«Գլենդել Հիլզը»` Գյումրու «Մուշ 2»-ի բնակիչներին
Հաշվի առնելով Գյումրիում շահագործման հանձնված «Մուշ 2» թաղամասում 2010 թ. հուլիսի 9-ից մինչ այժմ բարձրացվող հարցերը` թաղամասի բնակիչների և բնակարանների շահառուների (սեփականատերերի) ուշադրությանն ենք ներկայացնում գործողությունների հերթականություն:
Հարգելի բնակիչներ և շահառուներ, բարձրացված խնդիրներին արագ լուծում տալու նպատակով անհրաժեշտ է համատեղ իրականացնել հետևյալ գործողությունները.
1. Ջրամատակարարում, ջրահեռացում
Ջրամատակարարման միացման համար անհրաժեշտ է, որ բնակիչները տեղադրեն ջրաչափեր, որոնք տրամադրվում են «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Գյումրիի գրասենյակում (ք. Գյումրի, Շիրակացի 78/1): Այն բնակիչները, որոնք անտեղյակության պատճառով ջրաչափերը ձեռք են բերել այլ աղբյուրներից, չնայած լրատվամիջոցներով բազմիցս հայտարարությունների, որ մենք ենք ձեռք բերում այն, կարող են ջրաչափերի փոխհատուցման գումար ստանալ մեր գրասենյակից:
Խնդրում ենք բոլոր բնակիչներին, դա անել մինչև սեպտեմբերի 1-ը և լինել բնակարաններում, որպեսզի «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն ի վիճակի լինի միացնելու բոլոր շենքերի ջրամատակարարումը և արագ քայլեր ձեռնարկի խնդիրներ ի հայտ գալու դեպքում: Այս քայլերը զերծ կպահեն ջրի վթարներից: Ջրամատակարարումը սկսելու, ջրաչափերի տեղադրման համար ձեզանից որևէ գումար չպետք է գանձվի:
2. Գազամատակարարում
Գազի, ջեռուցման համակարգի միացման համար անհրաժեշտ է դիմել «Հայռուսգազարդ» ՓԲԸ տարածքային ստորաբաժանում, որի հետ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն կնքել է ձեր բնակարանների գազի և ջեռուցման համակարգերի միացման, փորձարկման, թողարկման վճարման պայմանագիր: Դուք պարտավոր եք վճարել միայն գազի սպասարկման տարեկան կանխավճարը, որը կազմում է 5000 դրամ: Ծառայությունների մատակարարումն սկսելու համար որևէ այլ վճարում կատարելու պարտավորություն չունեք:
3. Էլեկտրաէներգիա
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այժմ ձեր կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի համար վճարում է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն: Ընկերությունը վճարել է նաև հաշվիչների և դրանց միացման գումարը: Ձեր պարտավորությունն է մինչև սեպտեմբերի 1-ը դառնալ բաժանորդ, քանի որ դրանից հետո ընկերությունը չի վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց և ձեր բնակարանը պարզապես կհոսանքազրկվի:
4. Այլ խնդիրներ և շինարարական թերություններ
Նորակառույց շենքերում շինարարության ավարտից հետո բնականոն կարող են առաջանալ ներքին հարդարման որոշակի թերություններ: Այդ պատճառով է, որ ընկերությունը հայտարարել է երաշխիքային սպասարկման ժամկետ, չնայած որ իրականացրել է իր կողմից պայմանագրային բոլոր պարտավորությունները:
Բնակարանների շահագործումից ի վեր մեր ընկերությունը ստացել է 81 հեռախոսազանգ-դիմում` տարբեր տեսակի թերությունների վերաբերյալ, որոնցից 70-ը վերացված են, մնացածն ընթացքի մեջ են: Ձեզ հատկացված բնակարանում թերություններ հայտնաբերելու դեպքում, որոնք վերաբերում են ոչ ջրամատակարարմանը (ջրահեռացմանը), ոչ գազամատակարարմանը, ոչ էլ էլեկտրամատակարարմանը, խնդրում ենք զանգահարել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Գյումրիի գրասենյակ (0.312.5.93.43.), որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու նախ, որ առկա է թերություն, ապա` թե որ բնակարանում և շտկեն այն:
Եթե վերոնշյալ կետերից որևէ մեկի առնչությամբ ձեզ կներկայացվեն գումարների կամ այլ տեսակի պահանջներ, խնդրում ենք տեղյակ պահել վերոնշյալ հեռախոսահամարով:
«Գլենդել Հիլզի» հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել