HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի սահմանամերձ շրջաններն անուշադրության են մատնված

Չնայած կառավարության մշակած օգնության ծրագրերին` Վրաստանի սահմանամերձ գյուղերը դատարկվում են Վրաստանի սահմանամերձ գյուղերը բնակչության արտագաղթի խնդիր ունեն: Փորձագետների գնահատմամբ`կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում այս շրջաններում տնտեսական իրադրության բարելավման միջոցով նման միտումը կանգնեցնելու համար: Դմանիսի շրջանի Գուգութի գյուղն, օրինակ, տեղակայված է երկրի հարավում` վրաց-հայկական սահմանի մոտ: Այստեղ տները կամ միայն ամռանն են բնակեցվում կամ դատարկ են մնում ողջ տարին: Գուգութիի գյուղապետ Գիվի Նինիաշվիլին փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչու տեղացիները չեն կարողանում պատշաճ կյանք վարել: «Մենք կարող ենք հացահատիկ աճեցնել, բայց չենք ցանում այն, քանի որ սարքավորումներ չունենք: Անհնար է հավաքել ողջ բերքը մեր ունեցած միակ չինական թեթեւաքաշ տրակտորով: Անցյալ տարի լավ մրգի բերք ունեցանք, բայց չկարողացանք այն հավաքել: Մեզ համար բերքահավաքի հարցն ամենալուրջ խնդիրներից մեկն է, այդ պատճառով շատ ընտանիքներ լքում են իրենց տները եւ հեռանում: Եթե ոչնչով բնակչությանը չեն օգնում, բոլորը հեռանում են», - բացատրում է նա: Գուգութիի նման խնդիրներ ունեն նաեւ այլ սահմանամերձ գյուղեր, որտեղ ենթակառուցվածքների եւ ներդրումների պակաս է զգացվում: «Կախեթի» տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Գելա Մթվիվլիշվիլին ասում է, որ այս գյուղերի բնակչության մոտավորապես 20 տոկոսը լքել է իրենց տները: «Փաստացիորեն, ոչ մի ընկերություն չի գործում: Չնայած սահմանամերձ գյուղերի ռազմավարական նշանակությանը` իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում դրանց: Մարդիկ սոցիալական օգնություն խիստ կարիք ունեն, իսկ արտագաղթը տարեցտարի ավելանում է», - մտահոգվում է նա: Սահմանամերձ շրջաններից արտագաղթի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, սակայն իշխանություններն ընդունում են, որ այս վայրերում գրանցված բնակիչներից շատերը բոլորովին այլ տեղ են ապրում իրականում: «Մարդահամարի ժամանակ գրանցվում է, թե քանի մարդ է բնակվում յուրաքանչյուր տնային տնտեսությունում, սակայն իրականում այդ մարդիկ բոլորովին այլ տեղ են բնակվում, եւ տունը դատարկ է լինում», - ասում է տարածաշրջանային քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փորձագետ Ռաֆայել Գելանտիան: Գելանտիան ասում է, որ բնակչության արտահոսքը կանգնեցնելու համար`կառավարությունը նախեւառաջ ուշադրություն է դարձնում ճանապարհաշինությանը եւ ջրամատակարարման վերականգնմանը: «Ամենակարեւորն այն է, որպեսզի ամենուրեք ճանապարհներ լինեն: Սա նշանակում է, որ այստեղ ներդրողներ կգան, եւ բնակչության համար ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն», - ասում է նա: Որոշ վերլուծաբաններ, սակայն, այն կարծիքին են, որ այս ներդրումները մեծ ազդեցություն չեն ունեցել առ այսօր, քանի որ սահմանամերձ գյուղերի բնակչության արտագաղթը շարունակում է աճել: 2008 թվականի ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո Թբիլիսիից հյուսիս տեղակայված Գորիի շրջանը հայտնվեց սահմանամերձ շրջաններին բնորոշ տնտեսական շրջափակման մեջ, քանի որ գտնվում է Մոսկվայի կողմից անկախ ճանաչված Հարավային Օսիայի հետ փաստացի սահմանի մոտ: Հակամարտությունից առաջ տեղացիները օսերին խնձոր էին վաճառում, իսկ վերջիններս դրանք արտահանում էին Ռուսաստան: Այժմ նրանք իրենց նախկին եկամուտի չնչին մասն են ստանում`բերքը տեղական գործարանին վաճառելով: Վրացական ապրանքների ներմուծման վրա Ռուսաստանի դրած արգելքը խնդիրներ ստեղծեց երկրի բոլոր այգեգործների համար`ազդելով խաղողի, ցիտրուսների եւ խնձորի առեւտրի վրա: Նրանց խոսքերով`կառավարական աջակցության նախագծերը բավարար չեն, իսկ իրենց ողջ բերքը հնարավոր չէ իրացնել ներքին շուկայում: Կառավարությունը նաեւ հատուկ ծրագրեր է իրականացնում լեռնային շրջաններում բնակչության կենսապայմանների բարելավման ուղղությամբ. այստեղ արտագաղթի մակարդակը եւս բարձր է: Մարդիկ շարունակում են լքել լեռնային բնակավայրերը`չնայած ստացած ֆինանսական աջակցությանը: Ռուսաստան տանող հիմնական ճանապարհի մոտ գտնվող Կազբեգի շրջանի առեւտրական կապերը խզվեցին դեռեւս 2006-ին, երբ սահմանը փակվեց: Տեղացիները ստիպված սկսեցին բերքը ջերմոցներում աճեցնել` եկամուտից չզրկվելու համար, եւ չնայած Վրաստանի կառավարությունը սուբսիդավորված սակագնով գազ էր մատակակարում այգեգործներին, նրանք չէին կարողանում ջեռուցել ջերմոցները: Այդ պատճառով լեռնային շրջանների բնակիչներից շատերը հեռացել են դաշտավայրեր`ավելի լավ կյանքի ակնկալիքով: Քաղաքական վերլուծաբան, Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս Ռամազ Սակվարելիձեն նշում է, որ մարդիկ աստիճանաբար ավելի հեշտությամբ են ընտրում իրենց բնակության վայրը, այդ պատճառով էլ նրանք կհամաձայնվեն մնալ հեռավոր շրջաններում միայն այն դեպքում, եթե այստեղ ինտենսիվ զարգացում լինի, որպեսզի կենսապայմանների մակարդակը չզիջի երկրի այլ շրջաններին: «Վրաստանից բացի, շատ այլ երկրներ էլ խնդիրներ ունեն սահմանամերձ շրջաններում: Բոլոր երկրներն էլ ցանկանում են, որպեսզի իրենց սահմանները պաշտպանվեն ոչ միայն սահմանապահների կողմից, այլեւ`տեղական բնակչության: Արտագաղթի մակարդակն աճել է տնտեսական խնդիրների պատճառով, եւ քանի որ երկրում տեղափոխվելն ավելի դյուրին է դարձել», - համոզված է նա: «Եթե անհրաժեշտ է մարդկանց պահել այս շրջաններում, ապա կամ պետք է սահամանափակել նրանց տեղաշարժը, իսկ դա անընդունելի կլինի, կամ տնտեսական լավ պայմաններ ստեղծել, ինչպես այլ շրջաններում: Իսկ սա ենթադրում է, որ պետք է ավելացնել սահմանամերձ գյուղերի բնակչության համար նախատեսված կառավարական ծրագրերի քանակը: Անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց, ստեղծել խթաններ, որպեսզի նրանք մնան իրենց բնակության վայրում», - նշում է Սակվարելիձեն: Թեա Տոպուրիա, Թբիլիսի Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter