HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետը լիահույս է. հիմքեր կա՞ն

Լոռու մարզի Թեղուտ համայնքի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը «Հետքին» փոխանցեց, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արդյունաբական հողերի վերածելու նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի բյուջեին վճարվել է 117 մլն դրամ: «Վերոնշյալ գումարից 15 մլն դրամը տրվել է 2008-ի ապրիլին, որով համայնքում տարբեր ծրագրեր ենք իրականացրել: Դա օգտագործել ենք գյուղի փողոցային լուսավորության, ջրատարների և գյուղապետարանի շենքի վերանորոգման նպատակով: Նաև գույք ենք ձեռք բերել մանկապարտեզի, մշակույթի տան և գյուղապետարանի համար: Այս ծախսերին գումարվել է նաև օտարված հողերից մի 6 մլն դրամը»,- պարզաբանում է գյուղապետը: Աժ Վերահսկիչ պալատի անցյալ տարվա հունիս-հուլիս ամիսների ստուգումներից հետո պարզվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքապետարանին գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արդյունաբերության հողերի վերածելու հետ կապված պակաս է վճարել 86 մլն դրամ: «Ընկերությունը 2010-ին վճարել է նաև այդ գումարը: Հիմա այս գումարներից ավագանու որոշմամբ 57 մլն դրամ ուղղել ենք համայնքում մանկապարտեզի նոր շենք կառուցելուն, որի շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Վերջինիս նախահաշվային փաստաթղթերը պատրաստված են: Մանկապարտեզի շենքը 240 մ ընդհանուր մակերես ունի: Շենքը միահարկի է լինելու»,- տեղեկացնում է համայնքապետ Մելիքսեթյանը: Թեղուտի մանկապարտեզը ներկայումս զբաղեցնում է գյուղի դպրոցի նախկին շենքը: Այն կառուցվել է անցյայ դարի 30-ական թվականներին: Գյուղապետի հավաստմամբ` միահարկ շենքը տեխնիկապես ամուր է, սակայն չի համապատասխանում մանկապարտեզային շենքի պահանջներին: Պարզվում է` դպրոցի հին շենքը  կառուցվել է գյուղի Մանստև եկեղեցու սրբատաշ քարերով: «Մանկապարտեզի նոր շենքի շահագործումից հետո հին շենքը չենք քանդի, թեև, եթե քանդեինք, լավ կլիներ. եկեղեցու քարերը կտեղափոխեինք եկեղեցի: Ավագանու հետ համաձայնության ենք եկել, որ շենքն օգտագործենք որպես հանդիսությունների տուն»,- ասում է Հարություն Մելիքսեթյանը: Թեղուտի մանկապարտեզը շոգ եղանակի պատճառով ներկայումս չի գործում, բայց սեպտեմբերի 1-ից կաշխատի: Մանկապարտեզն այժմ ունի 15 երեխա: Գյուղապետի խոսքերով` հենց նրանց համար էլ կառուցվել է նոր շանքը, որովհետեւ գործողի ներքին հարմարությունները վատն են. «Բացի այդ, մենք մանկապարտեզի շենքը կառուցելիս մի քիչ հեռուն ենք նայում, քանի որ 2004-2005թթ.-ից սկսած` ամեն տարի գյուղի ծնունդների թիվը գերազանցում է 15-ը: Այսինքն, եթե մենք 2 տարիքային խումբ ենք բացում մանկապարտեզում, ռեալ ունենում ենք 35-40 երեխայի հաճախում»: Թեղուտի համայնքապետն ասում է, որ կառուցվող մանկապարտեզի շենքի տարածքում կա 1900 քմ հողատարածք, ուր նախատեսվում է կառուցել երեխաների խաղահրապարակ: Մանկապարտեզի շինարարությունն իրականացնելու մրցույթը հաղթել է Վանաձորի «Պրիզմա-Վան» շինարարական կազմակերպությունը: Շինաշխատանքները պետք է սկսվեին մայիսին, սակայն մեկնարկել են մեկ ամիս ուշ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել եկող տարվա փետրվարին: Հ. Մելիքսեթյանը նաև նշում է, որ հողատարածքի նշանակության փոփոխության արդյունքում վճարված գումարներից մնացել է 40 մլն դրամ, որը կօգտագործեն գյուղի գազաֆիկացման համար. «Նախագծային աշխատանքներն արդեն կատարվում են: Նախահաշվային արժեքը շատ մեծ գումար է կազմում` շուրջ 450 մլն դրամ, քանի որ 18 կմ հեռավորությունից է կառուցվելու մեր գազատարը: Այդ գումարը, բնականաբար, մենք չունենք: Բայց այդ նույն գազատարից օգտվելու է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն, և մենք նրանց հետ ակտիվ բանակցություններ ենք վարում: Գազատարի  ֆինանսավորման դեպքում, բնականաբար, անհրաժեշտ գումարի առյուծի բաժինը կդնեն իրենք: Մեր հնարավորություններով էլ` մենք կմասնակցենք»: Թեղուտի 400 հա վարելահողերից հանքավայրի շահագործման նպատակով 55,5 հեկտարն օտարվել է«Թեղուտ» ՓԲԸ-ին: Մնացածի վերաբերյալ գյուղապետ Մելիքսեթյանն ասում է. ««Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանք ունեցող մարդիկ գուղատնտեսությամբ գրեթե չեն զբաղվում: Ցավալի է, բայց շատ քչերն են զբաղվում: Նրանք մշակում են տնամերձ հողամասերը, իսկ վարելահողերը և խոտահարքները, կարելի է ասել` անուշադրության են մատնված»: Գյուղում նվազել է նաև խոշոր եղջրավոր անասունների քանակը` հասնելով 180 գլխի: Ոչխարների թիվը մոտ 150 է: Ժանտախտի վերջին վարակից հետո գյուղում այլեւս խոզ չեն պահում: Թեղուտցիների մեծ մասը վաճառել են անասուները, եւ գյուղն աստիճանաբար փոխում է կարգավիճակը` վերածվելով արդյունաբերական ավանի: Այս տարի համայնքի բյուջեն պլանավորվել է 14,3 մլն դրամ: «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի հաշվին 86 մլն դրամ փոխանցելուց հետո, բյուջեի մուտքերը կազմել են 97,1 մլն դրամ: Գյուղապետ Մելիքսեթյանի ներկայացմամբ` գյուղատնտեսական նշանակության հողահարկի հավաքագրման խնդիրներ չեն ունենում. աշխատանք ունեցող թեղուտցիները բարեխղճորեն վճարում են հողի հարկերը: Սակայն իրականում գյուղատնտեսական նշանակության հողերի հարկերի հավաքագրումը, հակառակ գյուղապետի հավաստիացումների, վատ է կատարվել: Պլանավորված 1,7 մլն դրամի փոխարեն հավաքագրումն օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 521 հազար դրամ, ինչը նախատեսված եկամուտների 30 տոկոսն է: Իսկ գույքահարկի հավաքագրումը 1 մլն դրամի փոխարեն կազմել է 178 հազար դրամ: Այս թվերը, ըստ էության, բավական խոսուն է: Սակայն գյուղապետ Մելիքսեթյանը հույս ունի, որ մինչև տարեվերջ 90%-ով կկատարեն սեփական հարկերի հավաքագրումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter