HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Խորհրդարանը շրջանցելու՞, թե՞ արտաքին ճնշումներին դիմակայելու միջոց

Ինչու՞ է հապճեպորեն փոխվում «Հանրաքվեի մասին» օրենքը

«Հանրաքվեի մասին» օրենքում առաջին ընթերցմամբ կատարված այն փոփոխությունը, համաձայն որի երկրի համար կարեւորագույն հարցերի կապակցությամբ հասարակական կարծիքը ստանալու նպատակով հանրաքվե նախաձեռնելու իրավունք ստացավ նաեւ կառավարությունը, արտառոց էր մի քանի առումներով։

Նախ՝ ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ընդամենը խորհրդապահական բնույթի միջոցառմանը, որն այնքան էլ չի տեղավորվում «հանրաքվե» հասկացության շրջանակներում։ Բանն այն է, որ Սահմանադրությամբ հանրաքվեով դրված հարցերի վերաբերյալ ժողովրդի քվեարկության արդյունքները իմպերատիվ բնույթ ունեն՝ ենթակա են պարտադիր կատարման։ Որքանո՞վ կարող է ըստ էության համաժողովրդական հարցումը հանրաքվե համարվել, թերեւս, Սահմանադրական դատարանի որոշելիք հարցն է։

Եթե նկատի ունենանք, որ «Ժառանգություն» խմբակցությունը ողջ կազմով եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը դեմ քվեարկեցին այս օրենսդրական նախաձեռնությանը, ապա պետք է սպասել, որ նրանք կդիմեն ՍԴ՝ վիճարկելով փոփոխության համապատասխանությունը երկրի հիմնական օրենքին։ 

Մյուս կողմից` հարց է առաջանում՝ ինչու՞ հենց կառավարությանն է վերապահվում այսպիսի հանրաքվե անցկացնելու իրավունքը այն դեպքում, երբ թե՛ Սահմանադրությամբ, թե՛, բնականաբար, «Հանրաքվեի մասին» օրենքով, նման նախաձեռնության իրավունք ունեն միայն ՀՀ նախագահը եւ Ազգային ժողովը։

Ընդ որում` ընտրվել է այնպիսի մեխանիզմ, որ որեւէ հանրաքվեի անցկացման համար պատասխանատվությունը հավասարապես կիսեն թե՛ Նախագահը, եւ թե՛ խորհրդարանը։ Կառավարության դերն այս ամենում ընդամենը հանրաքվե անցկացնելու մասին ընդունված այդ քաղաքական որոշումը կյանքի կոչելու մեջ էր։

Թեեւ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախագծին կողմ քվեարկած որեւէ պատգամավոր այդպես էլ չբացատրեց՝ ինչու՞ է հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակ հետապնդող հանրաքվե անցկացնելու իրավասությունը տրվում գործադիրին: Սակայն տրամաբանական, իրատեսական երեք հնարավոր պատճառ է ուրվագծվում։ 

Առաջին՝ կառավարության դերը կառավարման համակարգում նույնիսկ խորհրդարանից վեր դասելը, վերջինիս վրա ճնշում գործադրելու մի նոր լծակ դնելը։ Այս իրողությունը հասկանալու համար պետք է ընդամենը մի շատ կոնկրետ հարցի պատասխան տալ. կառավարությունն ինչպե՞ս է կիրառելու կամ օգտագործելու այսպիսի հանրաքվեների միջոցով ստացված արդյունքները։

Եթե դրա արդյունքում մշակվելու են օրենքների նախագծեր, ապա դրանք պետք է ներկայացվեն Խորհրդարանին՝ ընդունվելու համար. այդպես է պահանջում Սահմանադրությունը։ Իսկ այդպիսի դեպքերում Աժ-ն ընդհանրապես որեւէ շանս չունի դրանք չընդունելու, որովհետեւ գործադիրը հանրաքվեի արդյունքները ազատորեն խոթելու է նրա քիթը։ Իսկ եթե ընդունվելու են կառավարության որոշումներ, ապա ստացվում է, որ խորհրդարանը կրկին հայտնվում է անմեղսունակի դերում, որովհետեւ այս ճանապարհով կառավարությունը հնարավորություն է ստանում շրջանցելու խորհրդարանը։

Գոնե տեսկանորեն հնարավո՞ր է, օրինակ, այսպիսի իրավիճակ. որեւէ քաղաքական խնդիր լուծելու համար, երբ ԱԺ-ում առկա է քաղաքական ուժերի հարմար հարաբերակցություն, եւ հարցը խորհրդարանով անցկացնելը հղի է դրա տապալմամբ, կառավարությունը որոշի նման հանրաքվեի միջոցով ստանալ իրեն անհրաժեշտ արդյունքները եւ դրանց հիման վրա ընդունված համապատասխան որոշումներով իրականացնի դրված նպատակը։ Իհարկե, հնարավոր է: Այսինքն` այսպես թե այնպես, խորհրդարանին պարտադրվում է ցանկացած դեպքում ընդունել կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը, հակառակ դեպքում՝ հանրաքվեն կա ու կա։ 

Երկրորդ՝ շատ հնարավոր է, որ սա ուղղակի պատասխանատվությունը կառավարության վրա դնելու, այսինքն` գործադիրին «քավության նոխազ» դարձնելու նոր հնարավորության ստեղծում է։ Սա այն դեպքն է, որը կարող է կապ ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ։ Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. կառավարությունը հանրաքվեի է ներկայացնում, օրինակ, ԼՂՀ-ի հարակից, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները հանձնելու խնդիրը եւ «հայկական տարբերակի» օգնությամբ ստանում է հանրության դրական կարծիքը։

Ի՞նչ է լինում դրանից հետո. ստորագրվում է համաձայնության պայմանագիրը, եւ սկսվում է դրա կետերի իրագործումը՝ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման քայլով։ Բնականաբար, կամ մինչեւ այդ պայմանագրի ստորագրումը, կամ դրա իրականացման սկզբում ներհասարակական, քաղաքական լուրջ ըմբոստություն է բարձրանում, որի առջեւ իշխանությունը ստիպված է լինելու նահանջել։

Իսկ ո՞րն է նահանջի ամենահեշտ, «անարյուն» տարբերակը. բնականաբար, այդպիսի «խայտառակ» հանրաքվե կազմակերպած կառավարությունը ցրելը, ինչը կարող է անել թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն՝ կառարավության ծրագիրը չհաստատելու միջոցով։ Բնականաբար, այս սխեման կարող է կիրառվել ոչ միայն ԼՂ հարցի կապակցությամբ եւ կարող է իշխանության համար հասարակական կրքերը հանդարտեցնելու լծակ հանդիսանալ։ 

Երրորդ պատճառը, որը ներկայիս պայմաններում առավել իրատեսական է թվում, այն է, որ այսպիսի հանրաքվեի մեխանիզմ ստեղծելով` իշխանությունը, ի դեմս ՀՀ նախագահի, նոր հնարավորություն է ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մանեւրելու եւ միջազգային ուժային կենտրոնների ճնշումներին դիմակայելու համար։ Պատահական չէ, որ, ըստ օրենքում կատարված փոփոխության, արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող հարցերը կառավարությունը հանրաքվեի կարող է դնել միայն ՀՀ նախագահի համաձայնությամբ։

Չի կարելի բացառել, որ բանակցային գործընթացի որեւէ փուլում, թեկուզ ամենամոտ ապագայում, հայկական կողմին փորձ արվի կամ արդեն արվում է պարտադրել լուծման մի տարբերակ, որը առավելապես տեղավորվում է ադրբեջանական շահերի տիրույթում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի արած վերջին հայտարարությունները դրա ուղղակի վկայությունն են։ Ինչ է մնում նախագահին անել այդ դեպքում. միայն հույսը դնել ժողովրդի վրա եւ ասել, որ պատրաստ է ստորագրել այդ պայմանների տակ, եթե ժողովուրդը համաձայն է դրան։ Իսկ ժողովրդի համաձայնությունը կամ անհամաձայնությունը ստանալու համար այսպիսի հանրաքվեի մեխանիզմից առավել արդյունավետ միջոց դժվար էր գտնել։ 

Սա բացարձակապես պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու միջոց չէ, ինչպես շահարկում է արմատական ընդդիմությունը։ Սա առողջ եւ տրամաբանական լուծում է մի նախագահի համար, որի լեգիտիմության հարցը թե՛ ներքաղաքական, եւ թե՛ արտաքին քաղաքական միջավայրում ռիսկային գործոն է։ Բացի դրանից՝ հենց ընդդիմությունն էր պնդում, որ որեւէ լուծում հնարավոր չի լինելու՝ առանց ժողովրդի կամքի առկայության, եւ այսպիսի հանրաքվեն հենց այդ կամքը բացահայտելու միջոց կարող է լինել։

Անշուշտ, դա հայկական կողմին բանակցություններում մանեւրելու հնարավորություն կտա՝ առանց վտանգելու իշխանության ամբողջականությունը եւ շարունակականությունը, այսինքն՝ առանց ներքաղաքական ցնցումներ առաջացնելու։ Սակայն, եթե իսկական նպատակը սա է, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ այդ մասին իշխանությունը չի ասում բացեիբաց։ Մանավանդ, երբ ակնհայտ է, որ այսպես թե այնպես` ընդդիմության կողմից հնչելու էին «պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու» մոտիվներով քննադատություններ, եւ դրանից խուսափել ուղղակի հնարավոր չէր լինելու։ 

Իշխանական ճամբարից այս ընթացքում նաեւ կարծիքներ հնչեցին, որ նույնիսկ եթե այս օրենսդրական փոփոխությունը հենց ԼՂ հիմնահարցի հետ կապված է արվում, ապա դա ողջունելի է, որովհետեւ դրանով միայն ժողովրդի կարծիքն է պարզվելու։ Եթե սա իրական նպատակ է, այլ ոչ միջոց, ինչպես նշվեց երրորդ տարբերակում, ապա խնդրի էությունը բացարձակորեն փոխվում է։ Որովհետեւ մի շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ է անկախություն նվաճած, դե յուրե եւ դե ֆակտո ինքնիշխան հանրապետության ճակատագիրը որոշում Հայաստանի քաղաքացին՝ ինչ տեսակ հանրաքվեով ուզում է լինի։

Սակայն, սա հարցի միայն արտաքին շերտն է։ Եթե խնդիրը համազգային մակարդակով ենք դիտարկում, ինչպես բազմիցս նշել են այս իշխանության ներկայացուցիչները, ապա ինչու՞ է ուսումնասիրվում միայն Հայաստանի ազգաբնակչության կարծիքը։ Իսկ որտե՞ղ մնացին իրենք՝ ղարաբաղցիները, սփյուռքի տարբեր գաղթօջախի ներկայացուցիչները, որոնք համահայկական հանգանակությունների միջոցով ուղղակի մասնակցություն են ունենում Ղարաբաղի շենացման գործում։

Բացի դրանից՝ բացարձակապես անտեսվում է 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂ ազգաբնակչության կողմից հանրաքվեի միջոցով անկախանալու մասին որոշման կայացման փաստը։ Այսինքն` այս մեկնաբանությունը կամ նպատակը շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է ենթադրել առաջին հայացքից։ Դրանից պարզ դեմագոգիայի հոտ է գալիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter