HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Հայկական քծնանք

Ռուսաստանի նախագահի` «իր երկրի հարավային կողմերը» կատարած այցի ընթացքում վառ կերպով արտահայտվեց հայկական քծնանքը, որը, ինչպես միշտ, իր կարեւոր դերակատարությունն ունի հասարակության վարքի մեջ: Իսկ հասարակությունը, քիչ թե շատ, այնպիսին է, ինչպիսին իշխանությունը, ու կարեւոր չէ` ի՞նքն է ընտրել, թե՞ ինքնաընտրվել են: Քծնանքը` որպես բացասական նշանակությամբ հասկացվող տարածված գործելակերպ, վերջին օրերին իշխանությունների կողմից ավելի շատ բնազդաբար էր արտահայտվում, ինչի համար «մեղավոր է» ոչ այնքան մարդու նրանց տեսակը, այլ հասարակության պարտադրանքը: Իսկ հայ հասարակության մեջ սեռական ցանկության վրա հիմնված սիրահետելու ակտիվ դրսեւորումները, ուրիշ ցանկություններ առաջանալու դեպքում, արտահայտվում են ուրիշ «սիրահետումների» տեսքով: Քաղաքական մակարդակում եւ ցանկացած առաջխաղացման մակարդակում այն յուրօրինակ, անհրաժեշտ եւ պարտադրված միջոց է: Հայաստանում հաջողություններ ունենալու համար մշակված նվիրագործման փուլերը հաղթահարելու համար մարդիկ այսօր առատորեն պետք է քծնեն: Չափավոր քծնել խորհուրդ են տալիս բոլորին` այն հաջողության հասնելու կարեւոր բաղադրիչ համարելով: Քծնելը սերտորեն կապված է նաեւ «մաղարիչ» տալու հետ. եթե կա քծնանք ու մաղարիչ, ուրեմն կա եւ առաջխաղացում: Ինքուրույն եւ ազատ մարդկանց առաջխաղացման ճանապարհին հասարակությունն ինքնաբերաբար պատ է կառուցել, որը վերացնելու համար ժամանակ եւ ճիգեր են պետք, ինչը Ռուսաստանը եւ Հայաստանի ավագ եղբայրների մշակույթը երբեք չի կարողանալու քանդել, միգուցե էլ ավելի ամրացնի այդ պատը: Քծնանքը, իր յուրաքանչյուր դրսեւորման հետ, ամենօրյա եւ պարտադիր քննադատության է ենթարկվում նույն հասարակության կողմից, որը պարտադրում է այն որպես առաջխաղացման միակ ճանապարհ. քծնողները ճանաչելի կերպար ունեն. քաղաքականության մեջ այդ ստվար բանակը առաջին հերթին տեսանելի է ամենաստորին օղակներում, երբ ազատ, հպարտ քաղաքացին փորձում է անդամագրվել կուսակցության շարքերը` աչքի առաջ ունենալով քաղաքականության մեջ հերոսանալու տեսլականը: Հետո գալիս է երիտասարդ կարիերիստների հերթը, ովքեր իրենց ամպագոռգոռ ճառերով ու հայտարարություններով, իրենց ավագներից առատորեն մեջբերումներ կատարելով` փորձում են դուրեկան տրամադրություններ հաղորդել այն ավագներին, ովքեր իրենց սնում են, իրենց առաջխաղացման մասին որոշումներ կայացնում: Այս գնահատականը ձեւակերպելիս զինվորական ծառայությունից մի դրվագ հիշեցի: Կապանում տեղակայված զորամասում տոների ժամանակ հյուրընկալվում էր կարծեմ «Սյունյաց արծիվենր» հ/կ-ն, որի նախագահը, տնօրենը թե պարզապես թագավորը Խաչիկ անունով մի երիտասարդ էր, ազգանունը չեմ  հիշում, կարծեմ հիմա ինչ-որ փոխնախարար է: Երբ շարահրապարակում նա ելույթ էր ունենում, այնքան երկար ու վստահ էր տալիս Սերժ Սարգսյանի անունը, իր բոլոր տիտղոսներով ու մարդկային վսեմափայլ հատկություններով, որ փորձում էիր տրամաբանել, թե պարտադրված այդ ելույթը քեզ ի՞նչ է տալիս: Տրամաբանություն չկար: Թե՞ կար: Եթե հասարակությունը պարտադրում է, որ Խաչիկ անունով երիտասարդը մարդկանց դուր գալու համար նման «ակտիվություն» դրսեւորի, էլ ինչի՞ մասին է խոսքը: Ցավալին այն է, որ քծնանքը հատուկ է ոչ միայն իշխանություններին, այլեւ հասարակության բոլոր շերտերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter