Պետությունը բարեգործություն է անում բարեգործին
Վանաձորի Առդա թաղամասի նորակառույց քոթեջների էլեկտրիֆիկացման խնդրին, որն արդեն մեկ տարի է` չարչրկվում է, արդեն անդրադարձել ենք: Որպեսզի այդ քոթեջների բնակիչները էլեկտրականություն ունենան, պետք է դառնան «Հայաստանի էլցանցերի» բաժանորդ: Բաժանորդ դառնալուց առաջ մատակարարի հետ պետք է կնքվի միացման պայմանագիր, և վճարվի 53 հազար դրամ միացման գումար: Բնակիչները չեն վճարում այդ գումարը, կառուցապատողն էլ նման պարտավորություն չի վերցնում իր վրա:
Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը կատարում է մատակարարը:
Նույն որոշման մեջ հակասություն է նկատվում միացման պայմանագրի ձևանմուշում. պայմանագիրը կնքվում է մատակարարի և պատվիրատուի միջև: Մատակարարն իրականացնում է սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ամբողջությամբ վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար: Ըստ որոշման` պատվիրատուն սպառողն է, սպառման համակարգը վերակառուցող սպառողը կամ կառուցապատողը:
«Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի Դեբեդի մասնաճյուղի տնօրեն Գարեգին Սարգսյանն այս որոշումը բացատրում է հետևյալ կերպ. «Եթե բազմաբնակարան շենքեր են, շուտվա կառուցած, բաժանորդը դիմում ա, մեր ուժերով հաղորդալարն էլ, հաշվիչն էլ տեղադրում ենք: Իսկ սեփական բնակարանների, տների կառուցումից հետո լուսավորությունը վճարովի ա, նոր բաժանորդ դառնալու համար վճարովի ա` 53 հազար դրամ»:
Այսինքն` Էլցանցը հոգում է սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ծախսերը, բայց ոչ նոր սպառողի: Այնինչ որոշման մեջ նման տարանջատում չկա, և հստակ նշված է` նոր սպառողի կամ սպառողի:
Առդայի դեպքում վճարումն, ըստ նրա, պետք է կառուցապատողը կատարի. «Նոր կառուցված թաղամաս ա, նոր բնակելի տարածք ա, շինարարը ինքը պետք ա վճարի, 53 հազար դրամ ամեն մի բաժանորդի համար: Բայց քանի որ ինքը բարեգործական կազմակերպություն ա ու չի վճարել, դրա համար վճարումն ընկնում ա բնակիչների վրա: Երբ բնակիչները պատրաստ կլինեն վճարելու, մենք հոսանքը կմիացնենք»,-ավելացնում է Գ.Սարգսյանը:
Բնակիչների կողմից վճարում չանելը նա ոչ թե նրանց անվճարունակությանն է վերագրում, այյ համառությանը: «Եթե գազի վճարը տալիս են, բա լույսինը ինչի չեն տալիս: Եթե ի վիճակի չեն, ինչի են համաձայնում 6 ամսվա կտրվածքով վճարել, պրինցիպիալ խնդիր ա»,-ասում է Գ.Սարգսյանը (բնակիչները դիմել էին Էլցանցի տնօրինությանը, որպեսզի հնարավորություն տրվի սահմանված վճարը մարել 6 ամսվա ընթացքում):
Գ. Սարգսյանը վստահեցնում է, որ սա առաջին դեպքն է իրենց պրակտիկայում, երբ կառուցապատողը հրաժարվում է հոսանքի միացման վճարները տալուց: Նրա կարծիքով` խնդիրը բարդանում է նրանից, որ այս ծրագրում երեք համաֆինանսավորողներ կան: Բայց չգիտի` այդ երեքից որին առանձնացնել որպես կառուցապատող:
Իսկ «Առդա» կազմակերպության շինարարության ղեկավար, նաև Լոռու մարզում «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ջիվան Ազարյանը գիտի ու հաստատում է, որ կառուցապատողը «Առդա» բարեգործական հիմնադրամն է, որն էլ ներդրել է գումարի մեծ մասը, իսկ քաղաքապետարանն ու «Ֆուլերը» համաֆինանսավորողներ են: Բայց պնդում է, որ «Առդան» պարտավորություններ չունի որպես կառուցապատող:
Նա ոչ մի որոշման ու օրենքի մասին չի ուզում լսել: Օրենքն, ըստ նրա, պետական ծրագրերի դեպքում է գործում, իսկ սա բարեգործական ծրագիր է, և բացի այդ «Առդան» բնակիչների հետ պայմանագիր էլ չունի այն մասին, որ նրանց էլեկտրիֆիկացիայի խնդիրն ինքը պետք է լուծի:
Քաղաքապետարանն առաջարկել է 15 հազար դրամ օգնություն յուրաքանչյուր ընտանիքին: Բայց քաղաքապետը դա հատկացնելիս է եղել որպես օգնություն, ոչ որպես հոսանքի միացման վճար: Բնակիչների խոսքով` դա վատ առաջարկ չէր, բայց իրենք հրաժարվել են այդ օգնությունից` մտածելով, որ դա հարցի լուծում չէ: Գուցե վերին ատյաններ դիմելով կարողանան հասնել խնդրի լուծմանը:
Եվ հասան` չնայած «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի Դեբեդ մասնաճյուղի տնօրեն Գարեգին Սարգսյան չարախինդ ակնարկին. «Մի տարի ա էս խնդիրը գնում ա, ու ինչ արդյունք: Պըտի օրենքով ըլնի: Կա հատուկ գրված օրենք, պետք ա էդ օրենքով շարժվենք»:
Բայց խնդիրը բոլորովին այլ կերպ լուծվեց` ոչ օրենքով. մատակարարը հրաժարվեց որևէ պարտավորություն ստանձնել, կառուցապատողը` որևէ վճարում անել, իսկ բնակիչներն էլ մի ամբողջ տարի համառեցին ու հասան իրենց նպատակին:
Իրավասուների հետ զրույցից շատ չանցած` տեղեկացանք, որ «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի Դեբեդի մասնաճյուղի տնօրինությունը հանձնարարական է ստացել վերադասից միացման պայմանագրեր կնքել Առդա թաղամասի բնակիչների հետ: Միացման ծախսերը հոգում է պետությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել