HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Թե ինչպես բոլորը կարող են օլիգարխ դառնալ

Մարդ չի հասկանում` Հայաստանում խաղամոլությունն ինչ է` կենսաձեւ, թե ժամանցի միջոց, բայց որ վտանգավոր հետեւանքներ է ունենում անձի հոգեբանական եւ սոցիալական վիճակի վրա, հասկանում են գրեթե բոլորը: Բլոտի եւ թղթախաղի առանձնահատկությունն այն է, որ խաղացողը կարողանում է բլեֆ անել, դրսեւորվել, ինչը Հայաստանում դաստիարակելու հատկություն ունի. առանց այդ ամենի, դժվար է բնականոն շփումների մեջ մտնել միջավայրի հետ եւ հարաբերություններ ստեղծել: Թղթախաղը եւ առհասարակ խաղամոլությունը վաղուց է, որ հասկացվում է որպես հասարակական մտածողության անդրադարձ: Վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, հայերի խաղամոլությունը տեղափոխվեց վիրտուալ իրականություն: Անցումային ժամանակներ էին, խաղերի ընտրություններ էին կատարվում, ընդ որում` բավականին երկար ժամանակ մարդիկ «շարիկ» եւ քարտ էին խաղում, ինչը իրականությունից ծանոթ խաղային տրամադրություններ էր հաղորդում մարդկանց, բայց տարիների ընթացքում, որքան դանդաղ Հայաստանում ավելացավ ինտերնետի արագությունը, այնքան տարածվեց նաեւ օնլայն խաղերը հայ հասարակության մեջ: Այսօր քիչ թե շատ «շարիկ» եւ «կարտ» խաղացող հայերն աստիճանաբար տեղափոխվում են մեծամասշտաբ օնլայն խաղեր, որոնք իրենց ծավալների պատճառով միաժամանակ տեղադրված են մի քանի գերհզոր խաղային սերվերների վրա: Այդ խաղերը ֆեյսբուքյան եւ գույնզգույն ինտերֆեյսերով խաղերից տարբերվում են իրենց գորշ գույներով եւ վիշապազարդ ձեւավորումով: Միլիոնավոր խաղացողների թվում են նաև հայերը, ովքեր հիմնականում ապրում են Հայաստանում եւ հետխորհրդային տարածքում: Նման խաղերում սովորաբար մարդկային երկու ռասաներ են հանդիպում. մի կողմում մարդիկ են, մյուս կողմում` վայրենիներ, որոնք միմյանցից մարդկային կամ վայրի ինչ-որ առանձնահատկություններով գրեթե չեն տարբերվում: Այս երկու ռասաները բաղկացած են մանր կլաններից: Խաղային հերոսները մարդանման անճոռնի կենդանիներ են` զինված պողպատե, թունավոր եւ մոգական ձեռքի զենքերով, որը ձեռք են բերում խաղի ընթացքում աշխատած փողերով եւ ռեալ փողեր ներդնելով: Իրական խաղացողը, մոլագարի պես տարված խաղի գրավչությամբ, հիմնականում երեք գործողություն է կատարում. մենամարտում է, որն ավարտվում է մի խաղացողի մահով, դաժան նոկաուտով, տրավմայով, ճակատամարտում է, որն ավարտվում է կլանի հաղթանակով, ինչպես նաեւ զբաղվում է իր մասնագիտությամբ. հիմնականում առկա է երկրաբան-հետախույզի մասնագիտությունը: Հայ իրական խաղացողները, որպես օրինաչափություն, պահում են մի քանի վիրտուալ հերոս-խաղացողներ` տարբեր անուններով, որոնց աշխատած գումարները փոխանցվում են մեկ հիմնական վիրտուալ խաղացողի հաշվին: Այդ հիմնական խաղացողը` չաղ, կոտոշներով, սաղավարտով, թանկարժեք քարերով եւ թունավոր զենքերով զինված «անասունի մեկն է» եւ խաղում ընկալվում է որպես «օլիգարխ»: Որոշ հայ «օլիգարխներ» անգամ իրենց բանկային հաշիվներից են խաղի կազմակերպիչների հաշվին դոլարներ ուղարկում աճ գրանցելու եւ էլ ավելի սարսափազդու դառնալու համար: Խաղացողները, բացի ուրիշ խաղացող սպանելուց, նաեւ կատարում են հանձնարարություններ, պառկում են հիվանդանոցում, եթե վնասվածք են ստանում (ինչը նշանակում է, որ ռեալ ժամանակում ժամանակավորապես չեն կարող խաղալ), եկեղեցի են գնում վերակենդանանալու համար: Հանձնարարությունները տալիս են խաղի լռակյաց եւ անխոցելի դաշտերի եւ քաղաքների «նայողները», որոնց հանձնարարությունը կատարելուց հետո խաղացողը իրեն սարսափազդու դարձնելը շարունակելու «դաբրո» է ստանում: Մի պահ, փորձում ես հասկանալ, թե ինչու են հայերին ձգում նմանատիպ օնլայն խաղերը: Հետո` հարց ես տալիս, խաղն արդյոք տարբերվո՞ւմ է այսօրվա իրական Հայաստանից: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ մի կլանը չի մեղադրում մյուս կլանին: Ոչ մեկը չի ասում, որ ինքը երրորդ սուրբ կլանից է, որը մտածում է ժողովրդի փրկության մասին: Խաղը հայերին հավանաբար ձգում է, քանի որ բոլորը կարող են ամենակարող օլիգարխներ եւ գեներալներ դառնան: Իսկ եթե վատ խաղի պատճառով չկարողանան շարունակել իրենց գոյությունը, իրական կյանքում դաժանաբար չեն ոչնչացվի, սպանություններն էլ չեն կոծկվի. նրանք կարող են պարզապես փակել բրաուզերները եւ մի քիչ ավելի շատ հիստերիկ վիճակով իրական Հայաստանում ապրել` կա'մ իշխանական, կա'մ ընդդիմադիր, կա'մ Եհովայի վկա լինելով: Կամ էլ` խառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter