Հայաստանի դպրոցականներին աջակցությունը շարունակվում է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը մարզային դպրոցներին ցուցաբերվող սոցիալական ծրագրերի շրջանակներում օգոստոսի 24-26-ը եղել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մանկական գեղարվեստի, Լոռու մարզի Արծնի, Ձորամուտ համայնքների դպրոցներում, որտեղ 180 աշակերտ ստացել է շուրջ 2,5 մլն դրամ արժողությամբ դպրոցական անհրաժեշտ պարագաներ:
Շնորհիվ Հիմնադրամի Բրիտանիայի տեղական մարմնի` ի դեմս ատենապետ Արմինե Կարապետիի, վերջին տասը տարիների ընթացքում սոցիալական աջակցության այս ձեռնարկն ունեցել է ավելի քան 1800 աշակերտ-շահառու` Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում:
«Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին զուգահեռ, շարունակաբար աջակցության ծրագրեր է իրականացնում մարզային դպրոցներում: Հուսով եմ` նմանօրինակ ձեռնարկները նոր ուսումնական տարվա նախաշեմին թեթեւացնում են ծնողների հոգսը»,- հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` նվերները հանձնելիս ասել է Անահիտ Ղազարյանը, ով Հայաստան էր ժամանել միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Շնորհակալական խոսքով հանդես են եկել ծնողները, ուսուցիչները, տնօրենները, ինչպես նաեւ համայնքի ղեկավարները: Իսկ աշակերտներն իրենց երախտագիտությունն արտահայտել են երգի, ասմունքի գեղեցիկ կատարումներով եւ իրենց իսկ ձեռքով պատրաստած նվերներով: Իր նկարների մասին գովեստի խոսքեր լսելով` Թալինի մանկական գեղարվեստի դպրոցի իննամյա սան Սոնան ամոթխած ժպիտով ասել է. «Շատ եմ ուզում հայտնի նկարիչ դառնալ»:
Ձորամուտի բնակիչ, երեք դպրոցահասակ երեխաների մայր Աղավնի Չափանյանը կսկիծով նշել է, որ լինում է եւ այնպես, երբ դպրոցականները խուսափում են դպրոց հաճախել դպրոցական պիտույքներ չունենալու պատճառով:
«Այս հեռավոր գյուղերի բնակիչների համար շատ կարեւոր է անգամ ամենափոքր ուշադրությունը»,- կարծիք է հայտնել ծրագրի պատասխանատու Մարիամ Զենջիրջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել