում էր, բա չի՞ ասի, որ ախր մենք միասին ենք է' ու միշտ էլ միասին պիտի լինենք, որ մեր շահերն ու գաղափարները նույնն են, որ մենք մեր ռուս քույրերի ու եղբայրների շահերը չպաշտպանենք, բա ո՞վ է պաշտպանելու, հը՞: Բա ինչպե՞ս չասեք` ապրե'ն մեր հեռուստաընկերությունները, որ սա լավ են գիտակցել, և որ մեր ժողովուրդը պետք է ամեն րոպե հիշի, թե որ երկրի հետ է կապված իր ճակատագիրը, որն է իր մեծ հայրենիքը: Եվ ի՞նչ եք կարծում, մեր ԶԼՄ-ները, ամերիկացիներին, եվրոպացիներին, ուկրաինացիներին ու վրացիներին թողած, մեր հայրենի Ռուսաստանի՞ն պիտի քննադատեն ու ձեռ առնեն, ախր էդ նույն է, որ մենք մեզ քննադատենք, մեր ղեկավարությանն ու նրանց վարած քաղաքականությունը քննադատենք, բա դա լինելու բան է, ամո'թ է, ամո'թ: Այս առթիվ մենք նույնիսկ մի շատ կարևոր առաջարկություն ունենք, որն էլ ավելի կբարելավի նրանց հայրենանվեր աշխատանքը, այն է` հաղորդավարներն ու մեկնաբաններն անպայման պետք է ռուսախոս լինեն, որպեսզի մեր ժողովրդի գրագիտության մակարդակը բարձրանա, որպեսզի ոչ մեկի մեջ կասկած չմնա,  թե ով ենք մենք: Իսկ «Շանթ» հեռուստաընկերության մասին «вообще» խոսք չկա, ում մտքով կանցներ Ամերիկայում թղթակից ունենալ, որը բարձր մակարդակով «սովետական» քարոզչություն կանի ու մեր ժողովրդին կներկայացնի էդ կեղտոտ Ամերիկային: Այո, մեր ժողովուրդը միշտ պիտի հիշի, թե ով է Ամերիկան, միշտ պիտի հիշի, թե ով է մեղավոր, որ ԽՍՀՄ-ը չկա: Բա մենք այդքանից հետո ո՞նց պիտի ներենք Ամերիկային, հը՞: Հետո ինչ, որ Ամերիկան 20 տարի շարունակ Հայաստանին ու Ղարաբաղին 100 միլիոնավոր դոլարներ է նվիրել, բայց հո մենք միամիտ չե՞նք, որ հավատանք նրա անշահախնդրությանը: Իսկ Ռուսատանը` ուրիշ, նա մերն է, իսկ մեր եղած-չեղածն էլ նրանը, էլ ինչ օգնության մասին կարող է խոսք լինել: Ոչ մի Ամերիկա մեզ չի կարող բաժանել, մենք միշտ միասին ենք եղել ու մինչև մահ ու գերեզման միասին կլինենք: - Կա'մ Ռուսաստան, կա'մ մահ,- ա'յս է մեր կարգախոսը: Հարգելի ընթերցող, ցավում ենք ձեզ զայրացնելու համար, ցավում ենք ձեր նվիրական զգացմունքները վիրավորելու համար և հուսանք, որ մեծահոգաբար ներող կլինեք ձեր մտքերը հրապարակավ ներկայացնելու համար: Հ.Գ. Հոգեբաններն ասում են, թե կարոտը ամենահզոր հոգի մաշող զգացումն է, որը տարիների ընթացքում վերածվում է ծանր ու գրեթե անբուժելի հիվանդության` կարոտախտի: Ասում են, թե նույնիսկ, երբ ստրուկներին ազատ էին արձակում, նրանց հոգին, միևնույն է, մնում էր անազատ և արդեն իսկ ազատ ստրուկն ուղղակի չէր կարողանում հեռանալ իր տիրոջից: Ահա թե ինչ հիվանդություն է կարոտախտը: Վազգեն Մխիթարյան 28.01.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter