HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ...

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ խմբակցությունը տարակուսած է ՀՀ դատախազության մամուլի ծառայության տարածած մամլո հաղորդագրության անճշտությունների եւ գնահատականների կապակցությամբ: Գեղարքունիքի մարզի 5 համայնքների բնակիչների` 2010թ. հուլիսի 19-ի բողոքի ակցիայի գործով իրականացված նախաքննությանը եւ դրա վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված «Ժառանգություն» խմբակցության օգոստոսի 25-ի պաշտոնական նամակին վերաբերող մամլո հաղորդագրությունը, որ տեղադրված է ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում, էապես տարբերվում է օգոստոսի 26-ի տպագիր մամուլում տարածվածից: Դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության թե’ վերնագրում, թե’ վերջաբանում տեղեկացվում է, որ հիշյալ բողոքի ակցիայի կապակցությամբ «նյութերի նախապատրստման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է» (http://www.genproc.am/am/49/item/6353/): Մինչդեռ տպագիր մամուլով տարածված հաղորդագրության մեջ հայտնվում է, թե «նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունի բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է» (օրինակ, «Հայոց Աշխարհ», «Առավոտ» 26 օգոստոսի, 2010թ.): «Ժառանգություն» խմբակցությունը կարծում է, որ որեւէ հարցով, առավել եւս` հասարակական նման հնչեղություն ունեցող գործով հաղորդագրություն տարածելուց առաջ կարելի էր ոստիկանությունից ճշտել այդ գործի առթիվ կայացված վերջնական որոշումը, այնուհետեւ ստուգել կայքէջում եւ լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունների նույնությունը եւ զերծ մնալ հանրությանը միմյանց հակասող տեղեկություններ փոխանցելուց: «Ժառանգություն» խմբակցությունը ուզում է հավատալ, որ ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունը ճշմարիտն է, եւ հույս ունի, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումից հետո իրենց սահմանադրական իրավունքն իրականացրած մեր համաքաղաքացիները, ապօրինի թե օրինական եղանակներով, չեն հրավիրվի ոստիկանություն եւ չեն ենթարկվի քննիչների տարատեսակ հոգեբանական ճնշումներին կամ հարցաքննություններին: Սակայն, հարգելով հանրության` ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբակցությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազին ուղղված նամակը բաց նամակ կամ հայտարարություն չէ, ինչպես այն որակել է դատախազության մամուլի ծառայությունը: Այն պաշտոնական նամակ է, որը ԱԺ համապատասխան ծառայությունով ՀՀ Գլխավոր դատախազին ուղարկելուն զուգընթաց հրապարակվել է լրատվամիջոցներով` հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը: Իսկ նման պաշտոնական գրությունները «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ենթադրում են պաշտոնական պատասխան, որը կարող է ուղեկցվել մամուլի հաղորդագրություններով: Այն նաեւ «իբրեւ թե հանցագործության մասին հաղորդում չէ», ինչպես անվանել է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը, այլ հաղորդում է կայացած հանցագործության մասին, որը հաստատվել եւ «ապօրինի» որակումն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողովի կողմից: Մեր կարծիքով` սույն գործով էական է բացահայտել, թե Հայաստանի Հանրապետությունում այդ ո՞վ կարող է ինքնագլուխ որոշել փոխել գետերի հունը, մեծածավալ ապօրինի շինարարություն իրականացնել պետական բազմապիսի վերահսկիչ եւ տեսչական մարմինների ամենասուր հայացքի ներքո, միանձնյա որոշում կայացնել 5 գյուղերի բնակիչներին ջրի աղբյուրից զրկելու մասին, մնալ ոչ միայն անպատիժ, այլեւ` անհայտ: «Ժառանգություն» խմբակցությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված նամակի բոլոր փաստերը եւ ձեւակերպումները վերցված են լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններից, ինչը հենց խմբակցությունն ինքն է նշել իր նամակում` անգամ թվարկելով դա արտատպած ԶԼՄ-ների անվանումները: Փույթ չէ, որ ՀՀ դատախազությունը դա համարում է խմբակցության պատգամավորների տեղյակ չլինելու արդյունք եւ նամակի միակ «վրիպակը». իբրեւ օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված պաշտոնական գրության ճշգրտում` «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է նամակում տեղ գտած «դատախազության քննիչ» ձեւակերպման փոխարեն հետայսու կարդալ «քննիչ»: Նամակում բարձրացված մնացյալ հարցադրումները մնում են ուժի մեջ, եւ «Ժառանգությունը» սպասում է նաեւ դրանում հիշատակված երկու քննիչների անօրինական գործողությունների կապակցությամբ հետաքննության իրականացում: «Ժառանգության» լրատվական ծառայություն Հ. Գ. Ի դեպ, տպագիր թերթերի օգոստոսի 26-ի թողարկումներում այս գործով քննությունն իրականացնող քննիչի պարզաբանումները լավագույնս ապացուցում են, որ նրանց գործողությունները եւ մեկնաբանությունները ամենեւին գործող օրենսդրության դաշտում չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter