
Նոյեմբերյան քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 23-ին կայացավ Հայ ազգային կոնգրեսի Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Աթաբեկյանի եւ Կոնգրեսի դեմ հայցով դատը: Հայցվորը Իջեւան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Արծրունի Խաչատրյանն է: Վերջինս զինվորական է, մայոր, Բերդի զինկոմիսարիատի տեխնիկայի հաշվառման եւ նախորոշման բաժնի պետը: Արծրունի Խաչատրյանը դատական հայցով պահանջում է 650 հազար դրամ բռնագանձել հօգուտ իրեն:
Անցյալ տարվա մարտից Խաչատրյանն իր սեփականությունը հանդիսացող, Իջեւանի գետափնյա փողոցում` Աբովյան 17 հասցեում գտնվող 40 քառակուսի մետր մակերեսով տարածքը վարձակալությամբ հանձնել է Արթուր Աթաբեկյանին: Վարձակալության ամսավճարը 80 հազար դրամ են որոշել, վարձի մուծման հաշվարկը սկսվել է ապրիլ ամսից:
«Սկզբից չեմ իմացել, որ այդտեղ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ է լինելու, Արթուրն ասում էր` կարող ա շորի խանութ լինի: Մի շաբաթ հետո իմացա, որ ՀԱԿ-ի գրասենյակ է գործելու»,-ասաց Արծրունի Խաչատրյանը: Նրան հարցրի, թե ընդդիմադիր կառույցի համար տարածք տրամադրելու համար խնդիրներ ունեցե՞լ է: Ասաց, որ ունեցել է, հավելելով, որ ընկերներն իրեն ասել են. «Ամոթ չէ՞, ո՞ւմ ես տարածք տրամադրում»:
Տարածքի վարձակալության գրավոր պայմանագիր չի կնքվել, քանի որ Արծրունի Խաչատրյանը եւ Արթուր Աթաբեկյանն իրար ճանաչում էին: Արծրունին որոշակի նեղվում է դատական գործընթացից` ասելով, որ կյանքում դատարանում գործ չի ունեցել: Խաչատրյանի եւ նրա կնոջ` Ջուլիետա Մադաթյանի վկայությամբ` անցյալ տարեվերջին Աթաբեկյանը վարձակալության գումարի 210 հազար դրամ պարտք է ունեցել, այս տարվա հունվարին 60 հազարը փակել է:
Փետրվար-մարտ ամիսներին Ջուլիետա Մադաթյանը պարտքի կապակցությամբ մի քանի անգամ հանդիպել է Արթուրին, վերջինս երդվել է սրբություններով, որ պարտքը կմարի` ասելով` համարեք, որ այդ գումարները ձերն են, բանկ եք գցում: Աթաբեկյանը նաեւ հավաստիացրել է, որ շուտով բանկից բիզնեսի համար մեծ վարկ է ստանալու, որով կմարի պարտքը: Իսկ վարձակալության պարտքը շարունակել է աճել:
Արծրունի Խաչատրյանը պարզել է, որ Աթաբեկյանը այլ պարտքեր էլ ունի. «300 հազար դրամ պարտք է Իջեւանի էլեկտրացանցին, 400 հազար դրամ` գազի հիմնարկին, 200 հազար դրամ` շինանյութերի մի խանութի, 180 հազար դրամ` մի ուրիշ խանութի, 18 հազար դրամ` մսավաճառին, 40 հազար դրամ` կողքի խանութին»: Նա թվարկում է` ասելով, որ պարտքերի պատճառով Աթաբեկյանի Իջեւանի տան էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը դադարեցված է:

2010թ. հուլիսի 8-ին Արթուրի որդին` վարկային մի կազմակերպության աշխատող Սերգեյը, Ջուլիետա Մադաթյանին ստացական է տվել, որ նրան պարտք է 650 հազար դրամ եւ պարտավորվել է այդ պարտքը մարել մինչեւ հուլիսի 20-ը: Խաչատրյանն այս տարվա հուլիսին Աթաբեկյանին առաջարկել է վարկային այն կազմակերպությունից, ուր Սերգեյն է աշխատում, իրեն վարկ դասավորել, վարկի մարման երաշխավորն էլ կլիներ Արթուրը: Արծրունին այդ դեպքում վստահ կլիներ, որ պարտքը մարվում է:
Սակայն, Արծրունի խոսքերով, Արթուրն այդ գործը չի հաջողացրել: Պարտքը չի մարվել, գործն էլ հասել է դատարան:
Արծրունին մեզ հայտնեց, որ հիշյալ օբյեկտն ինքը վարկով է կառուցել, որը կշարունակի մարել մինչեւ այս տարվա դեկտեմբեր: Նրա վկայությամբ`ինքը Իջեւանի նախկին ուսումնարանի հանրակացարանում տուն է կառուցում, որն այժմ կիսակառույց է:
Նա տան շինարարության համար Հրազդանից ամրաձողեր է բերել, Արթուրին խնդրել է դրա համար վարձակալության պարտքից 200 հազար դրամ վճարել: Սակայն Արթուրն այդպես էլ չի վճարել, ինքն էլ ստիպված է եղել մետաղաձողերը տան բակից բեռնել եւ ետ ուղարկել Հրազդան:
Արծրունի Խաչատրյանին հարցրի, թե իրեն գումար է պարտք ֆիզիկական անձ Արթուր Աթաբեկյանը, ինչո՞ւ է դատական հայցը նաեւ Հայ ազգային կոնգրեսի դեմ ներկայացրել:
Նրա պարզաբանմամբ` ինքը ցանկանում է իմանալ, արդյոք Կոնգրեսը Աթաբեկյանին վճարե՞լ է տարածքի վարձակալության գումարը: Նա նաեւ
կասկածներ ունի, որ Աթաբեկյանը Կոնգրեսից վարձակալության համար 80 հազարից ավելի է ստացել:
Ձմռանը գրասենյակի էլեկտրական հոսանքի հաշվիչը փոքր թիվ է արձանագրել, եւ Արծրունին կասկածում է, որ Արթուրը Կոնգրեսից տարածքի ջեռուցման գումարներ է ստացել: Այնուամենայնիվ, մեր զրույցի ժամանակ պարզվեց`Արծրունին վստահ է, որ Հայ ազգային կոնգրեսն Աթաբեկյանին վճարել է Իջեւանի գրասենյակի վարձավճարը:
47-ամյա Արթուր Աթաբեկյանը նախկինում` ՀՀՇ-ի իշխանության տարիներին, եղել է Սեւքարի անտառտնտեսության տնօրեն: Ներկայումս աշխատանք չունի: Նա թեեւ գրանցված է Կոտայքի մարզի Առինջ գյուղում, սակայն փաստացի բնակվում է Իջեւանում:
Աթաբեկյանն օգոստոսի 23-ի նիստին դատարանից 10 օր ժամանակ խնդրեց` դատապաշտպան վարձելու համար: Դատավոր Արման Կուրեխյանն ասաց, որ դեռեւս հուլիսի 30-ին Աթաբեկյանը տեղյակ էր դատի մասին եւ կարող էր փաստաբան ունենալ: Սակայն, այնուամենայնիվ, դատարանը պատասխանողին հնարավորություն տվեց կազմակերպելու իր իրավական պաշտպանությունը:
Դատավորը որոշեց Աթաբեկյանի միջնորդությունը բավարարել եւ դատը հետաձգեց մինչեւ օգոստոսի 31-ի:
Դատը հետաձգվելուց հետո Աթաբեկյանին հարցրի, թե կուզենար որեւէ բան մամուլին հայտնել: Նա կարճ կապեց` հետո:
Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ Աթաբեկյանը դատը հետաձգելու խնդրանք է ներկայացրել, որովհետեւ ակնկալում է, որ այս ընթացքում գումար կստանա եւ կկարողանա փակել պարտքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել