Համազգեստ կհագցնենք բոլորին
Նոր ուսումնական տարում Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի աշակերտները դպրոց կհաճախեն կապույտ եւ սպիտակ համազգեստով: Արդեն մի քանի ամիս է, որ դպրոցում գումարներ են հավաքվում համազգեստի համար, գումարի չափն էլ` 26-27 հազար դրամ` մեկ համազգեստի համար: Եվ սա այն դեպքում, որ համազգեստի առկայությունը պարտադիր չէ դպրոցներում, ավելին` Երեւանի քաղաքապետի հրահանգով արգելվել է համազգեստի համար գումարներ հավաքելը, քանի որ ծնողների դժգոհությունը մեծ է:
Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանից փորձեցինք պարզել, թե ինչու են, այնուամենայնիվ, որոշել համազգեստ մտցնել դպրոցում: Նա ժխտեց այն, որ գումար են հավաքում:
«Ձեր տեղեկությունները հավաստի չեն: Դպրոցում ոչ մի փող չի հավաքվում, բայց աշակերտները դպրոց են հաճախելու համազգեստով. նրանք լինելու են կապույտի եւ սպիտակի մեջ: Համազգեստի մասին խոսակցություն եղել է դեռեւս տարեվերջին: Մենք ժողով ենք արել, ծնողներին ցույց ենք տվել համազգեստի ձեւը, որ իրենք պատվիրեն: Իսկ թե ինչպես կկարեն, ում մոտ կպատվիրեն, դա դպրոցի խնդիրը չէ: Ծնողները համաձայնել են, մենք ունենք բոլոր ծնողների եւ ծնողական համայնքի ստորագրությունը»,- ասաց տնօրենը:
Թեեւ մեզ դիմած ծնողները պնդում էին, որ իրենցից գումարն են հավաքում, իրենք անգամ տեղյակ չեն, թե որտեղ են պատվիրելու համազգեստները, դա անում է դպրոցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել