«Գլենդել Հիլզը» գործողությունների ուղեցույց, Գյումրու քաղաքապետն էլ հանձնաժողով է ստեղծել
«Գլենդել Հիլզը» Գյումրու «Մուշ-2» նորակառույց թաղամասի բնակիչների բարձրացրած հարցերի լուծման նպատակով գործողությունների իրականացման հերթականության ուղեցույց է հրապարակել, իսկ Գյումրու քաղաքապետն էլ թաղամասի բնակեցմանը խոչընդոտող խնդիրների ուսումնասիրման նպատակով` փոխքաղաքապետի ղեկավարությամբ հանձնաժողով ստեղծել:
Նշենք, որ այդ քայլերը ձեռնարկվեցին այն ժամանակ, երբ «Շիրակ կենտրոնը» Գյումրու «Մուշ-2» նորակառույց թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու խնդրի մասին դիմում-ուղերձ հղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին:
Նորակառույց թաղամասի բնակեցման գործընթացում ի հայտ եկած զգալի խոչընդոտների վերացման անհրաժեշտության մասին դիմում-ուղերձում մասնավորապես ասվում էր. «Շիրակին առանձնահատուկ մոտալուտ ցրտաշունչ ձմռանը նորակառույց թաղամասն առավել դժվար, եթե չասենք` գրեթե անհնար կլինի բնակեցնելը, իսկ ձմռանը նորակառույց բնակարաններն առանց բնակեցման թողնելն իր հերթին կբերի ծանր հետևանքներ: Ուստի բնակարան ստացած ընտանիքների` տնակներից նոր բնակարաններ տեղափոխումն արագացնելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է հրատապ լուծել հետևյալ խնդիրները.
1. Բնակարաններն ապահովել անխափան ջրամատակարարմամբ:
2. Կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ»-ին պետք է պարտադրել, որ վերջիններս տրամադրեն շինարարական բավարար աշխատուժ և նորակառույց բնակելի շենքերում առկա թերություններն ու բացթողումները կարճ ժամանակամիջոցում վերացնեն:
3. Գյումրու քաղաքապետարանն էլ պետք է նորակառույց թաղամասը քաղաքի կենտրոնին կապող նոր երթուղային` ավտոբուսային միջոցներով ապահովի»:
Ի դեպ, երկու օր է, ինչ «Մուշ-2» թաղամասում նկատվում է աշխուժություն. իրականացվում են շինարարական խոտանի վերացման, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգերի միացման աշխատանքներ: Մարզային հեռուստատեսություններով էլ պարբերաբար հեռարձակվում են «Գլենդել Հիլզի» գործողությունների իրականացման ուղեցույցի և Գյումրու քաղաքապետի ստեղծած հանձնաժողովի մասին հայտարարությունները` բողոքներ ունեցող բնակիչներին հորդորելով դիմել իրենց:
Առիթն օգտագոծելով` Գյումրու քաղաքապետարանի նորաստեղծ հանձնաժողովին ՏԻՄ-ի լիազորությունների մեջ մտնող և բնակարանամուտի արագացմանը նպաստող երկու առաջարկություն էլ մենք մեր կողմից ենք ներկայացնում: Բնակբաշխման այս փուլով բնակարաններ ստացան նաև հարյուրավոր միայնակ ծեր, հաշմանդամ քաղաքացիներ, բազմանդամ, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներ, որոնց համար ոչ միայն բնակության անհրաժեշտ պայմանների ինքնուրույն ապահովումն է անմատչելի, այլ նաև դժվար է ժամանակավոր կացարաններից սեփական ուժերով տնային իրերի տեղափոխումը նոր բնակարաններ, ուստի առաջարկում ենք.
1.անապահով ընանիքներին տնակներից նոր բնակարաններ տեղափոխվելու խնդրում աջակցություն ցուցաբերել: Անշուշտ, տեղին կլիներ, եթե Գյումրիում գործող բուհերի ղեկավարները ևս հորդորեին իրենց ուսանողներին, որ նրանք օգնեին միայնակ ծերերի տնային իրերի տեղափոխմանը:
2. «Մուշ-2» թաղամասը քաղաքի կենտրոնին կապող երթուղային տաքսիներից բացի, գործարքել նաև ավտոբուսային երթուղի: Առաջին մեկ-երկու ամիսը նորակառույց բնակարաններ տեղափոխվող բնակիչներին այդ ավտոբուսներով սպասարկել անվճար:
Վերջում ուզում ենք վստահեցնել, որ այսուհետ ևս հետամուտ կլինենք, որպեսզի «Մուշ-2» թաղամասում տիրող վիճակի մասին տեղեկատվությունը դառնա հանրության սեփականությունը:
«Շիրակ կենտրոն»ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել