HY RU EN

Սոնա Ավագյան

Զավեն Եկավյան. «Առանց տպագրության չկա մշակույթ»

Այսօր Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանին հանձնեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվ. մեդալ և հայկական հուշանվեր: 2012 թ. նշվելու է հայ գրքի տպագրության 500-ամյակը, և Երևանը դառնալու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հակոբ Մեղապարտի անվ. մեդալը, որը համարվում է գրադարանային ոլորտի բարձրագույն պարգևը, Ազգային գրադարանը ստեղծել է դեռևս խորհրդային տարիներին: Այն Զավեն Եկավյանին հանձնվեց հայ մշակույթին հայրենիքում և սփյուռքում մատուցած անգնահատելի ծառայությունների համար: Լեզվաբան, արևելագետ, մշակութային գործիչ Զավեն Եկավյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի ղեկավարն է արդեն 26 տարի և աջակցում է հայկական գրքերի հրատարակության գործին: Հիմնարկությունն ավելի քան 60 տարի իրականացնում է բարեգործական ծրագրեր` կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներում: Զավեն Եկավյանը ծնվել է Հալեպում, բնակվում է Լիսաբոնում: Նա «Հնդեվրոպական լեզուների բառապաշարը և հայերենի տեղը», «Ֆրանս-հայերեն բառարանագրությունը 19-րդ դարում», «Մխիթարյան միաբանությունը և բառարանագրությունը» և այլ գրքերի հեղինակ է: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում ՀՀ նախագահի հրամանագրով` Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: «Ճակատագրի բերումով Զավեն Եկավյանին Հայաստանում երևի առաջիններից մեկը ես եմ ճանաչում, որովհետև երբ ուսանում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, եղբորս հետ նույն կուրսում էին, և մեր տանը հայրիկիս գրադարանից ավելի շատ ինքն էր օգտվում, կարդում, քան մենք` նրա որդիները»,- այսօր Ազգային գրադարանում Զավեն Եկավյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը: ԵՊՀ հրատարակչությունը հայագիտության ոլորտում համագործակցում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի հետ: Հրատարակչությունը հրատարակել է 110 հայագիտական հատոր, որից վերջինը Մալխասյանցի բառարանն է: «Ինքը առաջարկեց տպագրել Հրաչյա Աճառյանի անտիպ գործերը: Ողորմածիկ Քնարիկ Աճառյանը իմ լավ ծանոթն էր, գնացի իր մոտ, տեսա ձեռագրեր: Գիտեք` Աճառյանը ինչ բնավորություն ուներ` փոքրիկ թղթերի, անձեռոցիկի վրա գրում էր: Այդ արխիվը ես երկար ժամանակ նայել եմ, և տեսա, որ «Լիակատար քերականության» վերջին` 9-րդ հատորը լույս չի տեսել, որովհետև բավական անմշակ վիճակում էր: Այդ հատորի հրատարակումը մենք իրականացրինք, և «Լիակատար քերականության» 9 հատորը ամբողջացավ»,- ասաց Պերճ Ստեփանյանը: «Քննություն Կիլիկիայի բարբառի» 4-հատորյակի տպագրությունից հետո Հրաչյա Աճառյանից այլևս անտիպ ոչինչ չի մնացել: Հրատարակվել է նաև «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բացատրական բառարանը»: Այսօր պատրաստվում է Մալխասյանցի բացատրական բառարանը: ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի խոսքերով` «Մատենագիրք հայոց» մատենաշարի հիման վրա իրենց ինստիտուտը պատրաստում է հայ գրականության պատմությունը: «Դա արդեն մի հանրագիտարանային, կոթողային մատենաշար է»,- ասաց նա: Բանասեր, հասարակական, մշակութային գործիչ Ժիրայր Դանիելյանը նշեց, որ մինչ օրս լույս է տեսել «Մատենագիրք հայոց» շարքի 15 հատոր: Այս հրատարակության մտահղացումը գալիս է Լիսաբոնից, գիտական աշխատանքներն իրականացվում են Երևանում և Անթիլիասում, ինչը հատուկ մտածված է Հայաստանի և Սփյուռքի միջև միասնություն ապահովելու համար: «Բեյրութ կուգա Զավեն Եկավյանը, կըսե` երթանք, գրատուները այցելենք: Եվ արդեն ինքը գիտե ինձմե (ես որ Բեյրութ կգտնվիմ) շատ ավելի, ինչ գիրք լույս տեսած է արաբերենով, ֆրանսերենով, անգլերենով և մասնագիտական կհավաքե բոլորը և ինձի ծանր պարտականություն կթողու զանոնք տեղափոխել Լիզբոն: Եվ անշուշտ այդ մեծ հաճույքով կընեմ»,- ասաց Ժիրայր Դանիելյանը: Նա նշեց, որ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժինն օժանդակում Լիբանանի, Սիրիայի հայկական դպրոցներին, օգնում երիտասարդներին կրթությունը շարունակել համալսարաններում: «Որքան կհիշեմ, ժամանակին Գյուլբենկյանեն օժանդակություն ստանալու համար նաև կստորագրեին, թե օր մը պիտի փոխհատուցեն, իրենց ստացածը պիտի վերադարձնեն: Կարծեմ մինչև հիմա մեկ հոգի` ուրուգվահայ անձ մըն է, որ այդ իր պարտավորությունը պատվով կատարած է»,- ասաց Ժիրայր Դանիելյանը: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքը ֆինանսավորել է նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի երկերի 5-հատորյակի տպագրությունը: Ադոնցի աշխատությունները կարոտ էին հավաքվելու և հրատարակվելու: «Ինձ բախտ է վիճակվել իմ մի խումբ ընկերների հետ իրականացնելու այդ հրատարակությունը: Մենք այսօր ունենք սեղանի վրա դրված, յուրաքանչյուրը` 700 էջի սահմաններում, Ադոնցի երկերի 4 հատորները: 5-րդ հատորը առաջիկայում լույս կտեսնի»,- ասաց պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը: 1973 թ. նշանավոր պատմաբան Հակոբ Մանանդյանի 100 ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը որոշել էր 8 հատորով հրատարակելու նրա երկերը: «6-րդ հատորը լույս տեսավ 1985 թ., և 25 տարի կանգ առավ հնարավորության բացակայության պատճառով: Դոկտոր Զավեն Եկավյանը առաջարկեց` եթե հնարավոր է, շարունակել: Այս տարի լույս տեսավ երկերի 7-րդ հատորը, որը ամփոփում էր ականավոր պատմաբանի բանասիրական երկերը: Ինքը առաջարկել է նաև 8-րդ հատորը տպագրելու»,- ասաց Պետրոս Հովհաննիսյանը: Հանդիպման վերջում Զավեն Եկավյանը նշեց, որ որոշ մեծ պատմաբաններ, որոնք աշխատությունները տպագրում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, շատ ծանր պայմաններում են ապրել: «Ադոնցը, մի մոռանաք, սոված մահացել է պատերազմի ժամանակ, և դա իմ հոգևոր տուրքն է` դեմ մի պատմաբանի, որ այդքան զոհվել է և այդքան նվիրվել է հայ մշակույթին, պատմությանը: Մեր սիրելի Պերճի հայրիկը ասում էր. «Զավեն, Մալխասյանը հորինել է այդ բացատրական բառարանը մի կտոր սև հացով օրական, ոչ ավելի»: Մեր նախնիները իսկապես դժվար պայմանների մեջ են ստեղծագործել: Գիրք տպելը հերոսություն չէ: Առանց տպագրության չկա մշակույթ, և հայ մշակույթը մեր հոգևոր հացն է: Մենք հերոսներ չենք, մենք պարզ Մեսրոպ Մաշտոցի զինվորներ ենք ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց Զավեն Եկավյանը: Նա Մատրենադարանի տնօրենի և ԵՊՀ ռեկտորի հետ քննարկել է նոր գրքեր տպագրելու հարցը: Նախատեսվում է «Մատենագիրք հայոց»-ը վերահրատարակել նաև Հայաստանում: