Ազատականացվել է ավտոմեքենաների տեխզննություն իրականացնող կայանների գործունեությունը
Իր հերթական որոշմամբ այսօրվա նիստում կառավարությունն ազատականացրել է ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեությունը` հնարավորություն տալով դրանով զբաղվել նման ցանկություն հայտնած կազմակերպություններին։ Տրանսպորտային միջոցների սեփականատերերը նույնպես ունենում են իրենց նախընտրած կայան դիմելու հնարավորություն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ընդունված որոշումը շոշափում է հազարավոր մարդկանց շահերը, և այն պետք է ԶԼՄ-ների միջոցով հասցվի բոլոր հետաքրքրվողներին։
«Նախկինում սահմանված էր, որ տեխզննության կայանը պետք է սպասարկի կոնկրետ տարածք։ Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր մարդ կարող է ավտոմեքենայի տեխզննում իրականացնել ցանկացած վայրում»,- կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։
Ըստ Մանուկ Վարդանյանի, այսօր հանրապետությունում գործում են սահմանափակ քանակությամբ` 31 տեխզննման կայաններ, սակայն անհրաժեշություն կա դրանց քանակն ավելացնել։
«Կան մարզեր որտեղ ընդամենը մեկ կամ երկու տեխզննման կայան կա։ Մասնավորապես, Վայոց ձորի մարզում գործում է միայն մեկը, իսկ դա նշանակում է, որ մարդիկ հերթերի գոյացման պատճառով ստիպված պետք է լինեն այլ մարզեր այցելել»,-ասել է Մանուկ Վարդանյանը։ Ըստ նրա` կայանների թվի ավելացմամբ կհեշտացվեն ավտոմեքենաների տեխզննման գործընթացը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել