Դպրոցները ևս կգնահատվեն ըստ վարկանիշի
Քննարկվել են հանրակրթության բարելավման ուղիները
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու առաջնահերթ լուծում պահանջող անելիքները։
Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես քննարկվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
Նշվել է, որ բարեփոխումների շրջանակում, «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի պահանջից ելնելով, ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշերը։
Տեղեկացվել է նաև, որ առաջիկայում կհաստատվի ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչև տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը։
Ամփոփելով խորհրդակցությունը և վերահաստատելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ուշադրութան կենտրոնում պահել հատկապես համայնքների դպրոցների խնդիրները։ Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել