HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

10-ամսյա պայքարը` անիմա՞ստ

ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը դեկտեմբերի 3-ին կայացած նախնական դատական նիստում հուսով էր, որ վերջին նախնական նիստն է լինելու, եւ կսկսվի դատաքննության փուլը:

Հիշեցնենք, որ արդեն 10 ամիս է, ինչ շարունակվում է «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 բաժնետերերի հայցադիմումի քննությունը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հետ` 2 բաժնետերերի մասնակցությամբ կնքած առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: 2007 թ. մայիսի 11-ին գործարանը` շենք-շինություններով, դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասով վաճառվել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությանը` 106 մլն 650 հազար դրամով: Առքուվաճառքի մասին 15 բաժնետերերից 13-ը տեղյակ չեն եղել: Միայն դատարանում է պարզվել, որ ընկերության բաժնետերերը ոչ թե 15, այլ 2 հոգի են` ամուսիններ Արամայիս ու Լարիսա Լալազարյանները: 

Նախորդ նիստում հայցվոր կողմը ՌԴ-ում գտնվող ընկերության գործադիր տնօրեն Արամայիս Լալազարյանից պահանջել էր ներկայացնել գործարանի գրանցամատյանն ու ռեեստրը: Սակայն, պատասխանողը նամակով նշել էր, որ իր ձեռքի տակ չկան նման փաստաթղթեր: Ավելին, նա նշել էր, որ ինքը վստահել է գործարանի այն ժամանակվա գլխավոր ճարտարագետ, այժմ հայցվոր բաժնետեր Միշա Ղուկասյանին, ով էլ, որպես գործադիր տնօրեն, տիրապետել է անհրաժեշտ փաստաթղթերին: Հետագայում Արամայիս Լալազարյանը գտնվել է անազատության մեջ ու տեղյակ չէ, թե ինչ է կատարվել: «Նույնիսկ իմ աշխատանքային գրքույկը չկա ու, ըստ Մ. Ղուկասյանի, կորել է»,- նշված է նամակում: 

Բաժնետերերը դժգոհ էին Ա. Լալազարյանի պատասխանից ու նշեցին, որ նամակում բերված բոլոր փաստերը կեղծ ու գունեղ հեքիաթներ են: Այնուամենայնիվ, դատական նիստի ժամանակ հայցվորների շահերի պաշտպան Արշավիր Խալափյանը հայտարարեց, որ փոխում են հայցի առարկան ու համապատասխան գերատեսչությունից պահանջում են բաժնետերերի հավաստագրերը:

Դատավոր Անահիտ Թումանյանը ձեռնամուխ եղավ միջնորդության քննարկմանը, բայց Արշավիր Խալափյանը նոր հայտարարություն արեց այն մասին, որ մինչ դատաքննության փուլին անցնելը հրաժարվում են առքուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու հայցից: Նախքան որոշում կայացնելը դատավորը հիշեցրեց, որ բաժնետերերը նման լիազորություն չեն տվել ներկայացուցչին, ու 11 բաժնետերերն իրենք պետք է դատարանին այդ մասին տեղեկացնեն կամ էլ նոր լիազորություն տան Արաշվիր Խալափյանին:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը դատարանից 5 րոպե ընդմիջում խնդրեց` բաժնետերերի հետ հարցը քննարկելու եւ վերջնական որոշում կայացնելու համար: Հենց դատարանի դահլիճում նրանց որոշումն արդեն պատրաստ էր, ու 2 րոպե անց Արշավիր Խալափյանը խնդրեց, որ նիստը հետաձգեն մինչեւ բաժնետերերի համաձայնությունը ստանալը: Սա էլ իր հերթին բողոք ու հեգնանք առաջացրեց պատասխանողի ներկայացուցիչ Յուրա Բալասանյանի մոտ: 

Այդ պահին տեղի տվեցին դատավարությանը ներկա բաժնետեր Լիանա Մկրտչյանի նյարդերն ու նա, խախտելով կարգը, հենց տեղից պատասխանեց Յ. Բալասանյանին: Դատավորի նախազգուշացումից հետո Լ. Մկրտչյանը ներողություն խնդրեց, բայցեւ ավարտեց իր միտքը: Դատավոր Անահիտ Թումանյանը ստիպված էր խնդրել նրան ազատել դատարանի դահլիճը: Իրավիճակը հանդարտվելուց հետո միջնորդություն ներկայացրեց երրորդ կողմի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության ներկայացուցիչը` փաստաբան Աշոտ Վալեջյանը:

Վերջինս մայրաքաղաքից է ժամանում ու մասնակցում դատական նիստերին ու, թերեւս, դա էլ նպաստեց, որպեսզի դատարանին միջնորդի արագացված դատաքննություն անցկացնել: Դատավոր Անահիտ Թումանյանը մերժեց արագ դատաքննություն անցկացնելու միջնորդությունը: Ի վերջո, ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանը այս անգամ էլ հարգեց հայցվոր կողմին ու դատական հերթական նիստը նշանակեց ուրբաթ` դեկտեմբերի 5-ին: 

Իսկ արդեն ուրբաթ դատարան չէր ներկայացել եւ ոչ մի բաժնետեր: Նրանց շահերի պաշտպանը դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, որով հայցվորները հրաժարվում էին հայցից: Դատավորին խորհրդակցական սենյակ մտնելուց ու վճիռը հրապարակելուց բացի այլ բան չէր մնում, ու Անահիտ Թումանյանը կես ժամ ընդմիջում հայտարարեց: «Հանուն Հայաստանի Հանրապետությանգ.» վճիռը, չգիտես ինչու, չցանկացան լսել պատասխանողի փաստաբան Յու. Բալասանյանն ու Կապանի Տարածքային նոտար Վիենա Հայրապետյանը, ով որպես երրոդ կողմ էր ներգրավվել գործում: Վճռի հրապարակմանը ներկա էր 11 բաժնետերերի շահերի պաշտպանը, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 2 ներկայացուցիչներն ու լրագրողները: Ղեկավարվելով Քաղ. դատ. օրենսգրքի 101,110, 130-137 հոդվածներով` ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանը` դատավոր Անահիտ Թումանյանի նախագահությամբ, վռեց կարճել «քաղաքացիական սույն գործը` հայցից հրաժարվելու հիմքով»: 

Գործող օրենսդրությունը չի թույլատրում նույն հայցի պահանջով երկրորդ անգամ մտնել դատարան: Սակայն, եթե հայցից հրաժարվում ես մինչեւ դատաքննությունը սկսվելը` նախնական դատական նիստերում, ապա նույն պահանջով երկրորդ անգամ կարող ես մտնել դատարան: Մեր ունեցած տեղեկություններով` 11 բաժնետերերը մտադիր են հետագայում որոշ փաստեր ճշտելուց հետո նորից դիմել դատական ատյաններին, մանավանդ, որ եկող տարի նորից փոխվելու է դատարանների կառուցվածքը: Թերեւս, զարմանալին այն է, թե ինչու նրանք այսքան ձգձգեցին դատավարությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter